Եթե Արման Բաբաջանյանի հայտարարությունը քաղաքական էր, նա չի դիմի իրավապահ մարմիններին. ԲԴԽ նախագահ

«Արման Բաբաջանյանի հայտարարությունը չեմ լսել և, ճիշտն ասած, չեմ էլ պատրաստվում լսել: Ձեր մեջբերած, պարոն Բաբաջանյանի ասած բառերը, բառակապակցությունները, դարձվածքներն իրենց մեջ պարունակում են քրեական հանցակազմ: Դրա համար կա օրենքով նախատեսված գործընթաց՝ հաղորդում հանցագործության մասին, Դատախազություն, Հատուկ քննչական ծառայություն»,- այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ ասաց Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Ռուբեն Վարդազարյանը՝ անդրադառնալով երեկ Ազգային ժողովում պատգամավոր Արման Բաբաջանյանի այն հայտարարությանը, թե այժմ դատական համակարգն աջակցում է պետական հեղաշրջման փորձ կատարողներին ու դա անում է ԲԴԽ նախագահի նոյեմբերի 15-ի հայտարարությունից հետո:

Ըստ նրա՝ եթե Արման Բաբաջանյանը վստահ է, որ ինքը ճիշտ է, ապա համապատասխան ընթացակարգն ապահովելով՝ կարելի է պրոցես սկսել, քանի որ պետական հեղաշրջմանն աջակցելը քրեական հետապնդում նախատեսող գործընթաց է:

«Եթե սա զուտ քաղաքական ելույթ է՝ օգտագործելով ԱԺ բարձր ամբիոնը, ապա պարոն Բաբաջանյանը չի դիմի և չի տա հաղորդում հանցագործության մասին: Եթե վստահ է, իրոք մտահոգված է կամ կասկած ունի, ապա ես այդ հայտարարության իրավական մեխանիզմը ցույց տվեցի»,- ասաց Ռուբեն Վարդազարյանը:

Ինչ վերաբերում է ԱԺ պատգամավորի այն հայտարարությանը, որ նոյեմբերի 15-ի՝ ԲԴԽ նախագահի հայտարարությունից  հետո դատական իշխանությունը ներգրավվել է քաղաքական գործընթացների մեջ, Ռուբեն Վարդազարյանն ասաց, որ իր կոչն ուղղված է եղել իր գործընկերներին՝ դատավորներին՝ զերծ մնալ քաղաքականությունից, չենթարկվել ճնշումների:

«Նախազգուշացրել եմ, որ եթե ես տեսնեմ՝ որևէ դատավոր ենթարկվում է, տուրք է տալիս այդ ճնշումներին կամ կայացնում է քաղաքական որոշումներ, խիստ կարձագանքեմ դրան: Այսինքն՝ իմ կոչի ամբողջ բովանդակությունը վերաբերում էր ապաքաղաքական լինելուն: Եվ ինձ համար զարմանալի է, թե ինչու են ապաքաղաքական լինելու և մնալու, քաղաքական կոնյունկտուրայի մաս չլինելու կոչը դիտում որպես քաղաքական կոչ: Սա ուղղակի ժպիտ է առաջացնում»,- ասաց ԲԴԽ նախագահը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031