Նախարարը՝ զինծառայողներին և նրանց ընտանիքներին տրամադրվող աջակցությունների չափի մասին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ «Զինծառայողների առողջությանը և կյանքին պատճառված վնասների» հիմնադրամին առնչվող երկու միջոցառում են իրականացրել. «Մասնավորապես, գիտենք, որ հիմնադրամի շահառու են հանդիսանում պատերազմի հետևանքով զոհված և նաև վիրավորում ստացած զինծառայողները: Այս ծրագրի մասով մենք ունենք այս պահին ժամանակավոր խնդիր՝ անհայտ կորած զինծառայողների առնչությամբ՝ հաշվի առնելով, որ կա իրավական խնդիր:
Նաև կառավարության կողմից արդեն հաստատվել է օրենքի նախագիծ՝ մասնավորապես անհայտ կորածների վերաբերյալ կա դատական որոշակի գործընթաց, որը պետք է հաստատվի: Այդ պրոցեսը ժամանակի առումով բավականին կրճատվել է, որը նաև շուտով կներկայացվի ԱԺ արտահերթ նիստին, սակայն մինչև վերջնական օրենքով սահմանված կարգով շահառու հանդիսանալը, յուրաքանչյուր անձի գծով առավելագույնը վեց ամիս ժամկետով իրականացվում է աջակցության տրամադրում՝ 300 հազար դրամի չափով:
Նույնը՝ նաև վիրավորում ստացած զինծառայողների մասով. այս գործընթացն իրենից ենթադրում է հաշմանդամության խմբի տրամադրում, այնուհետև՝ նաև ՊՆ-ի կողմից պատճառահետևանքային կապի հաստատում, որ այդ վիրավորումը տեղի է ունեցել ռազմական գործողությունների հետևանքով: Հաշվի առնելով, որ այդտեղ որոշակի առողջական գործընթաց է անցնում, և մինչև շահառու հանդիսանալը՝ մի քանի ամիս տևում է՝ այս մասով նույնպես հիմնադրամի հետ կա համատեղ միջոցառում: Հիմնադրամն իր գործող կարգերով ժամանակավորապես տրամադրում է 100 հազար դրամ աջակցություն, կառավարության որոշամամբ՝ լրացուցիչ ևս 200 հազար դրամի աջակցություն է տրամադրում, որի արդյունքում նույնպես վիրավորում ստացած քաղաքացիները որոշակի խմբի, որը տրամադրվել է Առողջապահության նախարարության կողմից, յուրաքանչյուր ամիս հնարավորություն ունեն ստանալու 300 հազար դրամի աջակցություն»:
Նախարարը ներկայացրեց նաև Արցախում իրականացված մի քանի համալիր միջոցառումներ՝ մասնավորապես Արցախի կենսաթոշակառուների և նպաստառուների դեկտեմբեր ամսվա համաֆինանսավորումը Կառավարության կողմից՝ 940 միլիոն դրամի չափով. «Արցախի կառավարությունն արդեն իրականացնում է վճարումները»:
Մյուս ծրագիրը, որի մասին խոսեց Մեսրոպ Առաքելյանը, Արցախում բնակվող քաղաքացիների սեպտեմբեր-հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների էլեկտրաէներգիայի և գազի կոմունալ վճարների ամբողջական փոխհատուցումն է:
«Ընդ որում՝ ԱՀ կառավարությունն այդ ծրագրի իրականացումը նաև շարունակելու է 2021 թվականի ընթացքում»,- հավելեց նախարարը: