Արտգործնախարարը խայտառակել է Նիկոլ Փաշինյանին

Հայաստանում պետության՝ որպես ինստիտուցիայի բացակայության մասին վկայություններ հանդիպում են գրեթե ամեն օր։ Որևէ հարցում, որևէ բնագավառում չկա պետական միասնական քաղաքականություն․ պետական մի կառույց իր քայլերով հակասում է մեկ այլ գերատեսչության, գրեթե ամեն օր ընդունվում են իրարամերժ իրավական ակտեր։ Բայց եթե այդ ամենը կարելի է պարտակել երկրի ներսում՝ որպես ներքին անիշխանության վկայություն, ապա արտաքին հարաբերություններում նման գործելակերպը հանգեցնում է ուղղակիորեն Հայաստանի՝ առանց այդ էլ՝ չունեցած հեղինակության ու վարկի անդառնալի կորստի։ Աշխարհում ուղղակի ծիծաղում են Հայաստանի ու, առաջին հերթին, այն ներկայացնող պաշտոնյաների վրա։

Հունվարի 12-ին Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը նամակ է հղել ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին։ Ինչպես նամակի մասին պատմող պաշտոնական հաղորդագրությունում է ներկայացված, համապարփակ ներկայացնելով 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից ձեռնարկված լայնածավալ ռազմական հարձակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը: ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում մանրամասն ներկայացված են բոլոր այն կետերը, որոնց՝ Ադրբեջանի կողմից խախտված լինելու մասին իրազեկել է Արա Այվազյանը ՄԱԿ գլխավոր քարտուղարին։ «Շեշտվել է, որ Ադրբեջանը փաստացիորեն հրաժարվում է կատարել իր այս հանձնառությունը, ինչը միջազգային հումանիտար իրավունքի բացահայտ խախտում է»,- ասված է ԱԳ նախարարի նամակի մասին պատմող ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Պատկերացրեք՝ այս նամակը կարդում է նամակի հասցեատերը՝ ՄԱԿ գլխավոր քարտուղարը կամ Հայաստանի ղեկավարության քայլերին հետևող որևէ այլ օտարերկրացի դիվանագետ կամ պաշտոնյա։ Կարդում է ու հիշում ընդամենը մեկ օր առաջ՝ հունվարի 11-ին, Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպումը, որի ընթացքում Հայաստանի արտգործնախարարի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանը, ստորագրել է հայտարարություն Պուտինի ու Ալիևի հետ։ Ցանկացած ընթերցողի մոտ կարող է հարց առաջանալ ու վստահաբար առաջանալու է՝ ինչպե՞ս է մի երկրի ղեկավար, որի արտգործնախարարը ՄԱԿ գլխավոր քարտուղարին իրազեկում է հակառակորդ երկրի կողմից «միջազգային հումանիտար իրավունքի բացահայտ խախտման մասին», հայտարարություն ստորագրում այդ նույն՝ խախտող երկրի նախագահի հետ։

ՄԱԿ գլխավոր քարտուղարի մոտ կարող է առաջանալ նաև հարց այն մասին, թե արդյոք այդ խախտումների հեղինակ երկրի ղեկավարի հետ համատեղ հայտարարություն ստորագրելիս խախտման մասին բարձրաձայնող երկրի ղեկավարը տեղեկացրե՞լ է նրան այդ մասին, կամ պահանջե՞լ է արդյոք այլևս չխախտել միջազգային հումանիտար իրավունքը։

Մի խոսքով, Հայաստանի արտգործնախարարը, մեղմ ասած, ծիծաղելի, խայտառակ վիճակում է դրել իր ղեկավարին՝ Նիկոլ Փաշինյանին՝ միջազգային իրավունքի խախտման մեջ մեղադրելով մեկին, ում հետ վերջինս գործընկերաբար փաստաթուղթ է ստորագրել ու հայտարարել, որ այդ փաստաթուղթը կարող է հեղափոխական փոփոխություններ առաջացնել տարածաշրջանում։

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը կա՛մ պետք է պատժի Արա Այվազյանին՝ նրան առնվազն պաշտոնանկ անելով, կամ պետք է չեղարկի Ալիևի ու Պուտինի հետ ստորագրած համատեղ հայտարարությունը։ Հաշվի առնելով վերջինս դարակազմիկ որակելու՝ իշխանության մղումը, ավելի հավանական է առաջին տարբերակը։ Կամ սա ոչ մի հետևանք էլ չի ունենա, և աշխարհում կշարունակեն ծիծաղել Հայաստանի իշխանությունների վրա։

Արշավիր Իշխանյան

 

 

Տեսանյութեր

Լրահոս