«Նիկոլ Փաշինյանը թշնամական գործունեություն իրականացնելու նպատակով թշնամուն ցուցաբերել է օգնություն». Արմինե Ֆանյան

«Ազգային աղետ և վերածնունդ․ իրավական բաղադրիչը» խորագրով այսօր հրավիրված խորհրդաժողովում «ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության արարքները՝ պետական դավաճանության հանցակազմի համատեքստում» թեմայով քննարկման ժամանակ անդրադարձ կատարվեց նաև փաստաբանների ներկայացրած հանցագործության մասին հաղորդմանը:

Փաստաբանների պալատի Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալ, փաստաբան Արմինե Ֆանյանը նշեց, որ մի քանի հարյուր փաստաբան կարծում են, որ պետք է հարուցվի քրեական գործ և պետք է իրականացվի քրեական հետապնդում այն բոլոր պատասխանատու անձանց նկատմամբ, որոնք պատերազմի օրերին պարտավոր էին գործել առավել զգոն, առավել կանոնակարգված, բարձր պատրաստվածությամբ, ինչը, այդ փաստաբանների գնահատմամբ, չի արվել:

«Մեր հաղորդման հիմքում մենք դրել ենք մի շարք փաստական հանգամանքներ, որոնք իրենց համակցության մեջ գնահատելով՝ գտել ենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արարքում առկա է 299 հոդվածով նախատեսված հանցակազմը, այսինքն՝ պետական դավաճանություն: Հաղորդումը ստորագրած փաստաբանները գտել են, որ Նիկոլ Փաշինյանի արարքներում դրսևորվել է պետական դավաճանության հետևյալ եղանակը, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանը թշնամական գործունեություն իրականացնելու նպատակով թշնամուն ցուցաբերել է օգնություն»,- նշեց փաստաբանը:

Արմինե Ֆանյանը ներկայացրեց այն գործողությունները, որոնք կատարվել են մինչև պատերազմի մեկնարկը, ինչպես նաև պատերազմի ընթացքում, և որոնք, փաստաբանի խոսքով՝ բերել են այսօրվա իրավիճակին: Ըստ Ֆանյանի՝ մինչև պատերազմն արվել են հայտարարություններ, որոնք իրենց համակցության մեջ հրահրել են պատերազմ: Իսկ պատերազմի ընթացքում կատարվել են գործողություններ, արվել են հայտարարություններ, որոնք բերել են մարտունակության նվազման, ապա՝ պարտության:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս