«Ժողովուրդ, սրանք խաբել են ձեզ, սրանք մոլորեցրել են ձեզ ու նույնը անում են նաև հիմա»․ Գարեգին Մելքոնյան

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարարի առաջին տեղակալ, Նիդեռլանդներում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան Գարեգին Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ավելի է ամրապնդվում այն կարծիքը, որ Հայաստանում իրականացվում է ծրագիր, բայց՝

– Դա ժողովրդի/ընտրողների հետ համաձայնեցված ծրագիր չէ։

– Այն, ինչ անում է իշխող թիմն իր ղեկավարով, բացարձակապես չի բխում ժողովրդին և իր ընտրողին տված իր խոստումներից։

– Իշխող թիմն ու իր ղեկավարը քվե է ստացել իր ընտրողին տված խոստումներն անելու համար, սակայն իրականացնում է այլ ծրագիր։

– Խոստացածի փոխարեն փաստացի իրականացվող ծրագրի ամբողջ բնույթն ու պատկերը մեզ հայտնի չէ։

– Մինչ այս պահը իրականացվածի հիման վրա կարող ենք ասել, որ այն չի բխում պետության և հետևաբար՝ ժողովրդի շահերից։

– Մինչ այս պահը իրականացվող ծրագիրը վստահաբար Հայաստանի զարգացման, Հայաստանում ապրող քաղաքացու կյանքը ավելի լավը դարձնելու ծրագիր չի։

Ժողովուրդ, սրանք խաբել են ձեզ, սրանք մոլորեցրել են ձեզ ու նույնը անում են նաև հիմա։

Իրականացվող ծրագրի արդեն իսկ իրականացված մասի համաձայն վերջին երկուսուկես տարում՝

* մասսայաբար բարձր պաշտոնների նշանակվեցին մարդիկ որոնք փորձ ու մասնագիտական ունակություն չունեն, արդեն բազմաթիվ են հրապարակումները շատերի կողմից արտասահմանյան ծագման տարօրինակ ֆինանսավորում ստանալու մասին,

* պետական կառավարման համակարգը հետևողականորեն թուլացվեց,

* հասարակությունը պառակտվեց, անընդհատ ժողովրդի մի մասը հրահրվում է մյուս մասի դեմ,

* երկրում բարոյահոգեբանական մթնոլորտը հասցված է ծայրահեղ աղետալի վիճակի, սոց-ցանցերում մարդիկ կեղծ ու իրական օգտահաշիվներով մասսայական հայհոյում են միմյանց, որը հատկապես ջանադրաբար հրահրվում է իշխողների կողմից,

* արտաքին քաղաքականության և հատկապես Արցախի հարցում իրականացվել է այնպիսի քաղաքականություն, որը բանակցային գործնթացը մտցրեց փակուղի և հրահրեց պատերազմ։ Պատերազմը շուտ չկանգնեցվեց, կառավարվեց այնպես, որ այն բերի ցավալի պարտության և խայտառակ փաստաթղթի ստորագրման,

* բազմաթիվ են հրապարակումներն այս իշխանության ֆինանսական չարաշահումների, բյուջետային միջոցների վատնման (եթե կուզեք նաև՝ թալանի) մասին,

* իրական բարեփոխումներ չեն արվել, տնտեսության մեջ որևէ լուրջ բան չի փոխվել. 2019 թվականի դրական ցուցանիշները հիմնականում պայմանավորված էին նախկին աճի բնական իներցիայով և ավտոմեքենաների ներկրմամբ, որն այս կառավարության հետ կապ չունի։ 2020 թվականը կամփոփվի խիստ բացասական տնտեսական չուցանիշներով, սրված սոցիալական խնդիրներով, մենք տարին փակում ենք հաջորդ տարվա համար վատ տնտեսական սպասումներով։

* ցանկը կարելի է շատ երկար շարունակել…

Օրեր առաջ առանձին գրառմամբ բառացիորեն ներկայացրել էի, թե իրենց իսկ ծրագրով ինչ է խոստացել այս թիմը Արցախի հարցում (այսինքն որն է իրենց ծրագիրը), սակայն ինչ է արել դրա փոխարեն։ Կարո՞ղ է իշխող թիմն ասել թե ինչու է Արցախի հարցում արել տրված խոստումների հետ ընդհանրապես կապ չունեցող քայլեր։ Ով է իրավունք տվել նրանց իրականացնելու նման քայլեր։

ԸՆՏՐՈՂԸ ՉԻ ԱՍԵԼ ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ՝ ԱՐԻ, ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԽԱՌՆԻ ԻՐԱՐ, ԱՐՑԱԽՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄ ՀՐԱՀՐԻ ՈՒ ՏԱՐ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ, ՀՈՂԵՐԸ ՀԱՆՁՆԻ, ԵՐԿԻՐԸ ՎԵՐԱԾԻ ԱՆՏԵՐՈՒԹՅԱՆ ՈՒ ՔԱՈՍԻ։

ԵԹԵ ԻՐԵՆՔ ԵՆ ԱՆՈՒՄ ԱՅՍ ԱՄԵՆԸ, ՈՒՐԵՄՆ ԴԱՎԱՃԱՆ ԵՆ, ԵԹԵ ԻՐԵՆՔ ՉԵՆ ԱՆՈՒՄ, ԱՅԼ ՈՒՂՂԱԿԻ ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՍՐԱ ԴԵՄՆ ԱՌՆԵԼ, ՈՒՐԵՄՆ ՁԱԽՈՂԱԿ ԵՆ։ ԵՐԿՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԷԼ ՊԵՏՔ Է ՈՐՔԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՇՈՒՏ՝ ՕՐ ԱՌԱՋ ԶՐԿՎԵՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ։

ՈՐԵՎԷ ԵՐԿՐՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ԸՆՏՐՈՒՄ, ՈՐ ՎԵՐՋԻՆՍ ԻՆՉ ՈՒԶԻ ԱՅՆ ԷԼ ԱՆԻ։ Եթե և երբ այդ իշխանությունը շեղվում է իր խոստումներից (ծրագրից) և իրականացնում է այլ ծրագիր, ապա նշանակում է, որ նա ըստ էության այլևս լեգիտիմ իշխանություն կոչվելու իրավունք չունի։

Հ.Գ. Ընդհանրապես, եթե անում են այն ինչ ուզում են, կարո՞ղ են նախապես ասել թե հիմա էլ ի՞նչ են պատրաստվում անելու։ Կարո՞ղ է մի գիշեր էլ հայտնեն, որ ասենք օրինակ, առանց որևէ մեկի հետ քննարկելու Թուրքիայի հետ սահմանները բացելու ինչ որ թուղթ են արդեն ստորագրել, այն էլ նոյեմբերի 9-ի ստորագրված փաստաթղթի որակի։

 

Տեսանյութեր

Լրահոս