Թուրքական ապրանքների ներմուծման արգելքը տարածվում է բոլոր երկրներից ներմուծվող ապրանքների վրա.ՊԵԿ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ 2020թ.-ի դեկտեմբերի 31-ից գործելու է ՀՀ կառավարության 20.10.2020թ. թիվ 1708-Ն որոշման հավելվածով սահմանված ցանկում ընդգրկված թուրքական ծագման ապրանքների ներմուծման վերաբերյալ արգելքը՝ 6 ամիս ժամկետով։  ՀՀ պետական եկամուտների կոմիտեն այս մասին հաղորդագրություն է տարածել.

«Մինչև 2020թ.-ի դեկտեմբերի 31-ը ներմուծված ապրանքների նկատմամբ նշված արգելքը չի գործի միայն այն դեպքում, եթե մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը այդ ապրանքների նկատմամբ իրականացվեն բոլոր համապատասխան մաքսային գործառնությունները, մասնավորապես՝ դրանք հայտարարագրվեն «Ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով, վճարվեն համապատասխան մաքսային վճարները և ապրանքները բաց թողնվեն մինչև նշված օրը։

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հորդորում է նաև հետայսու ապրանքների առևտրային փաստաթղթերում նշում կատարել ծագման երկրի վերաբերյալ, իսկ հնարավորության դեպքում և (կամ) մաքսային մարմնի պահանջով ներկայացնել ծագման երկրի հավաստագիր կամ հայտարարագիր։

Հիշեցնենք, որ ներմուծման արգելքը տարածվում է բոլոր երկրներից՝ Թուրքիայից, Վրաստանից և այլ, ներառյալ ԵԱՏՄ անդամ երկրներից ներմուծվող թուրքական ծագման նշված ապրանքների վրա։

Զգուշացնում ենք, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ուժեղացված մաքսային հսկողություն է իրականացվելու այդ ապրանքների նկատմամբ, ներառյալ ֆիզիկական զննում, որը իրականացվելու է մաքսային հսկողության իրականացման վայրերում տեղադրված տեսախցիկների ներքո։

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հորդորում է խստագույնս պահպանել ՀՀ կառավարության 20.10.2020թ. թիվ 1708-Ն որոշմամբ սահմանված դրույթները և զերծ մնալ հնարավոր խախտումներից»,- ասված է հաղորդագրության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս