Վրաստանի նախագահը Գեորգի Գախարիային նշանակել է վարչապետ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կարգադրություն է ստորագրել Գեորգի Գախարիային վարչապետ նշանակելու մասին, հաղորդել է պետության ղեկավարի վարչակազմը:
Գախարիան վարչապետ է դարձել երկրորդ անգամ: Ավելի վաղ դեկտեմբերի 24-ին նա խորհրդարանին է ներկայացրել նախարարների կաբինետի նորացված կազմը եւ կառավարությյան ծրագիրը: Օրենսդիր մարմինը նրան վստահության քվե է հայտնել ձայների մեծամասնությամբ: «Վրաստանի Սահմանադրության 56-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան, Գեորգի Գախարիային նշանակել է Վրաստանի վարչապետ»,-ասված է կարգադրության մեջ:
«Վրացական երազանք» կառավարող կուսակցությունը հոկտեմբերի 31-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով հավաքել է խորհրդարանի 150 տեղից 90-ը:
Վրաստանի կառավարության նոր կազմը համալրվել է նախկին նախարարներով՝ բացառությամբ արդարադատության նախարարության ղեկավարի:
Նախարարների կաբինետի կազմը ներկայացված է հետեւյալ ձեւով. տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքի նախարար՝ Մայա Ցկիտիշվիլի, ներքին գործերի նախարարության ղեկավար՝ Վախթանգ Գոմելաուրի, էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար՝ Նատիա Ռուռնավա, արտաքին գործերի նախարարության ղեկավար՝ Դավիթ Զալկալիանի, ֆինանսների նախարար՝ Իվանե Մաճավարիանի, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար՝ Միխայիլ Չխենկելի, Վրաստանի օկուպացված տարածքներից հարկադիր վերաբնակների, աշխատանքի, առողջապահության եւ սոցիալական պաշտպանության հարցերի նախարար՝ Եկատերինա Տիկարաձե, շրջակա միջավայրի պահպանության եւ գյուղատնտեսության նախարար՝ Լեւան Դավիթաշվիլի, արդարադատության նախարարության ղեկավար՝ Գաչա Լորտքիփանիձե, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: