Սողացող անորոշության հետևանքները

Մինչ Նիկոլ Փաշինյանն ամուր կառչած է մնում իր աթոռին և չի ուզում հեռանալ, իսկ կառավարությունը պարզապես անգործության է մատնված, Հայաստանի տնտեսության վիճակն օր օրի վատանում է։ Տնտեսական անկումը հետպատերազմյան շրջանում շարունակում է խորանալ։

2020թ․ նոյեմբերին տնտեսական ակտիվության անկումը հասել է 10,2 տոկոսի։

Սա ավելին է, քան հոկտեմբերի ցուցանիշն էր, երբ երկիրը փաստացի գտնվում էր չհայտարարված պատերազմի մեջ։ Հոկտեմբերին տնտեսական ակտիվության անկումը 8,1 տոկոս էր։ Նոյեմբերին այն ավելացել է ևս 2,1 տոկոսային կետով։

Պաշտոնական վիճակագրության հրապարակած օպերատիվ տվյալները վկայում են, որ անկում է գրանցվել տնտեսության գրեթե բոլոր առանցքային ոլորտներում։ Առանձին հատվածներում անկման տեմպը խորացել է։ Դա նկատելի է հատկապես արդյունաբերության և առևտրի ոլորտներում։

Արդյունաբերությունը, որը մինչև վերջերս փոքր աճ ուներ, երկրորդ ամիսն անընդմեջ նվազում է արձանագրում։

Արդյունաբերության արտադրանքի անկում գրանցվեց նախ հոկտեմբերին։ Նոյեմբերին անկումը կրկնակի ավելին է եղել։ Եթե հոկտեմբերին անկումը 3 տոկոս էր, ապա նոյեմբերին հասել է 6,1 տոկոսի։

Պետք է ենթադրել, որ արդյունաբերության ոլորտի այս իրավիճակն ուղղակի կապ ունի հանքարդյունաբերության հետ։ Պատերազմի առաջին օրվանից դադարել է Սոթքի հանքի շահագործումը։ Կանգնել է Արարատի ոսկու կորզման գործարանը։ Սրանք ընկերություններն են, որոնք բավական մեծ տեսակարար կշիռ ունեն հանքարդյունաբերության մեջ, որի վրա մինչև վերջերս նստած էր արդյունաբերության աճը։ Այդ ընկերությունների գործունեության դադարեցումը չէր կարող չազդել ոլորտի ցուցանիշների վրա։

Անկումը շարունակել է խորանալ առևտրում։ Նոյեմբերին ներքին առևտրի ծավալները 22 տոկոսով պակաս են եղել նախորդ տարվանից։ Անկումը ևս 1 տոկոսային կետով ավելացել է։

Թե ինչո՞ւ է առևտրի շրջանառությունը նվազում, հայտնի բան է. այն կապված է սպառողական պահանջարկի կրճատման հետ։ Խոսքը, ինչպես տնտեսության, այնպես էլ՝ հասարակության կողմից ներկայացվող պահանջարկի մասին է։

Եկամուտների նվազումը բերել է հասարակության գնողունակության ու վճարունակության անկման։ Առկա անորոշությունների ու սպասումների հետևանքով շատերն էլ ուղղակի հետաձգել կամ սահմանափակել են իրենց գնումները։

Ներքին պահանջարկի անկման հետևանք է նաև արտաքին առևտրի, մասնավորապես՝ ներմուծման կրճատումը։ Թեև արտաքին առևտրի վատացումը միայն ներմուծմամբ չէ պայմանավորված։ Կրճատվել է նաև արտահանումը։

Նոյեմբերը լավ չի դասավորվել արտաքին առևտրի համար։ Խորացել է թե՛ ներմուծման, և թե՛ արտահանման անկումը։ Արտահանումը նախորդ տարվա համեմատ կրճատվել է՝ գրեթե 20, ներմուծումը՝ 29 տոկոսով։

Նոյեմբերին արտահանում-ներմուծումն ավելի քիչ է եղել նաև հոկտեմբերից։ Հոկտեմբերին Հայաստանից՝ 232 մլն դոլարի, նոյեմբերին՝ 210 միլիոնի ապրանք է արտահանվել։ Նվազումը հասնում է 10 տոկոսի։ Ներմուծումը հոկտեմբերի համեմատ կրճատվել է, բայց ավելի քիչ՝ 2,6 տոկոսով։

2020թ․ նոյեմբերին աճ է գրանցվել շինարարության մեջ։ Հոկտեմբերին ունեինք զրոյից մի փոքր բարձր ցուցանիշ։ Նոյեմբերին այն ավելացել է 2 տոկոսով։ Այդքանով ավելի շինարարություն է իրականացվել, քան անցած տարի։

Վերջին 2 ամիսների այդ դրսևորումները դրական են անդրադարձել շինարարության ոլորտի տարեկան ցուցանիշի վրա, բայց այն դեռևս շատ հեռու է նախորդ տարվա մակարդակին հասնելու համար։ Անկումը շարունակում է մնալ երկնիշ։

2020թ․ տասնմեկ ամիսների տվյալներով շինարարության ոլորտում ունենք 11,2 տոկոսանոց նվազում։

Տարեկան կտրվածքով դադարել է նաև արդյունաբերության աճը։ Արտադրության ծավալներն այս տարվա 11 ամսում ավելի քիչ են, քան նախորդ տարի էր։

Եթե մինչև վերջերս կարևոր չէ, թե ինչի հաշվին, տնտեսության այս ճյուղը, թեկուզ փոքր, բայց աճ էր արձանագրում, ապա հիմա ունենք 0,2 տոկոս անկում։

Առևտրի ոլորտում անկումը տարվա կտրվածքով 13,5 տոկոս է։ Նույնպիսին է պատկերը նաև ծառայությունների դեպքում։ Թեև նոյեմբերին ծառայությունների անկումը շատ ավելի մեծ էր՝ գրեթե 19 տոկոս։

2020թ․ նոյեմբերի զարգացումների արդյունքում տնտեսական ակտիվության անկումը Հայաստանում հասել է 7,2 տոկոսի։ Մեկ ամիս առաջ այն 6,7 տոկոս էր։

Մեկ ամսում տնտեսական ակտիվության անկումը խորացել է ևս 0,5 տոկոսային կետով։ Դրան նպաստել են, առաջին հերթին՝ արդյունաբերության մեջ և արտաքին ու ներքին առևտրի ոլորտում տեղի ունեցած բացասական դրսևորումները։

Սպասվում է, որ տնտեսական ակտիվության անկումը կխորանա նաև դեկտեմբերին։ Բայց այդ մասին հնարավոր կլինի խոսել ավելի ուշ, երբ կհրապարակվեն 2020թ. տնտեսական ցուցանիշները։

Մինչ այդ, ակնհայտ է, որ տնտեսական իրավիճակը Հայաստանում շարունակում է մնալ ծանր։ Հետպատերազմյան շրջանում տնտեսության հետ կապված անորոշություններն ու մտահոգությունները ոչ միայն չփարատվեցին, այլև խորացան։ Իշխանության նկատմամբ վստահության կորուստը ոչ մի ձևով չի նպաստում տնտեսության մեջ ֆինանսական հոսքերի ավելացմանը։

Սա խնդիր է, որին առաջիկայում շարունակելու ենք բախվել, և որի հետևանքները տնտեսության համար շատ ցավոտ են լինելու։ Դժվար է ասել, իշխանությունները դա գիտակցո՞ւմ են, թե՞ ոչ, բայց ամեն ինչ գնում է վատագույն տարբերակով։ Յուրաքանչյուր հաջորդ օրը խորացնում է տնտեսական ճգնաժամը՝ հետաձգելով նաև տնտեսության վերականգնումը։

Այս ամենը բերելու է ոչ միայն տնտեսության պոտենցիալի կորստի, այլև սոցիալական իրավիճակի ավելի ու ավելի վատացման։ Հետագայում շատ ավելի մեծ ջանքեր և ժամանակ է պահանջվելու՝ կորցրածը հետ բերելու համար։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս