Իրական «ժեխի» դեմքը ՀՀ նախագահն է՝ փաթեթավորված թանկ կոստյումի մեջ. մեղավորների փնտրտուքը նրանից է պետք սկսել՝ օրենքով պատժելով որ եկողը հասկանա՝ ծառայելու է օրենքին, պետությանը, ժողովրդին. Միքայել Մինասյան
Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մի պսևդոէլիտար, պսևդոմտավորական և պսևդոսկզբունքային միտում կա, երբ մարդիկ իրար հերթ չտալով դժգոհում են, թե ժողովուրդը չունի ինքնասիրություն, ազգը չունի ինքնապաշտպանական բնազդ։ Այդ «պսևդո»-ները ստեղծված վիճակի ու գրեթե բոլոր ձախողումների համար մեղադրում են հավաքական «ժողովրդին»։ Քննադատում են, վերջում էլ պիտակավորում՝ փաստերի ու իրականության հետ առերեսեվել չցանկացողներին անվանելով «ժեխ» կամ «զոմբի»։
Այո՛, մեր քաղաքացիների մի մասը չարացած է, կուրացած, խլացած և առաջնորդվում է միայն ատելությամբ։ Գուցե նաև այդ պատճառով է, որ երկիրը գնում է անկասելի կործանման։ Այո, նրանց մեծ մասը չի զգում ռեգիոնալ գալիք վտանգները, չի ցանկանում հիշել Նիկոլի բոլոր ստերը, բայց չի մոռանում նիկոլական միֆերը և համարժեք չի գնահատում աղետի ծավալները։ Բայց, միևնույն է, արդյոք այս մարդիկ են միակ մեղավոր։
Իսկ գուցե մեղավորների փնտրտուքը սկսենք կառավարական շենքերո՞ւմ, մեր ժողովրդի հարկերի հաշվին կյանքը վայելով պորտաբույծներից։
Օրինակ, ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնողից։ Իսկ ինչո՞ւ չեք հարցնում, թե ինչ է անում բարեկիրթ, բոլոր շեյխերի և թագուհիների բարեկամ, ձեր սրտի, էլիտար տուրիստ և ձրիակեր նախագահը, որն այս աղետի ուղիղ պատասխանատուներից և համահեղինակներից է։
Չէ՞ որ նա է առաջին օրվանից դակում հակաօրինական, հակասահմանադրական ու անտրամաբանական որոշումները։ 
Չէ՞ որ նա պաշտոնի համար ուրացավ բոլորին և ամեն ինչ՝ պաշտոնը վեր դասելով տղամարդկային արժանապատվությունից ու հայրենիքից: Հիմա էլ փորձում է նոր դիրքավորում ստանալ։
Նա 24 ժամվա ինտերվալով, ըստ փողոցի տրամադրոթյունների, լարվածության և օրվա կուրսի, որոշում է՝ ում քծնել։ Քծնում է բոլորին՝ առանց որևէ խտրականության, ընդամենը մեկ սկզունքով. «շեֆ ջան, գլխիս չխփես, թող մնամ նախագահ», իսկ շեֆերի ցանկը՝ ըստ իրավիճակի։
Ահա սա է իրական «ժեխի» դեմքը՝ փաթեթավորված թանկ կոստյումի մեջ։ Եվ հենց նրանից է պետք սկսել՝ օրենքի և մարդկային կանոնների ողջ խստությամբ պատժելով, որպեսզի հաջորդ եկողը հասկանա, որ ինքը ծառայելու է միայն օրենքին, պետությանն ու ժողովրդին։
Շատ հեշտ է ամեն ինչ բարդել հասարակության ապակողմնորոշված պրոլետարի վրա, որ ակտիվ է ֆեյսբուքում և լատինատառ կամ կիրիլիցայով ինչ-որ բաներ է գրում։ Ու չգիտես ինչու, պսևդոմտահոգները չեն նկատում երկրի թիվ մեկ պաշտոնյային, ով չդադարեց ճանապարհորդել նույնիսկ պատերազմի օրերին։
Սովորական ժողովրդից, որ հավատացել է Նիկոլին, հիմա հակառակն եք պահանջում, պահանջում եք, որ դասեր քաղեն սեփական սխալներից, սթափ գնահատեն իրականությունը, բայց շատ հաճախ ինքներս ենք ընկնում նույն թակարդակը։
Արդյո՞ք սա արդար է»։