«Երբ ոլորտը հանձնված է փորձառություն չունեցող, կիսագրագետ, մեծամիտ կադրերի ձեռքը, ավելորդ է խոսել գյուղատնտեսության ոլորտի զարգացման և գյուղմթերքների անվտանգության մասին»

Դեկտեմբերի 14-ից արգելվել է Հայաստանի Արմավիրի մարզից լոլիկ և պղպեղ ներմուծել Ռուսաստանի Դաշնություն:
Ավելի վաղ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հանդիպել է հանրապետության խոշոր ջերմոցային տնտեսությունների ներկայացուցիչների, ինչպես նաև Հայաստանից արտերկիր բանջարեղեն արտահանողների հետ: Ներկայացնելով ՀՀ-ի Արմավիրի մարզից ՌԴ արտահանված լոլիկի ու պղպեղի որոշակի խմբաքանակում Pepino Mosaic վիրուսային հիվանդության հայտնաբերման հետ կապված խնդիրը, նա տեղեկացրել է, որ, թեև ԵԱՏՄ կարանտին հիվանդությունների ցանկում նշված հիվանդությունը ներառված չէ, սակայն ընդունող երկիրը կարող է խնդիր տեսնել իր տնտեսության համար և ստուգել հիվանդության առկայությունը ներմուծվող բանջարեղենում: Այդ վիրուսը, ինչպես նաև բույսերի այլ հիվանդությունները, մարդու առողջության և կյանքի համար վտանգավոր չեն, սակայն դրանք վնաս կարող են հասցնել տնտեսությանը:

«Ֆերմերային շարժում» հ/կ նախագահ Սարգիս Սեդրակյանը հիշում է՝ նմանատիպ դեպքեր հայտնի են, օրինակ, երբ Հայաստանից Ռուսաստան արտահանվում էր ձկնեղեն, ապա այն թույլատրում էին ներկրել, բայց երբեմն էլ չէին թույլատրում՝ պատճառաբանելով, որ իբր թե, ձկան մեջ մարդու օրգանիզմի համար վնասակար տարր է պարունակվում։ Իսկ սրա բացատրությունը, մեր զրուցակցի կարծիքով՝ այն է, որ ցանկացած երկիր, երբ քաղաքական նպատակներով իրեն անհրաժեշտ է լինում այլ երկրներից ներկրվող գյուղմթերքի մուտքը արգելափակել, ապա այդ ներկրվող գյուղմթերքը ներկրվող երկրի համար կարող է դառնալ օգտագործման համար շատ վտանգավոր և ոչ պիտանի։

«Նույն ձևով վերջերս արգելափակեցին Ադրբեջանից Ռուսաստան արտահանվող լոլիկի և խնձորի մուտքը։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից օրերս Հայաստանից լոլիկի և պղպեղի արտահանումն արգելափակելուն, կարող եմ ասել, որ, իհարկե, Ռուսաստանի շուկան մեծ է և այն ձեռնտու է մեզ համար, բայց այս մեթոդներով աշխատելով՝ Ռուսաստանը ցանկանում է «կզած» պահել Հայաստանին և Ադրբեջանին նաև գյուղատնտեսական մթերքների ներմուծման գործընթացներում։ Իհարկե, նման դեպքերում լինում են նաև խորամանկ գործընթացներ, ինչպես, օրինակ, երբ Ռուսաստանն արգելել էր այլ երկրներից գյուղմթերքի ներմուծումը, այդ նույն ժամանակ Լեհաստանից լեհական արտադրության խնձորը ներկրվում էր Բելառուս և այնտեղից բելառուսական արտադրության խնձորի անվան տակ ներկրվում էր Ռուսաստան, կամ թուրքական արտադրության լոլիկը Հայաստանից արտահանվում էր Ռուսաստան՝ հայկական արտադրության լոլիկի անվան տակ։ Իհարկե, ոչ թե ռեէքսպորտ, այլ ուղղակի՝ էքսպորտ։ Բնական է, դրանք շուտ հայտնաբերվեցին և արգելափակվեցին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ֆերմերային շարժում» հ/կ նախագահը՝ ընդգծելով, որ երբեմն էլ լինում է հակառակը, քաղաքական շահերից ելնելով՝ անտեսվում են ներկրման համար պահանջվող չափորոշիչներ։

«Օրինակ, երբ Ռուսաստանը քաղաքական նպատակներով արգելեց վրացական գինիների ներմուծումը Ռուսաստանի տարածք, այդ նույն ժամանակ, ԵՄ-ն, ի հակառակ Ռուսաստանի, մոռացավ վրացական գինիներին ներկրմանը ներկայացվող ԵՄ պահանջները և թույլատրեց վրացական գինիների մուտքը ԵՄ երկրներ։ Ինչևէ, բոլոր դեպքերում պետք է հիշենք, որ բույսերը նույնպես կենդանի օրգանիզմ են և նրանք էլ կարող են հիվանդանալ և վարակվել գյուղատնտեսական տարբեր հիվանդություններով։ Այդ նպատակով էլ, գյուղատնտեսական հիվանդությունների և վնասատուների դեմ կազմակերպում են քիմիական պայքարի տարբեր միջոցառումներ։ Խորհրդային տարիներին այդ պայքարը կրում էր համատարած բնույթ, լայնամասշտաբ էր և արդյունավետ, իսկ այժմ կրում է լոկալ, տեղային բնույթ, և նրա ազդեցության արդյունավետությունը շատ ցածր է»,- նշեց նա:

Հարցին՝ ինչի՞ց է կախված ստացվող բանջարեղենի վերջնական որակը, «Ֆերմերային շարժում» հ/կ նախագահը պատասխանեց.

«Բանջարեղենի որակը կախված է մի շարք գործոններից, որոնցից ամենակարևորները հանդիսանում են սերմի ժառանգական ծագումը, որակը և մշակման միջավայրը (հողը, ջուրը, թունաքիմիկատները, պարարտանյութը և այլն)։ Անկեղծ ասած, տարիներ շարունակ, տեղական արտադրության բանջարեղեն ենք օգտագործել, բայց չգիտենք, թե այդ բանջարեղենի որակը երբևէ ստուգվե՞լ է։ Երբևէ նորմալ ձևով ստուգվո՞ւմ է, թե բանջարեղենի ինչպիսի՞ սերմեր են ներկրում մեր երկիր՝ գենետիկորեն մոդիֆիկացված, հիվանդ և այլն, ինչպիսի՞ թունաքիմիկատներ և պարարտանյութեր են ներկրում՝ անորակ, ժամկետանց թե վնասակար, ստուգվո՞ւմ է ոռոգման ջրի որակը, և այլն։

Եվ, եթե մի երկրում գյուղատնտեսությունից և գյուղատնտեսության կարևորությունից չհասկացող մեծամիտ ղեկավարները գյուղատնտեսության նախարարություն են փակում, գյուղատնտեսական ՊՈԱԿ-ներ են փակում, որոնք ստուգում էին հողի, ջրի, սերմերի և այլ նյութերի որակները, և չգիտեն, թե ինչ բան է երկրի պարենային ապահովվածությունը, ապա ներկայիս, համատարած անտարբերության և անտերության պայմաններում, երբ ոլորտը հանձնված է փորձառություն չունեցող, կիսագրագետ, մեծամիտ կադրերի ձեռքը, ավելորդ է խոսել գյուղատնտեսության ոլորտի զարգացման և գյուղմթերքների անվտանգության մասին»։

Տեսանյութեր

Լրահոս