
Մեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է «Սուրբ Ծնունդը չարգելել» COVID-ի պատճառով

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ չի պատրաստվում «չեղարկել Սուրբ Ծնունդը», բայց բրիտանացիներին հորդորել է տոնը կատարել ավելի համեստ: Այդ մասին հաղորդել է Sky News հեռուստաալիքը: «Ուստի ձեզ համար կազմակերպեք սուրբծննդյան փոքր տոն: Բայց պատվաստանյութի եւ մյուս այն բոլոր միջոցառումների առնչությամբ, որոնք մենք ձեռնարկում ենք, գիտենք, որ մինչեւ Զատիկ գործերը երկրում ավելի լավ կընթանան»,-ասել է Ջոնսոնը:
Նա հավելել է, որ չի պատրաստվում «չեղարկել կամ արգելել Սուրբ Ծնունդը»: Դրա փոխարեն Ջոնսոնը խորհուրդ է տվել բրիտանացիներին՝ առավելագույնս կրճատել շփումները հինգ օրվա ընթացքում՝ մինչեւ սահմանափակումների մեղմացումը, որն ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 23-ին: Այդ պահից ընտանիքներին կարելի կլինի տոնական հինգ օրերի ընթացքում հավաքվել երեքական հոգով: Մեծ Բրիտանիայի վարչապետը նաեւ հանձնարարել է երկրի բնակիչներին՝ ըստ հնարավորինս գիշերել տանը, մի փոքր հետաձգել տարեց հարազատների հետ հանդիպումները, եթե միայն նրանք պատվաստում չեն ստացել, խուսափել մարդկանց կուտակումներից սպառավաճառքների ժամանակ եւ Ամանորը չտոնել մեծ խմբերով:
Առաջին շաբաթվա ընթացքում Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի դեմ պատվաստում է ստացել ավելի քան 137 հազար մարդ: Երկրում օգտագործում են ամերիկյան Pfizer ընկերության՝ գերմանական BioNTech ընկերության հետ մշակված պատվաստանյութը, որի արդյունավետությունը, ըստ եզրափակիչ կլինիկական փորձարկումների արդյունքների, կազմել է 95 տոկոս: Համավարակի ժամանակ Միացյալ Թագավորությունում կորոնավիրուս է հայտնաբերվել ավելի քան 1,8 մլն մարդու մոտ, ախտահարված 64,9 հազար մարդ մահացել է, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: