«Ադրբեջանական կողմը և Թուրքիան միտումներ ցույց չեն տալիս, որ փոխելու են իրենց ռազմավարությունը»
Դեկտեմբերի 10-ին Բաքվում տեղի ունեցած շքերթի ժամանակ աշխարհի քարտեզի վրա 1918թ. հայտնված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե իբր Զանգեզուրն ու Երևանն ադրբեջանական պատմական տարածքներ են։ Տասնամյակներ շարունակ Արցախի Հանրապետության տարածքների նկատմամբ ունեցած նկրտումներից հետո, այժմ Ադրբեջանի պետական քաղաքականության ռազմատենչ կուրսը փոխվել է դեպի միջազգայնորեն ճանաչված Հայաստանի Հանրապետության պետական սահմանները:
168.am-ի հետ զրույցում «Օրբելի» վերլուծական կենտրոնի Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը նշեց, որ Ալիևի հայտարարությունները, թեկուզ մի քիչ դիվանագիտական ձևակերպումներով, ցույց են տալիս, որ Ադրբեջանը չի հրաժարվում և չի հրաժարվելու իր ագրեսիվ քաղաքականությունից։
«Թե ինչպես կընթանան հետագա գործողությունները, այդ ամենը ժամանակի հարց է և կախված է, թե ինչպիսի զարգացման ուղի կընտրի Հայաստանը և ինչպիսի քայլեր կիրականացնի։
Ես կարող եմ ասել, թե ինչ պետք է անի հայկական կողմը, թե ինչ է անում, ես չեմ կարող ասել, նախ՝ պատերազմի հետևանքները դեռ թարմ են, տեղի են ունենում ոչ ֆորմալ սահմանազատումների գործընթացներ, որի ընթացքում նոր խնդիրներ են ի հայտ գալիս, մասնավորապես՝ Սյունիքի մարզում, հատկապես՝ այն հատվածում, որտեղ տեղակայված է մարզկենտրոն Կապանը»,- ասաց փորձագետը։
Նրա խոսքով՝ վերը նշված տարածքներում հայկական կողմը պետք է ջանքեր գործադրի հնարավորինս բարենպաստ դիրքեր զբաղեցնելու ուղղությամբ։
«Այս մասով հանրային դաշտում և իմ ունեցած տեղեկատվությամբ, կարծում եմ՝ երևացող աշխատանքը բավարար չէ, այսինքն՝ որոշակի խնդիրներ կան, որոնց մասին ազդակներ ստացվում են, և կարծում եմ՝ այս հարցում պետք է ավելի ակտիվ ներգրավում ունենալ։ Թե ինչն է դրան խանգարում, որոնք են օբյեկտիվ կամ սուբյեկտիվ խնդիրները՝ չեմ տիրապետում, ըստ այդմ այդ մասով ոչինչ չեմ կարող ասել։ Այսինքն՝ համապատասխան գերատեսչությունները, մարմինները պետք է իրենք ներկայացնեն և ասեն, թե որտեղ ինչ խնդիր կա, և ինչպես են լուծվում դրանք։ Կարծում եմ՝ այստեղ բավականին լուրջ աշխատանք կա անելու, և դրա արդյունքները կարող են միայն բավականին փոփոխություններ բերել։ Կրկնում եմ՝ չգիտեմ, թե այստեղ գերատեսչությունների միջև ինչպիսի պայմանավորվածություններ կան, և խնդիրները լուծելու ինչպիսի օբյեկտիվ ու սուբյեկտիվ խոչընդոտներ կան»,- շեշտեց նա։
Ըստ նրա՝ այստեղ շատ կարևոր է սահմանային գյուղերի անվտանգության ապահովումը, այն հատվածներում, որտեղ պատասխանատվությունը ստանձնել է Անվտանգության ծառայության սահմանապահ ուժերը, նմանատիպ աշխատանքներ իրականացնում են։
Ինչ վերաբերում է Արցախի հարցին ու բանակցություններին, Տարոն Հովհաննիսյանը նկատեց՝ բնականաբար, այսօր էլ Արցախի հարցը գոյություն ունի, այլ հարց է, թե կողմերը դրան ինչպես են մոտենում։
«Կարծում եմ՝ բանակցային գործընթացի մասին խոսելը դեռևս վաղ է, որովհետև հստակ նախանշաններ չկան բանակցային գործընթացի վերականգնման վերաբերյալ։ Համանախագահ երկրներից կան ազդակներ, որ ձևաչափը պետք է նույնը մնա, այսինքն՝ եռանախագահության շրջանակներում, բայց թե երբ կվերականգնվի և ինչպիսի օրակարգով՝ առայժմ վաղ է դրա մասին խոսելը։ Հայկական կողմից առայժմ ստացած հայտարարություններից ու ուղերձներից նախանշվում է, որ մեխը պետք է լինի Արցախի կարգավիճակի ճանաչումը, իսկ ադրբեջանական կողմից, ամեն դեպքում նրանց պաշտոնական աղբյուրները՝ երկրի ղեկավարի գլխավորությամբ, պնդում են, որ իրենց համար Արցախի հարց գոյություն չունի, և դա իրենք լուծել են ռազմական ճանապարհով»,- ասաց Տարոն Հովհաննիսյան։
Հարցին՝ Ադրբեջանի հետ հնարավո՞ր է երկխոսության միջոցով հարցեր լուծել, ինչպես ԱԺ ամբիոնից հայտարարել էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, Տարոն Հովհաննիսյանը պատասխանեց, որ ՀՀ պատգամավորների հայտարարությունները չի մեկնաբանում։
Հարցն առանց անուններ վկայակոչելու ձևակերպեցինք՝ այդուհանդերձ Ադրբեջանի հետ հնարավո՞ր է երկխոսության միջոցով հարցեր լուծել, Տարոն Հովհաննիսյանը պատասխանեց, որ սա շատ աբստրակտ հարց է, ամեն ինչի հնարավորությունն ու հավանականությունն էլ կա, այլ հարց է, թե պատմական կոնկրետ իրավիճակում այդ հավանականությունը որքան է։
«Այդ պահին այդ հավանականությունը շատ ցածր է, տեսանելի ապագայում այդ հավանականությունը կրկին ցածր է լինելու, որովհետև ադրբեջանական կողմը և Թուրքիան միտումներ ցույց չեն տալիս, որ փոխելու են իրենց ռազմավարությունը»,- եզրափակեց նա։