«Սուպերլիգան կարող է կործանել Մադրիդի «Ռեալը»: Պերեսը չի հասկանում հետևանքները»․ Տեբաս
Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը կիսել է իր կարծիքը Սուպերլիգայի նախաձեռնողների վերաբերյալ:
– Այս նախագծում կա երկու անուն: Առաջինը «Յուվենթուսի» նախագահ Անդրեա Անյելին է: Մեկը Ֆլորենտինո Պերեսն է՝ Մադրիդի «Ռեալի» նախագահը, ով, ասում են, որ երկար տարիներ երազում էր նման մրցաշարի մասին: Լա Լիգան երկուսից մեկ քայլ առա՞ջ է:
– Ես չեմ կարող բացահայտել, թե ինչի մասին եմ խոսում Անդրեա Անյելիի հետ, բայց նա Սուպերլիգայի ստեղծման հետևում չէ: Նա կանգնած էր ՈՒԵՖԱ-ի մրցաշարի բարեփոխումների ծրագրի ետևում, բայց եվրոպական ակումբները չհամաձայնվեցին, և նախագիծը մահացավ:
Նա պետք է փորձի առաջընթաց գրանցել Ա Սերիայում: Մենք դա քննարկեցինք Անյելիի հետ: Ես նրան ասացի՝ ինչո՞ւ եք մտնելու Սուպերլիգա: Մադրիդի «Ռեալն» ու «Բարսան» կշարունակեն ձեզանից ավելին ստանալ: Անհրաժեշտ է բարելավել Իտալիայի առաջնությունը, որպեսզի կարողանաս ավելիին հասնել: Սուպերլիգան նրանց ավելի մրցունակ չի դարձնի:
Ֆլորենտինո Պերես։ Ասում են, որ նա կանգնած է այդ ամենի հետևում, բայց սա գաղտնի պատմություն է, ուստի ես չեմ կարող իմանալ: Ես զգում եմ, որ նրան դուր է գալիս այս նախագիծը: Նա հոյակապ գործարար է շինարարության ոլորտում և Մադրիդի «Ռեալի» հիանալի մենեջեր, բայց չի հասկանում խոշոր մրցումների և Սուպերլիգայի էությունը, նա չի գիտակցում, թե դա ուր է տանում: Նա խելացի գործարար է, բայց ոչ ֆուտբոլում, քանի որ Պերեսը չի հասկանում այն բացասական հետևանքները, որոնք Սուպերլիգան կարող է բերել իր ակումբին: Դա կարող է ավերել նրա ակումբը։
Հիշեցնենք, որ WikiLeaks-ի ֆուտբոլային տարբերակը՝ Football Leaks-ը, 2018 թվականին բացահայտել էր, որ մի շարք հայտնի ֆուտբոլային ակումբներ ցանկանում են դուրս գալ ՈՒԵՖԱ-ից և ստեղծել իրենց Սուպերլիգան: Ըստ նախագծի՝ 2021 թվականից Չեմպիոնների լիգան այլևս չի լինի: Դրա փոխարեն՝ Եվրոպայի առաջատար 11 ակումբները կանցկացնեն իրենց մրցաշարը: Նշվում է, որ նոր լիգայում կլինի 16 ակումբներ, որոնցից 11-ն առնվազն 20 տարի կմնան պայքարում և չեն լքի մրցաշարը: Եվս 5 ակումբներ կհրավիրվեն՝ որպես հյուր: 11 ակումբների թվում են այնպիսի գրանդ ակումբներ, ինչպիսիք են «Բավարիան», «Ռեալ Մադրիդը», «Բարսելոնան», «Մանչեսթեր Յունայթեդը», «Յուվենթուսը», «Արսենալը», ՊՍԺ-ն, «Չելսին», «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը» և «Միլանը»:
Սիրարփի Աղաբաբյան