«Հրապարակայնորեն Ռուսաստանին Հայաստանի դեմ ինտրիգներ հյուսելու մեջ մեղադրելու համար, իհարկե, պետք է ունենաս ոչ միայն հիվանդ երևակայություն, այլև իրապես բորբոքված միտք». Արամ Գաբրիելյանով
Այսօր առավոտյան կատարած իր հերթական ֆեյսբուքյան գրառման մեջ, որում, ըստ էության, Նիկոլ Փաշինյանը կրկին մեղադրում էր նախկիններին, մի հետաքրքիր ակնարկ՝ ընդդեմ Ռուսասատանի արված, շատերի աչքից չվրիպեց:
«Երկար տարիներ Հայաստանի վարած «ճկուն» քաղաքականությունը բերեց նրան, որ 2016 թվականի հունվարին շրջանառության մեջ դրվեցին ռուսական առաջարկները, որոնք ենթադրում էին 7 տարածքների (5+2) վերադարձ՝ առանց ԼՂ կարգավիճակի որևէ ճշգրտման։ Ինչո՞ւ Ռուսաստանը հանդես եկավ նման առաջարկով։ Մի պարզ պատճառով՝ Հայաստանի վարած «ճկուն» քաղաքականության արդյունքում մադրիդյան պրոցեսը մտել էր փակուղի, որովհետև Արցախն Ադրբեջանի կազմից դուրս կարգավիճակ կարող էր ստանալ միայն Ադրբեջանի համաձայնությամբ։
Ռուսաստանի և բոլորի համար ակնհայտ էր, որ Ադրբեջանը նման տարբերակի երբեք չի համաձայնի (ունի չհամաձայնելու համար անհրաժեշտ կարողություն) և ուրեմն, պետք էր պրոցեսը փակուղուց դուրս բերելու ուղիներ գտնել։ Եվ, ի դեպ, եթե ոմանց պնդումը ճիշտ է, թե 2018-ից հետո Հայաստանի վարած քաղաքականությունը բավարար չափով ռուսամետ չէր, և սա էր պատերազմի պատճառը, ինչո՞ւ 2016-ի «բավարար չափով ռուսամետ» քաղաքականության պայմաններում ծնվեցին ռուսական առաջարկները և տեղի ունեցավ ապրիլյան պատերազմը»,- գրել էր Նիկոլ Փաշինյանը:
Չմեկնաբանելով՝ Փաշինյանի մտքերը՝ փաստենք, որ պարզ էր՝ Ռուսաստանից արձագանքը չի ուշանա:
«Ըստ ամենայնի, Հայաստանի վարչապետն իսկապես սկսում է խելքը թռցնել: Հրապարակայնորեն Ռուսաստանին Հայաստանի դեմ ինտրիգներ հյուսելու մեջ մեղադրելու համար, իհարկե, պետք է ունենաս ոչ միայն հիվանդ երևակայություն, այլև իրապես բորբոքված միտք: Եվ մի բան էլ. նա նույնիսկ պատկերացնել չի կարող, թե ինչ կոշտության կարող է լինել Մոսկվայից եկող հարվածը, երբ իրեն մեղադրում են հանուն սեփական քաղաքական մանևրների: Եվ վերջում, Պուտինը կարող է շատ բան ներել, և միակ բանը, որը նա երբեք չի ներում, դավաճանությունն է: Բայց Հայաստանն ու Արցախը դավաճանած տականքին տրված չէ սա հասկանալ: Իր բնույթով դավաճանը նույնիսկ սեփական խայտառակությունն ունակ չէ գիտակցել»,- իր տելեգրամ ալիքում գրել էր ռուսաստանաբնակ, ծագումով հայ մեդիամագնատ, հրատարակիչ Արամ Գաբրիելյանովը: