Ի՞նչ է տեղի ունեցել Մարտունիում՝ մանրամասներ է հայտնում հոգևորականը. «Եկեղեցի մտնող մարդիկ չեն նրանք»

Երեկ Հայ Առաքելական Եկեղեցու Գեղարքունյաց Թեմը հայտարարություն էր տարածել, որում մտահոգություն էր հայտնել Մարտունի համայնքում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 11-ին  Մարտունի քաղաքի մի խումբ բնակիչներ արգելել էին  հոգևոր հովիվ Տեր Սիմոն քահանա Տեր-Մկրտչյանին մուտք գործել եկեղեցի՝ փակելով եկեղեցու դուռը, հայհոյելով և հրմշտելով քահանային։ Պատճառը, ինչպես նրանք են պնդել, եղել է քահանայի մասնակցությունը Երևանում տեղի ունեցած դեկտեմբեր 5-ի հանրահավաքին, քարոզներում նրա կողմից «քաղաքական հայտարարություններ» հնչեցնելը և այլ դժգոհություններ։

«Միջադեպից անմիջապես հետո առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ․ Պարթև վարդապետ Բարսեղյանն այցելել է Մարտունի համայնք՝ Սբ. Աստվածածին եկեղեցի, հանդիպել քահանայից դժգոհող անձանց հետ՝ հորդորելով զերծ մնալ անհանդուրժողականությունից և հայհոյանքներից և առաջնորդվել քրիստոնեական սիրով և գիտակցությամբ, որպեսզի խաղաղ մթնոլորտի մեջ լուծում տրվի առաջացած խնդրին։ Հայր Սուրբն անընդունելի է համարել տեղի ունեցած միջադեպը՝ եկեղեցու դուռը փակելը և քահանայի հասցեին վիրավորանքներ ու հայհոյանքներ հնչեցնելը։

Նկատի ունենալով հայաստանյան ներքաղաքական և հետպատերազմական լարված իրավիճակը՝ ուզում ենք հավատալ, որ վերոհիշյալ միջադեպը կազմակերպված և ուղղորդված չէ հակաեկեղեցական կամ այլ ուժերի կողմից»,- մասնավորապես նշված էր հայտարարության մեջ:

Թեև Հայ Առաքելական եկեղեցին ու եկեղեցականներն «ուզում են հավատալ», որ միջադեպն ուղղորդված չէր, սակայն տարածվող խոսակցություններն այլ բան են ասում.  Mediaport տելեգրամյան ալիքը մասնավորապես նշում է, որ միջադեպն ուղիղ կապ ունի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Գեղարքունիքի մարզը ներկայացնող Հայկ Սարգսյանի անվան հետ:  «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանը (շիշ բռնող) սադրիչներ է ուղակել, որոնք Մարտունիում փակել են եկեղեցու մուտքը, Տեր Սիմոն քահանային թույլ չեն տվել մտնել եկեղեցի, հայհոյել ու հրմշտել են քահանային»,- գրել է Mediaport-ը՝ հավելելով, որ  պատճառը հոգևորականների կողմից Նիկոլ Փաշինյանին ներկայացված հրաժարականի պահանջն է:

Այս տեղեկությունների վերաբերյալ Հայկ Սարգսյանի տեսակետը լսելու մեր բոլոր փորձերն անհաջող էին. զանգերը մնացին անպատասխան:

Իսկ քահանան՝ Տեր Սիմոն Տեր-Մկրտչյանը, որը համարձակվել էր սեփական դիրքորոշում ունենալ ու դրա համար արժանացել ինչ-որ խմբի կողմից «պատժիչ գործողության», մեզ հետ զրույցում մասնավորապես ասաց.

«Ես սիրում եմ իմ հայրենիքը, իմ ընտանիքը, իմ հավատը, որն ինձ համար սրբություն է, ու դրա համար պայքարել եմ ու պայքարում եմ: Պետք է արդեն ոստիկանությունում գործ հարուցվի նրանց դեմ՝ օրենքի սահմաններում: Բոլորին ճանաչում եմ՝ իմ  հոգեզավակներն են, բայց ոչ եկեղեցու. եկեղեցի մտնող մարդիկ չեն նրանք»:

Նկատենք՝ հոգևորականի որդին Եղնիկների հոգևոր հովիվն է ու պատերազմի ժամանակ եղել է Արցախում, միջադեպի ժամանակ գյուղում արձակուրդում է եղել, սակայն վիճաբանողների ձեռքը նրան էլ է հասել. «Ինքն էլ է վեճի մեջ  ընկել. հիմա իր դեմ էլ է գործ հարուցված՝  նույն դեպքի հետ կապված»:

Հոգևորականն այլ մանրամասներ չհայտնեց՝ խնդրելով դիմել թեմի առաջնորդին:

Ի՞նչ է ստացվում՝ ժողովրդավարության բաստիոն Հայաստանում ինչ-որ խմբակ կարող է արգելել հոգևոր սպասավորին ունենալ կարծի՞ք, ապա նաև՝ իր ծառայությո՞ւնը մատուցել, չհարգել պատերազմ անցած նրա որդո՞ւն:  Գուցե սա Վեհարանում ցույցեր անցկացնելու և վեհափառին շրջափակելու «ժողովրդավար խմբակների» որդեգրած քաղաքականության շարունակությո՞ւնն է:

Եվ վերջում՝ քրիստոնեությունն առաջինը պետականորեն ընդունելու փաստով պարծեցող մեր հայ ազգի ներկայացուցիչները, որոնք քահանային արգելում են մտնել Աստծո տուն, որովհետև նա համարձակվել է այլ կերպ մտածել, արդյոք չե՞ն լսել աստվածաշնչյան հայտնի պատգամը.  «Մի դատեք, որ չդատվեք… «որովհետև ինչ դատաստանով որ դատում եք, նրանով պիտի դատվիք. ինչ չափով որ չափում եք, նրանով կչափվի ձեզ» Մատթեոս 7:1»:

Տեսանյութեր

Լրահոս