«Այդպիսի մարդը խորհրդարանում անելիք չունի, թող գնա Բաքու ու տեղեկություններ հայտնի մեր ռազմագերիների մասին»․ Անի Սամսոնյանը՝ Մարիա Կարապետյանի մասին

Այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հայտնեց, որ ԱԺ-ն ընդունել է ուղերձ ռազմագերիների վերաբերյալ, սակայն հարկ է համարում տեղեկացնել, որ քննարկումը նախաձեռնվել էր երկու ընդդիմադիր խմբակցությունների կողմից, որը «Իմ քայլը» իշխանական խմբակցությունը փորձել է տապալել:

«Նիստը պետք է լիներ հրապարակային, ինչը երկու նպատակ էր հետապնդում. առաջին՝ թույլատրելի ու չվնասելու սկզբունքի սահմաններում հանրությանը ներկայացնել խորհրդարանի ու գործադիրի կողմից իրականացվող աշխատանքների մասին, որպեսզի մարդիկ կարողանային հասկանալ, թե ինչ աշխատանք է կատարվում, երկրորդ՝ մենք նպատակ ունեինք, որ խորհրդարանը կարողանա դիրքորոշում արտահայտել մեր ռազմագերիների նկատմամբ վարվելակերպի վերաբերյալ և միջազգային կառույցների և հանրության  ուշադրությունը հրավիրի: «Իմ քայլը» նախ՝ փորձեց  տապալել քննարկումը, հետո հասկանալով, որ չի կարող,  կեղծարարության դիմեց ու փակեց նիստը, հետևաբար՝ քննարկումը տեղի ունեցավ փակ»,- մանրամասնեց Սամսոնյանը:

Սրան ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը տեղից արձագանքեց՝ «Սուտ ես ասում»:

Անի Սամսոնյանը շարունակեց ելույթը՝ ասելով, թե իրենք կարծել են, որ կառավարության ներկայացուցիչ է մասնակցելու նիստին ու գաղտնի ինֆորմացիա է փոխանցելու, դրա համար են իմքայլականները ցանկանում, որ նիստը փակ լինի:

«Սակայն կառավարության որևէ ներկայացուցիչ չներկայացավ, որևէ կարևոր տեղեկություն չկարողացանք ստանալ այս քննարկման ընթացքում, և ամբողջ քննարկումը  վերածվեց պարզունակ հարցուպատասխանի,- շեշտեց պատգամավորը և շարունակեց,- Ես ցավով եմ նշում, որ այս խորհրդարանում կա մի պատգամավոր՝ իշխանական, որի համար ռազմագերիների թեման կարող է տեղավորվել քաղաքական դիվիդենտներ շահելու մտածողության շրջանակներում: Այդ պատգամավորը, որը հայտնի է բոլորին՝ որպես թուրքասեր, դա Մարիա Կարապետյանն է, որն ամենաշատն էր շահագրգռված, որպեսզի այս հանդիպումը փակ լինի: Եվ ամենատարօրինակն այն է, որ տիկին Կարապետյանը կարծում է, որ մեր ռազմագերիների հետ Ադրբեջանում շատ լավ են վարվում: Ես կարծում եմ, որ այդպիսի մարդը խորհրդարանում անելիք չունի, թող գնա Բաքու ու տեղեկություններ հայտնի մեր ռազմագերիների մասին, եթե այդքան վստահ է, որ մեր ռազմագերիների հետ Ադրբեջանում այդքան լավ են վարվում»:

Հ.Գ. Ադրբեջանական «մարդասիրությանը» հավատացող իշխանական պատգամավորին խորհուրդ կտանք ծանոթանալ  ՀՀ ՄԻՊ զեկույցներին և հայ ռազմագերիների, գերիների նկատմամբ  ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված դաժանությունների ու խոշտանգումների կոնկրետ ապացույցներին։

 

Տեսանյութեր

Լրահոս