ԱՆ-ն կոչ է անում ամանորյա տոները նշել ընտանեկան միջավայրում՝ պայմանավորված կորոնավիրուսի տարածման ռիսկով
Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել, որով քաղաքացիներին կոչ է արել ամանորյա տոները նշել ընտանեկան միջավայրում, հյուրեր չընդունել՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակի տարածման ռիսկով:
«Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված, իսկ Մեծ Բրիտանիայի առողջապապահության նախարարությունը հայտարարել է կորոնավիրուսի նոր տիպի մասին, որը տարբերվում է իր բարձր վարակելիությամբ։
Հաշվի առնելով տոնական օրերի ընթացքում շփումները՝ մեծանում է կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը։ Հարկ է նշել նաև, որ, բացի կորոնավիրուսային հիվանդությունից, տարվա այս եղանակին բնորոշ է նաև գրիպի և այլ սուր շնչառական վիրուսների շրջանառությունը, որոնց կլինիկական դրսևորումները և կանխարգելման միջոցառումները գրեթե նույնն են։
Մի շարք երկրներ կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով Ամանորին ընդառաջ գնացել են նոր սահմանափակումներ կիրառելու ուղղությամբ։ Օրինակ, ի թիվս մի շարք միջոցառումների, Գերմանիայում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների ընթացքում կկիրառվեն խիստ սահմանափակումներ՝ կփակվեն առևտրի կենտրոնները, կսահմանափակվի տնային միջոցառումների ժամանակ մասնակիցների քանակը, իսկ ռեստորաններն ու ժամանցի այլ վայրերն արդեն փակ են։ Իսպանիան ևս սահմանափակել է մասնակիցների քանակը միջոցառումների ժամանակ՝ առավելագույնը 6 անձ։ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում 65 տարեկանից բարձր և ռիսկի մյուս խմբերի անձինք կմնան ինքնամեկուսացած մինչև հունվարի 15-ը։ Վրաստանը ևս անցել է խիստ սահմանափակումների. ռեստորաններն ու բարերը կաշխատեն՝ մատուցելով միայն առաքման ծառայություններ, մեծ քաղաքներում չի գործի հանրային տրանսպորտը, չեն աշխատի բաց ու փակ շուկաները և այլն։
Ամանորին ընդառաջ՝ կորոնավիրուսային հիվանդությունից (COVID-19), գրիպից և սուր շնչառական այլ վարակներից, ինչպես նաև դրանց բարդություններից խուսափելու նպատակով առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է.
- սահմանափակե՛ք շփումները, խուսափե՛ք մարդաշատ վայրեր և զանգվածային միջոցառումներ, այդ թվում՝ ամանորյա հանդեսներ և ներկայացումներ հաճախելուց,
- ամանորյա տոները նշե՛ք ընտանեկան միջավայրում՝ հյուրեր մի՛ ընդունեք,
- պարտադիր կրե՛ք դիմակ, պահպանե՛ք սոցիալական հեռավորություն և հետևե՛ք ձեռքերի հիգիենային,
- եթե տանն ունեք կորոնավիրուսային հիվանդությամբ կասկածելի կամ հաստատված դեպք, նշված անձի հետ շփվելիս պահպանե՛ք առնվազն 1.5 մ հեռավորություն և պարտադիր կրե՛ք դիմակ, մի՛ ընդունեք հյուրեր,
- հաճախակի լվացե՛ք ձեռքերը կամ անհնարինության դեպքում մշակե՛ք 70%-անոց ալկոհոլի հիմքով ախտահանիչով,
- սովորեցրե՛ք Ձեր երեխաներին հիգիենայի կանոնները և հետևե՛ք դրանց պահպանմանը,
- սուր շնչառական հիվանդության ախտանշաններ (ջերմություն, հազ, հարբուխ) ի հայտ գալու դեպքում անմիջապես կապ հաստատե՛ք Ձեր պոլիկլինիկայի բժշկի (թերապևտի, մանկաբույժի կամ ընտանեկան բժշկի) հետ: Մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ,
- մի՛ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և այլ վիրուսային վարակների բուժման համար,
- պատվաստվե՛ք սեզոնային գրիպի դեմ:
Պահպանե՛ք անվտանգության կանոնները և եղե՛ք առողջ»: