Արցախում ռուս սակրավորներն ականազերծել են 280 հեկտար տարածք, 107 կմ ճանապարհ, 452 շենք ու շինություն
Ռուսաստանի Պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները։ Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
«Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները Ստեփանակերտի հյուսիսային ծայրամասի ականազերծում են իրականացնում ձյան ինտենսիվ տեղումների պայմաններում: Այդ ամենը հանգեցրել է տեսանելիության զգալի նվազմանը և սակրավորների աշխատանքի դժվարացմանը: Գործողության ողջ ընթացքում Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումներն ականազերծել են ավելի քան 280 հեկտար տարածք, շուրջ 107 կմ ճանապարհ, 452 շենք ու շինություն: Հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 9 հազար պայթուցիկ առարկա»,- նշված է հաղորդագրության մեջ։
Լեռնային Ղարաբաղում պայթունավտանգ առարկաներից տարածքի ականազերծման և մաքրման ընթացքում ռուս խաղաղապահները կիրառում են ժամանակակից ռոբոտատեխնիկական համալիրներ, որոնք թույլ են տալիս պահպանել ականազերծման բարձր տեմպը լեռնային տեղանքի և վատ եղանակային պայմաններում: