ՖԻՖԱ-ն պարզաբանել է Խորվաթիայի՝ 90+13-րդ րոպեին խփած գոլի չեղարկումը
ՖԻՖԱ-ն պաշտոնական հայտարարությամբ պարզաբանել է ԱԱ-2026-ի 1/16 եզրափակիչի Խորվաթիա — Պորտուգալիա (1:2) հանդիպման 90+13-րդ րոպեին խորվաթների խփած գոլի չեղարկման որոշումը՝ աջակցելով նորվեգացի գլխավոր մրցավար Էսպեն Էսկոսի գործողություններին։
Տորոնտոյում կայացած խաղի ավելացված ժամանակում խորվաթ պաշտպան Յոշկո Գվարդիոլը գրավեց մրցակցի դարպասը՝ հավասարեցնելով հաշիվը: Սակայն մրցավարը, դիմելով VAR համակարգի օգնությանը, չեղարկեց գոլը՝ արձանագրելով խաղից դուրս վիճակ: Պարզվել էր, որ գնդակը Գվարդիոլին հասնելուց առաջ Մարիո Պաշալիչը գտնվել է խաղից դուրս վիճակում, իսկ գնդակը նրան էր փոխանցվել հարձակվող Իգոր Մատանովիչի հպումից հետո, որն օդային պայքարի մեջ էր մրցակցի հետ։
«ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակում ներկառուցված Connected Ball Technology համակարգի տվյալների համաձայն՝ հաստատվել է, որ գոլային գրոհի ժամանակ Խորվաթիայի հավաքականի 20 համարի մարզաշապիկով հանդես եկող Իգոր Մատանովիչը հպվել է գնդակին։ Այս տեղեկատվությունը թույլ է տվել մրցավարին ճիշտ արձանագրել խաղից դուրս վիճակն ու չեղարկել դարպասի գրավումը»։
Կազմակերպությունից նաև մանրամասնել են, որ գնդակի ներսում տեղադրված իներցիոն (IMU) տվիչներն ունակ են ֆիքսելու անգամ ամենաաննշան հպումը: Հեռուստահեռարձակման ժամանակ նման դրվագները ցուցադրվում են «սրտի զարկի» տեսքով գրաֆիկական անիմացիայի միջոցով, ինչը մրցավարներին տալիս է գերճշգրիտ տվյալներ՝ օպերատիվ և անսխալ որոշումներ կայացնելու համար:
Հիշեցնենք, որ այս պարտությունից հետո Խորվաթիայի հավաքականը լքեց մրցաշարը 1/16 եզրափակիչի փուլում այն դեպքում, երբ Կատարում կայացած ԱԱ-2022-ում հասել էր կիսաեզրափակիչ, իսկ 2018-ին՝ խաղացել եզրափակիչում։
Ինչ վերաբերում է Պորտուգալիայի հավաքականին, ապա 1/8 եզրափակչում այն կմրցի Իսպանիայի ընտրանու հետ: Պիրենեյան դերբին կկայանա հուլիսի 6-ին ԱՄՆ-ի Դալաս քաղաքում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

