Ամանորը Նյու Յորքի Թայմս-սքվերում կարելի կլինի դիմավորել միայն հեռավար
Նյու Յորքի Թայմս-սքվեր հրապարակում Ամանորի ավանդական դիմավորումն այս տարի կանցկացվի հեռավար. այցելուներին հրապարակ չեն թողնի: Այդ մասին գրում է The Hill-ը՝ վկայակոչելով The Times Square Alliance and Countdown Entertainment տոնի կազմակերպիչներին:
Տոնական միջոցառումը հրապարակում կանցկացվի առանց հանդիսատեսների, բայց կհեռարձակվի հեռուստատեսությամբ եւ Համացանցով: Այն կազմակերպում են, հաշվի առնելով քաղաքում գործող բոլոր համաճարակաբանական պահանջները, եւ բժշկական փորձագետների հետ կոնսուլտացիաներից հետո:
Այն բոլոր մարդկանց, ում թույլ կտան հրապարակ գալ, պարտավոր կլինեն նախնական թեստ հանձնել եւ բուժզննում անցնել: Նաեւ բոլոր ներկաներն ամբողջ ժամանակ դիմակներ են կրելու, բացի ելույթին անմիջական մասնակցելուց, եւ շոուն պլանավորվելու է՝ հաշվի առնելով սոցիալական հեռավորությունը:
Միջոցառման հատուկ հյուրեր կդառնան «2020 թվականի հերոսները», այդ թվում՝ արտակարգ ծառայությունների աշխատակիցները, բժիշկները, կորոնավիրուսային հիվանդների հետ աշխատողները եւ նրանց ընտանիքները: Սեպտեմբերին տոնի կազմակերպիչները կարծում էին, որ, ամենայն հավանականությամբ, այն կանցկացվի վիրտուալ՝ հաշվի առնելով Ամանորի գիշերը սոցիալական հեռավորության պահպանումն ապահովելու դժվարությունները: Դեկտեմբերի 14-ին Նյու Յորքի քաղաքագլուխ Բիլ դե Բլազիոն նախազգուշացրել է, որ քաղաքը կարող է ամբողջությամբ փակվի COVID-19-ի հիվանդացության աճի պատճառով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: