«Դիվերսանտներ Ասքերովն ու Գուլիևը դարձան փոխանակման մաս, ստացան միջազգային իրավական պաշտպանություն». Սիրանուշ Սահակյան

«Գերեվարված անձինք, ռազմագերիները գտնվում են միջազգային իրավունքի պաշտպանության ներքո, բայց մինչ օրս լիարժեքորեն հնարավոր չի եղել ապահովել այդ գերեվարված անձանց պաշտպանվածությունը և նրանց իրավունքների իրացումը»,- ասաց  «Իրավական Ուղի» կազմակերպության համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը: «Արցախյան երկրորդ պատերազմի պատճառներն ու հետևանքները․ միջազգային-իրավական համատեքստ» թեմայով քննարկման ժամանակ «Ռազմագերիների վերադարձի թնջուկը» խորագրով իր ելույթում միջազգային իրավունքի մասնագետն ասաց նաև, որ  այս հարցի պատասխանը միջազգային իրավունքի առանձնահատկությունն է, ինչը հաշվի առնելով՝ պետք է իրացվեին քաղաքական լուծումները:

«Միջազգային իրավունքը կենտրոնական տեղ է հատկացնում այն պետությանը, որը պետք է հետևողական լինի իր իրավունքների իրականացման հարցում: Այս  տեսանկյունից միջազգային իրավունքը մեր հանդեպ երբեք չի կիրառվի, եթե Հայաստանի իշխանությունները և արտաքին գերատեսչությունը պահանջատեր չլինեն այդ իրավունքների իրացմանը»,- նշեց Սահակյանը:

Իրավաբանի խոսքով՝ միջազգային նորմերով ամրագրված է, որ ակտիվ հակամարտության դադարումից և խաղաղության հաստատումից հետո անհապաղ  ազատ արձակվեն և վերադարձվեն հայրենիք: Հակառակ դեպքում դրանք կդիտվեն՝ որպես էական խախտումներ:

«Այս կարգավորվածության պայմաններում անգամ չի ապահովվել ռազմագերիների անհապաղ ազատ արձակումը և նրանց վերադարձը: Եվ, բնականաբար, այս ամենն ուներ քաղաքական նախադրյալներ: Նախադրյալներից առաջինը, որ նույն նոյեմբերի 9-ի հայտարարությունը չի կարևորել վերադարձի հարցը և այս խնդրի հանգամանալից կարգավորումները: Դրանում մատնանշված չեն եղել ժամկետներ և կարևոր նախապայմաններ դուրս են մնացել»,- ասաց Սիրանուշ Սահակյանը:

Ըստ իրավաբանի՝ նախապայման կարող էր լինել, օրինակ, այն, որ նույն հայտարարության մեջ նախատեսվեր գործընթացի թափանցիկությունը, և յուրաքանչյուր կողմ պետք է ցուցակագրեր և մյուս կողմին տրամադրեր իր հսկողության ներքո գտնվող ռազմագերիների և գերեվարված անձանց ցուցակը: Ընդ որում, պետք է ներդրվեին նաև ստուգողական մեխանիզմներ: Եվ որպես օրինակ՝  Սահակյանն առաջարկեց, որ չեզոք պետությունների ներկայացուցիչները կամ նույն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները կարողանան ուսումնասիրել ցուցակը, անարգել մուտք գործել այն վայրեր, որտեղ կարող էին պահվել գերեվարված անձինք, հավաստիանալ, վերիֆիկացնել նրանց, որին պետք է հաջորդեր բուն փոխանակման գործընթացը: Նման կարգավորումներ չեն եղել, ինչն էլ մի շարք խնդիրներ է առաջացրել:

