Թուրքական բազարի հայ դալալները
Նորմալ քաղաքական համակարգ ունեցող պետություններում իշխանությունն ու ընդդիմությունը հաջորդում են մեկը մյուսին, ընդդիմությունը գալիս է իշխանության, իշխանությունն անցնում է ընդդիմադիր պայքարի։ Բացի զուտ քաղաքական մեխանիզմ լինելուց՝ այս հերթագայությունն ունի ինչ-որ իմաստով ապաքաղաքական, բայց շատ կարևոր մի նրբերանգ․ այս կամ այն փուլում իշխանության է գալիս երբևէ իշխանություն «տեսած» քաղաքական ուժը, գործիչը, թիմը։
Տեսած լինելու հանգամանքը չափազանց կարևոր է ոչ միայն այն պատճառով, որ, օրինակ, հայկական առածանին տասնյակ ասույթներ ունի չտեսների վտանգավորության մասին։ Իշխանություն չտեսած քաղաքական ուժը, պետական պաշտոնյան, չինովնիկն իշխանության հետ կարող է վարվել այնպես, ինչպես տարիներով փողոցում գիշերող անապաստանը՝ դղյակում հայտնվելիս, կամ սոված գայլերի ոհմակը՝ ոչխարի անհովիվ հոտ հանդիպելիս։ Մեծ հաշվով, անցած երկուսուկես տարիներին Հայաստանում տեղի ունեցածի հիմքում դա է՝ չտեսությունը, իշխանության չտեսությունը։
Երբ շորթագիր գրող խմբագիրը դառնում է պետական քաղաքականություն մշակող, իսկ պադվալի պլանքյաշները վերածվում են էլիտար թմրամոլների, երբ կյանքում մակիյաժ չտեսած անսեռությունը պետական փողերով գործուղումների արանքում հայտնվում է եվրոպական սալոններում, երբ սեփական երկրի մասին մատնագիր գրողները նույն երկրի սահմանադրությունն են գրում, երբ Երևանը դառնում է խորովածանոց, Արցախն էլ՝ անհայրենիք դիտորդների հակապետական սելֆիների դեկորացիա․․․ պետության հետ լինում է այն, ինչ լինում է, այսինքն՝ լինում է ամեն ինչ, բացի պետությունից։ Սա է տեղի ունեցել հայկական իրականության մեջ երկուսուկես տարի առաջ և շարունակվում է մինչև այսօր։ Դա կատարվել է հասարակության լուռ համաձայնությամբ, որովհետև հասարակության զգալի մասը կազմված է էլիտար թմրամոլ դառնալու երազանք ունեցող պադվալի պլանքյաշներից ու անմակիյաժ օրիորդներից, որոնք՝ տեսնելով իրենցնմանների հաջողությունը, թաքուն հուսում են, որ մի օր իրենց բախտն էլ կժպտա։
Հասարակության այդ հատվածի և իշխանության հավաքական կերպարի միջև կա աննախադեպ ներդաշնակություն՝ իշխանությունն իջել է այնքան, որքան հնարավոր չէր իջնել, այսինքն՝ ոչ թե իջել է, այլ մնացել է այնտեղ, որտեղ եղել է մինչև իշխանության գալը, երբ զբաղվում էր հակապետական զեկուցագրությամբ, որի համար, ինչպես հետո էր պարզվելու, վճարվել էր շատ, այնքան շատ, որ բավական էր լինելու իշխանափոխություն կազմակերպելու համար։ Վճարողները չէին սխալվել իրենց հաշվարկում, որովհետև միայն իշխանություն չտեսած իշխանությունը կարող էր Հայաստանը հանձնել GPS-ով ու հրճվել ադրբեջանաթուրքական առևտրի հեռանկարով։ Հաշվարկը, սակայն, առավել քան ստույգ էր ու արդարացված, որովհետև հաշվարկողները երևի ուսումնասիրել ու եզրակացրել են, որ մինչև այսօր փողին «մանեթ» ասող հասարակությունը կարող է և ոգևորվել թուրքական բազարի տեսլականով։ Հաշվարկողները հաշվարկել ու գտել են թուրքական բազարի հայ դալալներին՝ նրանց հետ պայմանավորվելով քաղաքացիական կամ որևէ այլ պայմանագրով։
Հնարավորությունը, որ Հայաստանը կհաղթահարի այս արհավիրքը, փոքր է, չափազանց փոքր։ Եվ խնդիրը միայն նախկին պլանքյաշների ներկա էլիտար կարգավիճակը չէ։ Նրանց կարող են փոխարինելու գալ նորերը, սպասողների հերթը շատ երկար է, որովհետև մի անգամ արդեն Հայաստանի հետ տեղի է ունեցել այն, ինչ չպետք է տեղի ունենար։
Հարություն Ավետիսյան