Բաժիններ՝

Առաջին հորիզոնականում է «Երկնքից երեք խնձոր ընկավ» գիրքը

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը ներկայացվում է նոյեմբերի վաճառքների հիման վրա:

Առաջին հորիզոնականում է Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» գիրքը: Հայկական մի փոքրիկ լեռնային գյուղի բնակիչների գլխին ինչ ասես չի գալիս՝ երաշտ, սով, նույնիսկ երկրաշարժ։ 58-ամյա Անատոլիան՝ գյուղի 50 բնակիչներից ամենաերիտասարդը, մի օր արթնանում է արնահոսությամբ։ Երբ պարզում է, որ արգանդի արնահոսությունից չի մեռնում, ընդունում է գյուղի դարբնի ամուսնության առաջարկը։ Այրին, որ առանց զավակի ապրել էր առաջին դաժան ամուսնությունը, պետք է որոշի կյանքը շարունակե՞լ Վասիլի հետ, թե՞ ոչ։ Վիշտը, հավատալիքներն ու սովորույթներն Աբգարյանը ներկայացնում է լեռնային գյուղի կախարդական մանրամասներով՝ ցույց տալով իր իշխանությունը կերպարների նկատմամբ: Թարգմանությունը՝ Նաիրի Խաչատրյանի։

Երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում Մարկ Արենի «Սուրբծննդյան հրեշտակը» վիպակը: Ամեն տարի Սուրբ Ծնունդին հրեշտակները երկնքից իջնում են երկիր՝ մարդկանց երազանքներն իրականացնելու: Բայց օգնել կարողանում են միայն նրանց, ում տեսնում են: Հրեշտակն օգնության է հասնում Քրիստինեին, նրանք սիրահարվում են իրար: Հրեշտակը կանգնում է երկընտրանքի առաջ.կա՛մ թողնել իր մեծ սերը և վերադառնալ երկինք, կա՛մ մնալ երկրի վրա և դառնալ սովորական մահկանացու…Թարգմանիչ՝ Հովհաննես Այվազյան:

Երրորդ հորիզոնականում է թուրք ժամանակակից գրող Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը» ստեղծագործությունը: «Ստամբուլի բիճը» վեպում հեղինակը վեր է հանում թուրք հասարակության բազմաթիվ ներքին խնդիրներ, որոնց թվում կարևորագույն տեղ է զբաղեցնում Հայոց մեծ եղեռնը` որպես թուրքի հոգեբանության չհաղթահարվող բարդույթ: Ինչպես բնորոշ է Թուրքիային, գրքի հրապարակումից հետո երկրում դատավարություն է սկսվում հեղինակի դեմ` հայտնի 301 հոդվածի համաձայն` թրքությունը վիրավորելու համար: Ողջ դատավարության ընթացքում Թուրքիայում վեպն արգելված է եղել, իսկ երբ հեղինակը հաղթել է դատը, դրանից հետո միայն այն վաճառքի հնարավորություն է ստացել: Թարգմանիչ՝ Արփի Աթաբեկյան:

Մարկ Արենի «Ռեքվիեմ Հուդայի համար» ստեղծագործությունը չորրորդ տեղում է: Գիրքը ﬔզ պատմում է Հուդայի մասին, որն աշխարհ է վերադարձել իր հոգու փրկության համար: Շուրջ երկու հազար տարի նա տանջվել է, և ահա հասել է ժամը, որպեսզի մարդիկ հասկանան, որ ինքը ոչ թե մատնիչ է, այլ Աստծու կամքը կատարողն է Քրիստոսի՝ մարդկանց ﬔղքերի համար խաչվելու հարցում: Եվ այսօր նա Էջﬕածնում՝ Բարձրագույն խորհրդի առաջ, փորձում է արդարացնել իրեն: Դեպքերը ծավալվում են սկսած Քրիստոսի ժամանակաշրջանից ﬕնչև ﬔր օրերը աշխարհի տարբեր քաղաքներում՝ Մոսկվայում, Կահիրեում, Օհայոյում, Երուսաղեմում, Ամստերդամում, Փարիզում և այլուր: Թարգմանիչ՝ Հովհաննես Այվազյան:

Էլիֆ Շաֆաքի «Եվայի երեք դուստրերը» հինգերորդ հորիզոնականում է: Կրոնական բացարձակ տարբեր հայացքներ կրող մարդկանց համագոյակցման, ապրումակցման և դրա բացակայության, միմյանց հասկանալու, ըմբռնելու և ընտրությունը հարգելու մասին այս վեպը հատկանշական է թե՛ որպես ֆեմինիստական, թե՛ որպես կրոնի քննադատական գործ: Այն կրոնի և հատկապես կանանց վրա կրոնի ազդեցության ու հետևանքների մասին վերջին շրջանում Էլիֆ Շաֆաքի կարևորագույն գործերից մեկն է: Թուրքերենից թարգմանեց Արփի Աթաբեկյանը:

Վեցերորդ հորիզոնականն է զբաղեցնում Աբբա Պրևոյի «Մանոն Լեսկոն» : Պրևոն իր հանրահայտ վեպում ֆրանսիական 18-րդ դարի առաջին կեսի կյանքի ֆոնի վրա նկարագրում է Մանոն Լեսկոյի և ասպետ դե Գրիյոյի սիրո պատմությունը, որը երիտասարդ անհատի սիրո ուժի, նրա բորբոքուն կրքերի, մարդկային խորը զգացմունքների պատմություն է: Թարգմանությունը՝ Վ. Գիլանյանի:

Ջորջ Օրուելի «1984» վեպը յոթերորդ հորիզոնականում է: 1949 թ. հրատարակված «1984» հանրահայտ վեպը նախկին ԽՍՀՄ տարածքում առաջին անգամ լույս տեսավ միայն 1988 թ.։ Տարբեր ժամանակներում տարբեր երկրներում վեպը պարբերաբար արգելվել է՝ երբեմն ծիծաղելի պատճառա­բանություններով։ 2009 թ.-ին The Times լրագիրը վեպն ընդգրկել է վերջին 60 տարում հրատարակված 60 լավագույն գրքերի ցանկում, իսկ Newsweek հանդեսը բոլոր ժամանակների և ժողովուրդների 100 լավագույն գրքերի շարքում «1984»-ին հատկացրել է երկրորդ տեղը։ Թարգմանիչ՝ Աստղիկ Աթաբեկյան:

Էլիֆ Շաֆաքի «Պատիվ» գիրքն ութերորդ տեղում է: Շաֆաքի այս գիրքը, միահյուսելով Արևելքի և Արևմուտքի մոտիվները, պատմում է մարդկանց մասին, ովքեր դարձել են իրենց ավանդույթների և բարոյական ըմբռնումների պատանդը: Պատմությունն ընթանում է միանգամից մի քանի ժամանակային շերտում, որոնք աստիճանաբար տանում են մի կետի, ավելի ճիշտ՝ գրքի հիմնական իրադարձությանը՝ սպանություն հանուն ընտանիքի պատվի: 1978-ի նոյեմբերի 14-ին ամբողջ ընտանիքի կյանքը փոխվում է կործանարար մի արարքի պատճառով: Գործողություն, որն արդարացում չունի: Որը խաչ է քաշում ներկայի վրա, փոխարենը բացում է անցյալի փակ մնացած ծալքերը՝ սարսռեցնելով բոլորին… Սա պատում է ընտանիքի մի քանի սերունդների մասին՝ Թուրքիայում և Անգլիայում բնակվող: Հին ավանդույթների համաձայն ապրող ընտանիք, որի համար պատիվն ամենակարևորն է: Սա պատմություն է երկվորյակ քույրերի, պատմությունը մոր և որդու, դժբախտ սիրո, ցավի ու զղջման… Թուրքերենից թարգմանեց Արփի Աթաբեկյանը:

Իններորդ տեղում է Խալեդ Հոսեյնիի «Հազար չքնաղ արևներ» գիրքը: 2007 թվականին լույս տեսած այս վեպը անկեղծ ու հուզիչ գիրք է Աֆղանստանի ոչ վաղ անցյալի մասին` այս անգամ կանանց աչքերով: Վեպի հիմնական թեման Աֆղանստանում կանանց իրավունքների ոտնահարումն է, նրանց հանդեպ բռնությունն ու դաժանությունը: Զրուցելով Քաբուլի բազմաթիվ կանանց հետ և լսելով նրանց հոգեկեղեք պատմությունները՝ Հոսեյնին գրել է «Հազար չքնաղ արևները» և նվիրել այն Աֆղանստանի կանանց: Վեպը օգնում է ավելի լավ հասկանալու Աֆղանստանի դժնդակ պատմությունը, մշակույթն ու ժառանգությունը, իսկ անմարդկային պայմաններում ապրող ժողովրդի հերոսությունը կարող է միայն հիացմունք առաջացնել: Թարգմանությունն անգլերենից` Մարիա Սադոյանի:

«Դետեկտիվի թագուհի» Ագաթա Քրիստիի «Սպանություններ այբբենական կարգով» գիրքը տասներորդ տեղում է։ 1936թ. լույս տեսած «Սպանություններ այբբենական կարգով» ստեղծագործությունը Ագաթա Քրիստիի ամենանշանավոր վեպերից է: Ամբողջ Անգլիան ցնցած ABC անունով հայտնի սերիական մարդասպանը իր նպատակին հասնելու համար սպանում է սովորական կյանքով ապրող և իրար հետ ոչ մի կապ չունեցող մարդկանց՝ ըստ նրանց անունների այբբենական կարգի: Մարդասպանի դեմ պայքարում է Էրքյուլ Պուարոն՝ նշանավոր խուզարկուն՝ փորձելով բացահայտել մութ պատմության բոլոր մանրամասները: Թարգմանությունը՝ Էդիտա Շադոյանի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս