«Չլինի՞ դուք արդեն ընդունել եք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը». Արման Աբովյան

«Երբ լսում ես իրենց արտահայտությունները այս սահմանային իրադարձությունների մասին, կարծես թե թուրքերից ու արդբեջանցիներից ավելի են մտահոգված Ադրբեջանի, այսպես կոչված, տարածքային ամբողջականության համար»,- Կառավարության շենքի առջև հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

Նա նշեց, որ իրավիճակը թեև զավեշտալի, սակայն իրականում շատ վտանգավոր է. «Ասում են՝  դե գիտեք՝ ինչ կա, արոտավայրն իրենց կողմն է. կներեք, ի՞նչ փաստաթղի հիման վրա է հիմա արվում դեմարկացիա, ինչի՞ համար են ռազմավարական բարձունքների վրա թույլ տալիս, որ թուրքը տեղակայվի: Երբ երկրներում դեմարկացիա է արվում, տարիներով գնում են այդ բոլոր բանակցությունները, մեր պարագայում՝ գալիս են, հինգ րոպեում, շուտ-շուտ ինչ-որ բաներ են պայմանավորվում, տեղավորվում են: Գյուղապետերը, գյուղացիները ստիպված են իրենք վարել բանակցություններ:

Սա ոչ թե անընդունելի է, սա ուղղակի մի ահավոր իրավիճակ է: Ախր, այդ հարցերի պատասխանները մինչև հիմա չկան. այո՛, այսօր սահմանամերձ բոլոր գոտիները վտանգված են, և ամենակարևորը՝ երբ խոսում են և ասում՝ գիտե՞ք ինչ կա՝  դա իրենց տարածքն է, չլինի՞ դուք արդեն ընդունել եք Ադրբեջանի, այսպես կոչված, տարածքային ամբողջականությունը: Եթե ընդունել եք, վեր կացեք՝  ասեք, ուրիշ տարբերակ չի մնում պարզապես ենթադրելու համար:

Դուք Արցախի Հանրապետության իշխանությունների հետ խոսել եք՞.  հիշեցնեմ ձեզ, որ այդ տարածքները մտնում էին ԱՀ տարածքում և փաստացի օկուպացված են: Չե՞ք հասկանում դա»:

«Այո՛, այսօր ինչ կատարվում է՝ կամ դավադրություն է, կամ՝ ուղղակի դավաճանություն. ուրիշ բացատրություն չկա, և այո՛, պե՛տք է պատասխան տան»,- եզրափակեց Արման Աբովյանը:

168.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ «Հայրենիքի փրկության» շարժման ներկայացուցիչները և նրանց համակիրները շրջափակել են կառավարության շենքը՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Ժամը 11:00 Կառավարությունում մեկնարկել է հերթական նիստը, որը վարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս