«Այս պահի դրությամբ մոտավոր 40 անհետ կորած քաղաքացիական անձ կա». Արցախի ՄԻՊ-ը՝ անհետ կորածների ու գերիների մասին
«Այսօր կհրապարակենք քաղաքացիական զոհերի վերաբերյալ ամփոփ զեկույցը: Այս պահին մեր արձանագրմամբ 60 քաղաքացիական զոհ կա, որից 39-ը՝ պատերազմական գործողությունների ընթացքում ուղիղ թիրախավորման հետևանքով, և 21-ը՝ ադրբեջանական կողմի վերահսկողության տակ անցած տարածքների կամ գերեվարման մեջ եղած քաղաքացիների սպանության դեպքերն են»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ տեղեկացնելով, որ սա նախնական թիվ է, և զոհերի ճնշող մեծամասնության մարմիններն առկա են:
Արցախի ՄԻՊ-ը տեղեկացրեց նաև, որ այս պահի դրությամբ մոտավորապես 40 անհետ կորած քաղաքացիական անձ կա, նաև բռնի անհետացած՝ պատերազմից հետո կորած. «Այս 40-ի մի մասը, տարբեր տեղեկություններով, բարձր հավանականությամբ՝ սպանվել են, տեղեկությունները թարմացվելու են։ Մի մասի վերաբերյալ հստակ ապացույցներ ունենք, որ գերեվարված են, ադրբեջանական բանտում են գտնվում, մի մասն էլ՝ դեռևս անհետ կորած են, սպասում ենք ճակատագրերի ճշգրտմանը»:
Արտակ Բեգլարյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետության Մարդու Իրավունքների պաշտպանի հետ համատեղ պատրաստել են 6 փակ զեկույց մեր զինծառայողների և ադրբեջանական վերահսկողության տակ ընկած անձանց հանդեպ անմարդկային վերջաբերմունքի վերաբերյալ՝ ներառյալ սպանության, խոշտանգումների, գլխատման, դիակների խեղման դեպքեր:
Անդրադառնալով գերիների թվի մասին հարցին՝ նա նշեց, որ իր տեղեկություններով՝ այդ թիվը 53-ն է. «Բացի այս 53-ից՝ 2 քաղաքացիական պաշտոնապես հայտարարված գերիներ մահացել են ադրբեջանական բանտում։ Մեկի մարմինը փոխանցվել է, մյուսինը՝ դեռևս ոչ։ «Երկուսի պարագայում էլ հստակ, բավարար ապացույցներ կան՝ պնդելու, որ բանտում սպանվել են։ Երկուսն էլ տարեց մարդիկ են»:
Արտակ Բեգլարյանի խոսքով՝ արդեն շատ վկայություններ կան վերադարձած գերիներից, որ ադրբեջանական բանտերում և նաև զինված ուժերի կողմից գերեվարման ընթացքում նրանք, այդ թվում՝ կանայք, արժանացել են անմարդկային վերաբերմունքի, խոշտանգումների, հոգեբանական և ֆիզիկական բռնության։
«Նրանց զգալի մասն առ այսօր կրում է հետևանքները ու հիվանդանոցներում բուժում են անցնում։ Չեմ կարող հստակ թիվ ասել, բայց, իմ տպավորությամբ, եթե ոչ բոլորը, ապա գոնե ճնշող մեծամասնությունը ենթարկվել է ֆիզիկական բռնության, համոզված եմ, որ բոլորը հոգեբանական բռնության են ենթարկվել։ Այս հանցագործությունները պատշաճ կերպով արձանագրվելու են նաև մեր կողմից, և նաև անհատ փաստաբանների ու իրավաբանների կողմից, ու համոզված եմ ՝ համապատասխան հայցերը ներկայացվելու են նաև միջազգային ատյաններ»,- նշեց Արցախի ՄԻՊ-ը: