«Բա չտա՞նք բուհին ակադեմիական ազատություն». ԿԳՄՍ պաշտոնյան՝ հայագիտական առարկաների ոչ պարտադիր դառնալու մասին
Դեռևս անցած տարվանից քննարկվող և դեկտեմբերի 3-ին Կառավարության կողմից անհետաձգելի կարգով ԱԺ ուղարկված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի մի շարք կետեր դժգոհության մեծ ալիք էին բարձրացրել: Դրանցից մեկն այն էր, որ օրենքի նախագծով բուհերում հայոց լեզու և հայոց պատմություն առարկաները ոչ մասնագիտական ֆակուլտետներում չեն համարվում դասավանդման համար օրենքով պարտադրվող առարկաներ, և դա թողնում են բուհերի հայեցողությանը: Այսօր ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկի հարցին ի պատասխան, անդրադառնալով հայագիտական առարկաների թեմային, ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանն ասաց.
«Բա նոր մենք խոսում էինք ակադեմիական ազատությունների մասին, բա չտա՞նք բուհին ակադեմիական ազատություն: Խոսքը վերաբերում է կրթական ծրագրերի կազմման և մասնագիտական մոտեցումների և ակադեմիական ազատության, ես նկատի ունեմ՝ քննարկումների, մեթոդների և մնացածի ապահովման մասին, ընդամենը: Եկեք հիմա չընկնենք շահարկումների դաշտ, որ դա պետական լեզու է և այլն: Հետաքրքրվե՞լ եք, որ չի պահպանվում դրույթը ընդունելության քննությունների վերաբերյալ լեզվի մասին օրենքի: Չի պահպանվում, տասնամյակներ շարունակ: Մենք օրենքում հստակ ձևակերպել ենք, որ անկախ մասնագիտությունից, պահանջ է՝ բուհ ընդունելության համար հայոց լեզու առարկայի հանձնումը, որը հիմա չկա: Գոյություն ունի որոշակի պահանջ նաև, որ ուսուցման լեզուն հայերենն է: Ակնհայտ է, որ, երբ ասում ենք հայերենի և հայերենը խրախուսելու մասին, մենք ոչ թե խոսում ենք այս կամ այն առական անցնելու մասին, դա բուհի իրավասությունն է, ավելին ասեմ, բուհի կրթական ծրագիր մշակող մասնագետների, մենք խոսում ենք առարկաների՞ մասին, թե՞ հայերենի մասին»,- ասաց Կարաբեկյանը: