«Եկեղեցին ազատ է արտահայտելու իր կարծիքը, ինչպես յուրաքանչյուր քաղաքացի, առավել ևս՝ եկեղեցին». Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս

«Ժողովրդի շատ զավակներ այսօր եկել են այստեղ՝ իրենց զորակցությունն արտահայտելու մեր սուրբ եկեղեցուն՝ համացանցում եկեղեցու հասցեին հնչած բռնի, սպառնալի կոչերին ի պատասխան:

Մենք գնահատում ենք մեր զավակների նախանձախնդրությունը, հավատարմությունը, սերը և նվիրումը՝ հանդեպ Առաքելական մեր Սուրբ եկեղեցին»,- Սուրբ Գայանե եկեղեցում մատուցվող տարեվերջյան Պատարագի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը:

Լրագրողի խնդրանքով անդրադառնալով այն տեսակետներին, թե եկեղեցին փորձում է միջամտել քաղաքական գործընթացներին՝ պահանջելով երկրի ղեկավարի հրաժարական, կաթողիկոսն արձագանքեց. «Եկեղեցին առաջնորդվում է մեր ազգի, մեր հայրենիքի շահերով և համազգային հնչեղություն ունեցող հարցերի առնչությամբ՝ նաև արտահայտում է իր վերաբերմունքը, իր տեսակետը: Եվ որևիցե կերպ, սա չպետք է այլ մեկնաբանություն ունենա. Եկեղեցին ազատ է արտահայտելու իր կարծիքը, ինչպես յուրաքանչյուր քաղաքացի, առավել ևս՝ եկեղեցին»:

Ճշգրտող հարցին՝ «Այսինքն դա աստվածահաճո՞ է», վեհափառը պատասխանեց. «Եթե արտահայտած տեսակետն ի պաշտպանություն մեր ազգային շահերի է, ի սեր՝ մեր ժողովրդի, աստվածահաճո է»:

Արդյո՞ք ուղղորդված են եկեղեցու վրա հարձակումները հարցին ի պատասխան էլ՝ Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդն ասաց. «Չեմ կարող նման հաստատում կատարել, որովհետև չգիտեմ, թե ովքեր են և ինչ ծավալի հարձակում է»:

Հիշեցմանը, թե 2.5 տարի առաջ նման հարձակումներ ևս եղել են, վեհարանն էին գրավել, նա արձագանքեց. «Ես չպիտի ցանկանայի նման մեկնաբանություն տալ. որոշ անձեր, անհատներ, որոնք ունեին դժգոհություն, կարծիք, տեսակետ, վերաբերմունք հայոց հայապետի, հայ եկեղեցու վերին իշխանության նկատմամբ, արտահայտել են իրենց դիրքորոշումը և այդ կացության մեջ կատարել են այն, ինչ որ իրենք համարել են, որ պետք է թույլ տան իրենց՝ իրենց նպատակին հասնելու համար»:

Հիշեցնենք՝ այս օրերին համացանցում տարածվում էին եկեղեցու և վեհափառի հանդեպ հաշվեհարդարի կոչեր, որոնց անդրադարձել էր նաև Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը՝ հորդորելով պահպանել հանդարտություն.

«Վերջին օրերին Հայոց Եկեղեցու դեմ սանձազերծված արշավի շրջանակներում դեկտեմբերի 27-ին բռնություն գործադրելու համացանցային սպառնալիքների առնչությամբ Մայր Աթոռում ստացվել են Եկեղեցու հավատավոր զավակների մտահոգության և զորակցության նամակներ, հնչել տարբեր անհատների հանրային ելույթներ և Ազգային Եկեղեցին պաշտպանելու կոչեր:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մեծապես գնահատում է իր զավակների հավատավոր հոգին, նախանձախնդրությունն ու հավատարմությունը հանդեպ մեր Սուրբ Եկեղեցին՝ հորդորելով պահպանել հանգստությունն ու հանդարտությունը և չազդվել նման սադրիչ հայտարարություններից:

Ամենայն Հայոց Հայրապետի հայրական հորդորն է՝ տարեվերջյան Սուրբ Պատարագի արարողությունն անցկացնել խաղաղ մթնոլորտում և աղոթել հայրենի մեր երկրի անսասանության և ազգի միասնականության, անվտանգ ու ապահով կյանքի համար»:

Քաղաքացիների նախաձեռնությամբ ստեղծվել էր «Կանգնի՛ր եկեղեցու կողքին» շարժումը: Շարժման մասնակիցներն այսօր մասնակցում էին տարեվերջյան պատարագին:

Տեսանյութեր

Լրահոս