Ձեթի դեպքում 30-40 տոկոս թանկացում եղավ, ալյուրը՝ նույնպես, հացի գինը նույնը մնաց, բայց քաշը պակասեցրեցին. Կարեն Չիլինգարյան

«Թանկացումները սկսվել են նախքան Ամանորը: Պարենային շուկայում առաջին հերթին ձեթը, ալյուրը, հացը, ինչպես նաև շաքարավազը թանկացան: Սա կապված է նրա հետ, որ Ռուսաստանում ևս նշված ապրանքները թանացել էին»,- ասուլիսի ժամանակ ասաց Սպառողների խորհրդատվության կենտրոն ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը՝ ընդգծելով, որ ներկրվող ապրանքը եթե թանկ եկել է, Կառավարությունը ներկրողին կամ վաճառողին չի կարող ստիպել չթանկացնել:

«Մենք ունենք ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (ՏՄՊՊՀ), որը զբաղվում է ապրանքը չհիմնավորված թանկացնելու, որոշ տնտեսվարողների՝ գերշահույթ ստանալու հարցերով: Ինչ վերաբերում է թանկացումներին, ապա ձեթի դեպքում 30-40 տոկոս թանկացում եղավ, ալյուրը՝ նույնպես, պարզապես մեզ մոտ որոշ տնտեսվարողներ խորամանկ ձևով վարվեցին, հացի գինը նույնը մնաց, բայց քաշը պակասեցրեցին: Հացի քաշը նշված էր 310-320 գրամ, բայց կշռեցի՝ տեսա, որ 280-290 գրամ էր: Որոշակի թանկացում եղավ նաև ցիտրուսային ապրանքների դեպքում»,- նշեց Սպառողների խորհրդատվության կենտրոն ՀԿ նախագահը:

Նա ընդգծեց, որ թանկացումների պատճառներից մեկը նաև դրամի արժեզրկումն էր:

«Վերջերս Հանրային հարցերը կարգավորող հանձնաժողովում նիստ եղավ և հաստատվեց էլեկտրաէներգիայի սակագինը: Դա ամեն տարի է լինում: Այս անգամ բաշխվեց այսպես. սպառողների համար սակագինը մնաց նույնը, սակայն, եթե 400 կվտ-ից ավելի է ծախսում սպառողը, ապա 3 դրամ ավելի գնով են հաշվում: Սա հիմնականում վերաբերում է տնտեսվարողներին»,- նշեց կարեն Չիլինգարյանը:

Խոսելով Թուրքիայից ապրանքների ներկրման արգելքի մասին՝ Սպառողների խորհրդատվության կենտրոն ՀԿ նախագահն ասաց, որ իր կարծիքով՝ հիմնականում թուրքական ապրանքը կփոխարինվի ռուսական, չինական կամ պարսկական ապրանքներով:

«Ապրանքներ կան, որ իսկապես կթանկանան: Կենցաղային քիմիան հիմնականում ներկրվում էր Թուրքիայից, իսկ հիմա՝ Ղազախստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից: Գնային առումով գրեթե շեղում չկա, հետագայում, հուսով եմ, ևս չի լինի: Դա կախված է նրանից, թե մեր տնտեսվարողներն ինչպես կաշխատեն, ինչ շուկաներ կհայթայթեն դրսում»,- նշեց նա:

Տեսանյութեր

Լրահոս