Կարանտինի պայմաններում միջազգային դիվանագիտական շփումն էական դեգրադացիա ապրեց․ Լուկիանով
«Միջազգային անցուդարձի ամենաինտրիգային թեմաներից է մնում ռուս-թուրքական համագործակցությունը տարատեսակ տարածաշրջանային խնդիրների շուրջ»,- 168․am-ի հետ զրույցում՝ ամփոփելով 2020թ․ միջազգային, տարածաշրջանային զարգացումները, ասաց ռուս միջազգայնագետ Ֆյոդոր Լուկիանովը։
Նա նշեց, որ շատ զարգացումներ են եղել, սակայն ամենաուշագրավն այն է, որ դիվանագիտական ծանր խոսակցությունները, բանակցություններն ընթացել են հեռախոսով, սա եղել է հեռախոսային դիվանագիտություն։
Նրա որակմամբ՝ իրականում պանդեմիան բոլոր երկրներին ստիպեց վերանայել ներքին ու արտաքին առաջնահերթությունները, դրանք, ըստ էության, միախառնվեցին, դրանց միջև սահմանները վերացվեցին, երկրները հայտնվեցին նոր միջավայրում, նոր խնդիրներում՝ ինչպե՞ս վերադարձնել կարանտինի պայմաններում իրենց քաղաքացիներին արտերկրից, սահմանները փակել-բացել, ո՞ր երկրների հետ, որքա՞ն ժամանակով, ինչպե՞ս հաղթահարել առողջապահական ճգնաժամը։
«Այս ֆոնին նկատելի է, որ միջազգային դիվանագիտական շփումը դեգրադացվում է, նման հեռախոսային շփումները բանակցություններին չեն տալիս անհրաժեշտ խորություն, վստահելիություն, արդյունավետություն և, հետևաբար՝ ռիսկերի էական նվազեցում։ Սա ամենաորոշիչ աշխարհաքաղաքական նոր գործոնն է եղել։ Տետ-ա-տետ շփումը հնարավորություն է տալիս զգալ զրուցակցին և ըստ դրա վարել խոսակցությունը՝ հասնելով որոշակի արդյունքի, իսկ հեռախոսով դա անելու համար աներևակայելի հմտություններ են հարկավոր։ Բայց միայն կորոնավիրուսը չէ այս փոփոխության պատճառը, այլ աշխարհը, այդպես արդեն հարմար է։ Եվ այս պայմաններում երևաց, թե որքանով յուրաքանչյուր երկիր կարողացավ արձագանքել ֆորսմաժորային զարգացումների աշխարհում, որոնցից մեկը պատերազմն էր Ղարաբաղում»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը։
Լուկիանովն արձանագրեց, որ իրավիճակն աշխարհում ստիպեց դրան արձագանքել միայն այն երկրներին, որոնց հարևանությամբ է գտնվում հակամարտությունը, և որոնք այս կամ այն կերպ ազդված են հակամարտությունից՝ Իրանը, Թուրքիան, Ռուսաստանը, Ադրբեջանը, Հայաստանը և մյուս երկրները՝ ավելի պասիվ կամ դեմքը փրկելու նպատակով, ինչպես Ֆրանսիան։
«Այսինքն՝ այս տարի մենք ականատես եղանք նաև նոր աշխարհակարգի ձևավորման հերթական փուլին, այն դեռ շարունակվում է, նախկին կանոններն ու ազդեցություններն այլևս չեն գործում, դրանք պարզապես այսօր չկան, քանի որ այլ առաջնահերթություններ նաև թելադրեց կարանտինը շատ երկրների։ Այս առումով այս միտումները կշարունակվեն»,- ասաց միջազգայնագետը։
Ֆյոդոր Լուկիանովի կարծիքով՝ 2021թ․ դեռ կշարունակվի Ղարաբաղյան հարցի խնդրահարույց թեմաները երեք ուղղությամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ճակատագիրը, սահմանային հարցերը, Ղարաբաղի կարգավիճակը։
«Հայաստանի համար, իհարկե, այս պահին և գալիք ամիսներին կարևոր կլինի ներքաղաքական օրակարգը, որից շատ բան է կախված, այդ թվում՝ այն, թե ինչպես կընթանան Ղարաբաղյան հետագա գործընթացները։
Ուշագրավ է լինելու հատկապես հետևել, թե քաղաքական կյանքը կկարգավորվի արտահերթ ընտրությունների՞, թե՞ արտահերթ զարգացումների միջոցով, որոնց փորձը Հայաստանն ունի։ Այնուամենայնիվ, հուսանք, որ ցնցումներ չեն լինի, հետպատերազմյան Հայաստանին դրանք հարկավոր չեն»,- ասաց վերլուծաբանը։
Նրա կարծիքով՝ միջազգային անցուդարձի ամենաինտրիգային թեմաներից է մնում ռուս-թուրքական համագործակցությունը տարատեսակ տարածաշրջանային խնդիրների շուրջ։
«Ինչպես ավելի վաղ ևս ասել եմ, այս ուղղությամբ հետաքրքիր ոճ, ձևաչափ են ձևավորել կողմերը, որի շրջանակում կարողանում են բարդ հարաբերությունները հավասարակշռել և պայմանավորվել, մասամբ նաև գոհ մնալ այդ պայմանավորվածություններից։ Այս համագործակցությունը շարունակում է ընդլայնվել և իր խոսքն ասել աշխարհում»,- ասաց նա։