«Ակնհայտ անբարեխղճություն Ադրբեջանի կողմից: Հերքվում են անգամ անվիճելի դրվագները, և այստեղ տեսնում ենք անգամ ցինիզմի տարրեր: Հանրության ուշադրության կենտրում է եղել Էրիկ Խաչատրյանի խումբը: Ինչո՞ւ հենց այս խումբը, որովհետև վերջինների մասնակցությամբ տարածվեցին բազմաքանակ տեսանյութեր: Ոչ թե 1 դրվագ էր, 2 դրվագ էր, այլ 6-7 դրվագանոց տեսանյութեր են տարածված: Եվ այս տեսանյութերի իսկությունը վիճելի չէ: Անգամ իրավական գործընթացներում ադրբեջանական կողմը չի վիճարկում ապացույցների կեղծ լինելը: Այս տեսանյութերը նաև ինչո՞վ էին առանձնահատուկ, որ այստեղ տեսանելի էին ոչ միայն հայ ռազմագերիները, այլ նաև ադրբեջանական զինծառայողներ, որոնց ինքնությունը ևս պարզման ենթակա հանգամանք է: Եվ նման ակնհայտ դեպքերի պարագայում ադրբեջանական կողմը մերժում է այս անձանց գերեվարման հանգամանքը, մերժում է՝ ինչպես Հայաստանի հետ շփումներում, այնպես էլ՝ միջազգային գործընկերների հետ  հարաբերություններում: Այսինքն՝ հերքում են ակնհայտը: Եվ այն դեպքում, երբ մենք գործ ունենք այնպիսի գործընկերոջ հետ, որը բացառում է ակնհայտը, մենք չենք կարող ակնկալել պարտավորությունների բարեխիղճ կատարում: Եվ այս դեպքում պետք է ստեղծվեին ապահովության երաշխիքներ»,- նշեց իրավաբանը:

Սահակյանի խոսքով՝ թվացյալ ապահովության երաշխիքները հայկական կողմն ուներ, բայց շատ արագ «նետեց իր ձեռքերից»:

«Ես որպես այդպիսին՝ համարել եմ ասքերովներին և գուլիևներին: Ինչո՞ւ, քանի որ նախորդող տարիներին տեսել եմ ադրբեջանական կողմի հսկայական նյութական և մարդկային ռեսուրսների ներդրումը՝ միտված նրանց իրավունքների պաշտպանությանը: Եվ միջազգային հանրությանը բազմիցս ներկայացվել է նրանց խնդիրը, որտեղ մատուցվել են՝ որպես անմեղ անձինք, ովքեր ընդամենը փորձ են կատարել այցելել գերեզմաններ, տեսակցել այդ վայրերը և գտնվել իրենց բնակավայրերում: Ընդ որում, այս խնդիրը նաև իրավական գործընթացներում քաղաքական խնդիրներ լուծելու տարր ուներ, որովհետև Եվրոպական դատարանի առջև դրված հարցադրումներից մեկը նա է, որ «սահման չեն հատել, որովհետև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դա Ադրբեջանի ճանաչված սահմանների մաս է, ուստի Գուլիևը և Ասքերովը Արցախի սահմանը հատելիս չգիտեին և չէին կարող իմանալ, որ ապօրինի սահման են հատել, և առհասարակ Հայաստանում և Արցախում հարուցված քրեական գործերը դրանք մտացածին են»: Մինչդեռ մենք գործ ունենք դիվերսանտների հետ, որոնց գործողությունների զոհ են դարձել անմեղ քաղաքացիներ, ընդհուպ՝ մինչև անչափահաս, և այս անձինք շատ արագ դարձան փոխանակման մաս, ստացան միջազգային իրավական պաշտպանություն այն պարագայում, երբ ռազմագերիների ռեժիմը չի տարածվում հանցագործների նկատմամբ»,- ասաց իրավաբանը:

Միջազգային իրավունքի մասնագետի խոսքով՝ այս ամենի արդյունքում կա իրավիճակ, երբ Հայաստանի թույլ քաղաքական դիրքավորման պարագայում միջազգային իրավունքով պաշտպանության տակ գտնվող հայ ռազմագերիները  չեն օգտվում միջազգային պաշտպանությունից, բայց միջազգային պաշտպանությունից դուրս գտնվող հանցագործները շատ արագ Հայաստանի իշխանությունների գործողությունների հետևանքով հայտնվում են միջազգային իրավունքի պաշտպանության ներքո:

Ըստ Սահակյանի՝ խնդիրներ են առաջացրել նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի դերը ստվերելը, ինչպես նաև ադրբեջանական կողմի՝ որոշակի գործընթացներ չարաշահելը: Իսկ խնդիրների լուծումը միջազգային իրավունքի մասնագետը տեսնում է  քաղաքական հարթակում:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս