«Գորիս-Կապան ճանապարհը կենսական նշանակություն ունի. Հայաստան-Իրան կապի հնարավոր խաթարումը կործանարար է լինելու պետության համար». Դավիթ Կարապետյան
Սյունիքի ազգաբնակչության վրդովմունքը միանգամայն բնական է, որովհետև կորցնելով Արցախի անվտանգության գոտին, ըստ էության, Սյունիքը ևս կորցրեց իր անվտանգության գոտին՝ դառնալով սահմանամերձ ադրբեջանական տարածքներին: 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ նախկին խոսնակ, ԱԻ նախկին փոխնախարար Դավիթ Կարապետյանը:
«Սյունիքի ազգաբնակչությունն արցախյան առաջին պատերազմի հաղթանակը մեծագույն ցնծությամբ ընդունեց, որովհետև ազատագրված տարածքները Սյունիքի համար ևս անվտանգություն էին ապահովում և Սյունիքի պաշտպանության մակարդակն էականորեն փոխվել էր: Իսկ երրորդ պատերազմի արդյունքում այդ տարածքների ամբողջական կորուստը Սյունիքում առաջացրեց նույն իրավիճակը, ինչ կար 1990-ականների սկզբին. ռազմավարական նշանակության ճանապարհները թշնամու հետ անմիջական շփման գոտում է: Որպես սյունեցի՝ կարող եմ ասել, որ սյունեցիների զայրույթը տեղին է, քանի որ տպավորություն կա, որ ընդունում ենք թշնամու ցանկացած պահանջ և որևէ քայլ չենք ձեռնարկում մեր շահերը պաշտպանելու համար»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է ԽՍՀՄ քարտեզին վերադառնալուն, Դավիթ Կարապետյանն ասաց, որ, եթե հղում ենք անում գոյություն չունեցող պետության քարտեզին, պետք է հիշենք, որ ԽՍՀՄ տարածքում, այսպես ասած, ադրբեջանական բնակավայրերի ընդլայնումը հետևանք էր Խորհրդային Ադրբեջանի իշխանությունների հետևողական գործունեության:
«Նրանք մշտապես առաջնորդվել են քայլ-քայլ առաջ գնալու և հայկական տարածքները յուրացնելու մարտավարությամբ: Եվ ես համոզված եմ, որ նրանք շարունակելու են իրենց գործելաոճը՝ քայլ-քայլ խորանալով դեպի մեր տարածքներ: Եվ GPS-ով որոշելով կամ մեխանիկորեն ԽՍՀՄ քարտեզներին հղում անելով՝ միանգամից ամեն ինչ տալը, մեղմ ասած, անթույլատրելի է: Եթե անգամ ինչ-որ բան զիջում ենք, ապա պետք է ամեն ինչ անենք, որ ռազմավարական նշանակության մեր բնագծերը պահպանենք, որոնք կապահովեն մեր բնակավայրերի անվտանգությունը, իսկ ենթակառուցվածքները հնարավորին հեռու կպահեն թշնամու հավանական ներգործումներից»,- հավելեց Դավիթ Կարապետյանը:
Անդրադառնալով պաշտոնական պնդումներին, որ ռուս խաղաղապահներն ապահովելու են Սյունիքի անվտանգությունը, մեր զրուցակիցն արձագանքեց, որ ռուս խաղաղապահների ներկայությունը կարող է ժամանակավոր լուծում տալ խնդրին՝ հաղորդակցության ուղիներն ապահովելու առումով:
«Բայց ես չեմ կարծում, որ ռուս խաղաղապահները 500 տարի լինելու են Սյունիքի ճանապարհներին: Այն պահից, երբ այդտեղ այլևս ռուս խաղաղապահները չլինեն, այդ պահից նորից սկսելու ենք այն կետից, ինչ կետում եղել ենք 1990-ին, այն է՝ բախումներ, սպանություններ, նոր պատերազմների օջախներ»,- լրացրեց Կարապետյանը:
Այս համատեքստում խոսելով Կապանի օդանավակայանի՝ մի հատվածը ադրբեջանական կողմում հայտնվելու խոսակցություններին, ՀՀ ՊՆ նախկին խոսնակը նշեց, որ այստեղ միայն Սյունիքի հարցը չէ: Օրինակ, Գորիս-Կապան ճանապարհը ՀՀ միջպետական ճանապարհն է, որը մեր պետության համար ունի կենսական նշանակություն:
«Հայաստան-Իրան կապի հնարավոր խաթարումը կործանարար է լինելու մեր ամբողջ պետության համար, որովհետև երեք կողմից դառնալու ենք շրջափակված կղզյակ՝ առանց զարգացման հեռանկարի»,- եզրափակեց Դավիթ Կարապետյանը: