Որ հիվանդություններով են առավել շատ կանչեր գրանցվել․ներկայացնում է «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրենը
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանն ամփոփեց 2020 թվականը՝ նշելով, որ 2019-ի համեմատ՝ 2020-ին շտապ օգնության կանչերի թիվն աճել է:
«2020թ․ Երևանի շտապ բուժօգնության ծառայությունն իրականացրել է 322.167 կանչ, որը 59.726 կանչով ավելին է, քան սպասարկել ենք 2019-ին: Պետք է նշեմ, որ 2020-ին մանկական կանչերի թիվը բավականին պակասել է, 8071 կանչով ավելի պակաս ենք իրականացրել, քան 2019-ին: Հիվանդանոց ենք տեղափոխել 3911 հիվանդով պակաս, քան 2019 թ․»,- ասաց Ստեփանյանը:
«Շտապօգնություն» ՓԲԸ տնօրենն առանձնացրեց այն հիվանդությունները, որոնց համար առավել շատ կանչեր են գրանցվել:
«Ինչպես միշտ, շտապ օգնության կանչերի առաջին տեղում սիրտ-անոթային հիվանդություններն են, այնուհետև՝ սուր շնչառական հիվանդությունները և վնասվածքները: 2020-ին 4068 կանչով ավելի քիչ ենք սպասարկել վնասվածքներով հիվանդներ, քան 2019-ին, սուր շնչառական հիվանդություններով հիվանդները 13.735-ն էին»,- ասաց Ստեփանյանը:
«Շտապօգնություն» ՓԲԸ տնօրենի խոսքով՝ 2020-ին շտապ օգնությունը ծանրաբեռնված է աշխատել կորոնավիրուսի և պատերազմի հետևանքով:
«Կովիդով պայմանավորված՝ 15.420 կանչ ենք սպասարկել, առավելագույնը սպասարկել ենք մայիսին՝ 2580 կանչ, նվազագույնն օգոստոսին՝ 864 կանչ»,- ասաց Ստեփանյանը:
Լրագրողի հարցին ի պատասխան, անդրադառնալով քաղաքացիների բողոքներին, թե շտապ օգնություն են կանչել, և չի եկել, կամ եկել է շատ ուշացած, Ստեփանյանն ասաց, որ խնդրի պատճառը եղել է շտապ օգնության բրիգադների՝ հիվանդների տանն ավելի երկար մնալու անհրաժեշտությունը:
«Կանչերն ընդհանրապես չեն մերժվել, ուղղակի միգուցե որոշ կանչեր, որոնք անհետաձգելի կանչեր չեն եղել, ավելի ուշ են սպասարկվել: Մեզ համար ավելի խնդրահարույց էր այն, որ հիվանդները չէին կարողանում հոսպիտալացվել: Հիվանդանոցները գերծանրաբեռնված են եղել: Մենք առաջնորդվում ենք չափորոշիչներով: Մեր բրիգադը հասնում է մինչև 15 րոպեում՝ անհետաձգելի դեպքերում, այնուհետև բժիշկն իրավունք ունի մնալու հիվանդի տանը 20 րոպե, որից հետո պետք է որոշի՝ հիվանդը կարիք ունի՞ հոսպիտալացման, թե՞ պետք է մնա տանը, այդ 20 րոպեն բավականին երկարում էր: Տանն իրականացնում էինք հիվանդի օգնությունը, բրիգադը կարող էր տանը լինել 2 ժամ, քանի որ հիվանդը կարիք ուներ թթվածին շնչելու, վիճակը կայունացնելու․ խնդիրը զուտ դրանում էր: Եթե օրական 50 բրիգադ դուրս էր գալիս կանչերի, խնդիրը նրանում էր, որ կանչի ժամանակն էր երկարում, զուտ դրա համար ունենում էինք ուշացումներ»,- ասաց Ստեփանյանը:
Նա նշեց, որ շտապ օգնության բրիգադներն այդ ընթացքում ավելացել են 5-ով, սակայն դա էլ չի օգնել, հատկապես պիկ ժամերին:
«Այդ տարբերակում մեքենաների ավելացումը չէր օգնում, եթե մենք 20 րոպե պետք է մնանք, մնում ենք 2 ժամ, և դեռ չի որոշվում հոսպիտալիզացիայի հարցը, մենք չենք կարող որևէ հիվանդանոցում տեղավորել այդ հիվանդին, 2 ժամվա մեջ կարող էին սպասարկել 3-4 կանչ, սպասարկում էր միայն մեկ կանչ, խնդիրը դրանում էր, ոչ թե բրիգանդների քիչ լինելը»,- ասաց Ստեփանյանը և ավելացրեց, որ Երևանի շտապ օգնության ծառայությունն իրականացրել է նաև միջմարզային կանչեր: