Արցախյան հրադադարի կայունության համար հարկավոր է «Մոխրագույն գոտու» ձևավորում․ Եվսեև

«Հակամարտության գոտում հրադադարի խախտումները և միջադեպերը կարող են շարունակական բնույթ կրել, եթե մի շարք  քայլեր չնախաձեռնվեն»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով Հադրութի շրջանի հայկական գյուղերի ուղղությամբ ադրբեջանական սադրանքներին և հետագա զարգացումներին։

Եվսեևն  ասաց, որ ժամանակակից հակամարտությունների հրադադարներն ուսումնասիրելիս կարելի է հասկանալ, որ միայն  հրադադար հայտարարելը, խաղաղապահ առաքելություն տեղակայելը,  տեղերում կանգնեցնելը բավարար չէ, իրավիճակի բռնկման հավանականությունը չափազանց մեծ է, հատկապես, երբ կողմերը լիարժեք համաձայն չեն ստեղծված իրավիճակին, տեղակայված են բարդ  լեռնային տեղանքում՝ չհստակեցված սահմանների դեպքում։ Սա հատկապես, ըստ Եվսեևի, կարևոր է  ողջ շփման գծում  և  այն հատվածներում, որոնք շատ մոտ են տեղակայված միմյանց, բարդ են, ինչպիսին Հադրութի դեպքն է, որից միայն մի քանի գյուղ են հայկական  վերահսկողության տակ։

Նրա խոսքով՝ Դոնբասի իրադարձությունները և հրադադարի բոլոր փորձերը ևս ցույց են տալիս, որ հրադադարին զուգահեռ՝ հավելյալ ամրապնդող միջոցառումների, առանձնահատուկ որոշումների անհրաժեշտություն է առաջանում։ Լուծում, նրա համոզմամբ, կարող է լինել «Մոխրագույն գոտու» ձևավորումը կողմերի միջև, որում չի լինի ո՛չ հայկական, ո՛չ ադրբեջանական ԶՈՒ, դա պետք է լինի հակամարտող կողմերի տարանջատման հատվածում։ Ռազմագետի վստահեցմամբ՝ սա էապես կնվազեցնի սադրանքների հավանականությունը։

«Շատ կարևոր է, որպեսզի արձանագրվի նաև, որ ծանր սպառազինությունը ևս հեռացվում  է առաջնագծից։ Սա ես նախկինում ևս ասել եմ, այդ իմաստով, կարծում եմ, ոչինչ չի փոխվել, եթե հրադադար է, ինչո՞ւ է այն կանգնած առաջնագծում։ Չկա նաև միջադեպերի վերահսկողության, խախտումների արձանագրման մեխանիզմ, ինչը ձևավորված լինելու դեպքում կարող էր օգտակար լինել կողմերի և միջնորդների համար խախտողին  որոշելու համար։ Իսկ «Մոխրագույն գոտին» կարևոր հանգրվան կարող է լինել, և այն կարող է վերահսկել ռուսական կողմը՝ սահմանելով, որ այն մնալու է չեզոք, և որևէ կողմ մուտք չի գործելու այդ տարածք։ Այդ գոտին օգտակար կարող է լինել նաև ռուս խաղաղապահ կոնտինգենտի աշխատանքի տեսանկյունից, քանի որ կոնտինգենտը սահմանափակ է, իսկ շփման գիծը՝ երկար, որը վերահսկելը հատկապես բարդ տեղանքում, լեռնային, կտրված կապից, այլ ենթակառուցվածքներից, բարդ է, ուստի այդ  հատվածները պետք է վերահսկվեն՝ անընդհատ տեղափոխվելով մի բնակավայրից մյուսը, քանի որ այդքան ռեսուրս չկա»,- ասաց Եվսեևը։

Նրա խոսքով, բավականին շատ անելիք կա նոր բախումներ թույլ չտալու համար, թեև դրանք այլևս լայնածավալ չեն լինի։ Եվսեևի կարծիքով՝ խաղաղապահ կոնտինգենտի թվաքանակի ավելացման մասին խոսելը դեռ վաղ է, թեև ռուսական կողմն ըստ էության դրան դեմ չէ։ «Սակայն այստեղ խնդիրը ճիշտ մեխանիզմ մշակելն է»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ այսօր իր ամենամյա «Մեծ ասուլիսի» ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասաց, որ խաղաղապահների թվաքանակի ավելացում  հնարավոր է բոլոր կողմերի համաձայնության և պայմանավորվածության արդյունքում, այդ թվում՝ ադրբեջանական, քանի որ ի սկզբանե որոշվել է, համաձայնեցվել թիվը,  մարդիկ համարժեք են գնահատել իրավիճակը երկու կողմերից, և դա զուտ տեխնիկական բնույթ ունեցող հարց է։

«Եթե կողմերը համաձայնություն հայտնեն, որ դա հարկավոր է, մենք դա կանենք, եթե ոչ, ապա չենք անի։ Բայց այնտեղ խոսքը միայն խաղաղապահների մասին չէ, այլ ԱԻՆ ծառայողների և ՌԴ սահմանապահ ծառայության»,- ասել է Պուտինը։

Տեսանյութեր

Լրահոս