
Գառնիկ Իսագուլյանին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի կողմից առերևույթ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
«Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Գ.Իսագուլյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի (սուտ մատնություն) 2-րդ մասի 1-ին կետով և 226.2-րդ հոդվածի (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը) 1-ին մասով:
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, որը մերժվել է:
Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: