Երեխաներին մանկությունից զրկելու իրավունք չունենք. Վանաձորի թատրոնում նոր ներկայացումներ են սպասվում

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Լուսինե Սահակյանը վստահ է՝ մշակույթի ուսերին է դրված թևաթափ վիճակից մարդկանց դուրս բերելու առաքելությունը: Այդ նպատակով թատրոնում ամանորյա ներկայացումներ են բեմադրվում, փորձեր ընթանում:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տնօրենը տեղեկացրեց, որ դեկտեմբերի 20-ից օրվա ընթացքում երեք անգամ ամանորյա ներկայացումներ են խաղալու: Փոքրիկ հանդիսատեսին մատուցելու են Վլադիմիր Իլյուխովի «Դեղ ագահության դեմ» ստեղծագործության հիման վրա բեմադրված «Կախարդական փոշին» ներկայացումը:

«Գործը բավականին հետաքրքիր շերտեր ունի. այն դաստիարակչական բնույթի է, ուրախ ու գեղեցիկ, ինչի կարիքը մեր փոքրիկները հատկապես այս օրերին շատ ունեն»,-նշեց Սահակյանն ու հիշեցրեց, որ թատրոնն առաջիններից էր, որն Արցախից Հայաստան եկած երեխաների համար բարեգործական ներկայացումներ սկսեց ցուցադրել: Ընդհանուր առմամբ բեմադրությունները դիտել է 180 երեխա: Արցախցի երեխաներին հրավիրելու են նաև Ամանորյա ներկայացումներին: Թատրոնում այժմ խաղում են միայն երեխաների համար:

Տնօրենի հավաստիացմամբ՝ ծանր իրավիճակից աստիճանական ելք պետք է գտնել նաև մեծահասակների համար ներկայացումներով, բայց այս տարի դժվար թե հանդիսատես ունենան՝ երեկոյան ներկայացումներ խաղալով: «Մշակույթի ուսերին է դրված թևաթափ վիճակից մարդկանց դուրս բերելու առաքելությունը: Ավաղ, շատ ենք կոտրված, բայց պետք է հավաքվել ու անցնել բեմական կյանքն ակտիվացնելուն. մենք պարտավոր ենք անել դա»,-շեշտեց Սահակյանը:

Նրա խոսքով՝ չնայած բազմաթիվ խնդիրներին, թատրոնում աշխատանքը երբեք չի դադարել: Փորձեր են ընթանում, քանի որ անհրաժեշտ է դերասաններին լավ մարզավիճակում պահել: Աշխատում են Ֆրանսիս Վեբերի «Ընթրիք ապուշի հետ» բեմադրության վրա, որի փորձերը ժամանակավորապես ընդհատվել էին: Նախաձեռնել են նաև մանկական նոր ներկայացում, որի բեմադրական գործընթացն այս պահին դադարեցված է: Հաջորդ տարի են այն հանձնելու փոքրիկ թատերասերներին:

«Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո մարդիկ խոսում էին այն մասին, որ տոնածառ չեն դնելու, Ամանորը չեն նշելու և այլն: Երեխաներին մանկությունից զրկելու իրավունք որևէ մեկն իրեն չվերապահեց այդ տարիներին: Այսօր նույնպես որևէ մեկը դրա իրավունքը չունի: Շեշտում եմ, որովհետև հանրության մեջ հիմա էլ հարցի շուրջ տարակարծություն կա: Չեմ ասում՝ երեխաները երգելով կամ պարելով պետք է նշեն Նոր տարին, բայց ամանորյա հրաշքը գոնե տոնածառի միջոցով պետք է զգան: Մենք պետք է ոտքի կանգնենք, ուղղենք մեր մեջքը: Այլ տարբերակ չունենք»,-եզրափակեց Լուսինե Սահակյանը:

Տեսանյութեր

Լրահոս