«Դերասանությունն է քոնը, ոչ թե պոլիտիկան, թող զբաղվի իր դերասանությամբ». Շուռնուխ համայնքի ղեկավար

Երեկ լրացավ Շուռնուխ համայնքում թշնամու կողմից վիճելի որակված 12 տների բնակիչներին տրված վերջնաժամկետը:

168.am-ի հետ զրույցում համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանը տեղեկացրեց. «Վերջինը ես դուրս եկա թաղամասից, այնտեղ մնացին ռուս խաղաղապահները, մեր սահմանապահ տղաները,  ու  ժամը 12-ին այդտեղից արդեն  իրենք էլ դուրս պետք է գային, ու ճանապարհի վերևի հատվածում կկանգնեն: Այսինքն՝ ճանապարհին կկանգնի ռուս խաղաղապահը, ճանապարհի վերևի հատվածում՝ իր ծառայությունը կկատարի մեր սահմանապահ զորքը»:

Մեր խնդրանքով Հակոբ Արշակյանն անդրադարձավ նաև դերասան Գնել Սարգսյանի՝ Շուռնուխի ճանապարհին արված ֆեսյբուքյան ուղիղ եթերին, որում, ներկայացնելով առկա իրավիճակը, նա մասնավորապես նշում է. «Հարցուփորձ արել ենք. շատ երիտաասարդներ չեն հիշում, ու իրենք ասում են, որ մեր մեծերը ասում են, որ՝ հա՛, այդտեղ եղել են թուրքերի տներ»:

Շուռնուխ համայնքի ղեկավարը նշեց, որ այսօր է ամբողջությամբ լսել այդ ուղիղ եթերը.

«Եթե ինքն ասում է՝ ես անցնում եմ Շուռնուխի միջով, ինքը կարող էր, չէ՞, 3 րոպե կանգներ՝ իր հարցերին, որոնք ուղղված էին ինձ, տեղում պատասխանները ստանար: Էդ որ ասում է՝ էսպես են ասում-էնպես են ասում, փոքրերը չեն հիշի, մեծերի ասելով՝ էսպես է, թող կանգներ, ես այն քարտեզները իրեն ցույց տայի՝ որը որից հետո է, նոր էլի գնար՝ դերասանություն աներ: Ու մեկ էլ՝ որ արդեն հասավ Որոտանի հատվածին, ասում է՝ էստեղ ռուսներն են, էս էլ՝ թուրքերն են, արագ անցանք, ինչի՞ արագ  քշի, եթե ասում ես՝ վախենալու չի:

Բա եթե վտանգավոր չի, տղա՛, ասում ես՝ չորրորդ անգամ է՝ ես գնում եմ, գալիս եմ, գյուղապետը էսպես է ասում, էնպես է ասում, ինչո՞ւ Շուռնուխով անցնելուց չկանգնեց՝ այդ հարցերը տար ինձ, ես իրեն ինչ պետք էր, կպատասխանեի:

Ամո՛թ է, դերասանությունն է քոնը, ոչ թե պոլիտիկան, թող զբաղվի իր դերասանությամբ»:

Տեսանյութեր

Լրահոս