«Պատմությունը ցույց է տալիս, որ գրեթե միշտ այն իշխանությունները, որոնք արձանագրում են պարտություն, սովորաբար հրաժարական են տալիս». Գոռ Գևորգյան

Ազգային ժողովի պատգամավոր Գոռ Գևորգյանը դեռ անցյալ շաբաթ հայտարարել էր «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու և գործունեությունը որպես անկախ պատգամավոր շարունակելու մասին։ Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նա խոսել է իր որոշման պատճառների մասին և պատասխանել հարցին, թե արդյո՞ք վարչապետը պետք է հրաժարական տա:

Լրագրողները Գոռ Գևորգյանին ներկայացրին գործընկերոջ՝ Արմեն Խաչատրյանի տեսակետը, թե «նույն Գոռ Գևորգյանն իր հեղինակության շնորհիվ չէ եկել-դարձել պատգամավոր, ավելի ազնիվ կլիներ, եթե մանդատը վայր դներ, ոչ թե՝ որպես անկախ պատգամավոր հանդես գար»: Նա արձագանքեց.  «Առհասարակ կհորդորեմ, որպեսզի գնահատականներ տալուց մարդիկ զերծ մնան, կարող են իրենց սեփական կարծիքը հայտնել:  Այո՛, եղել են գաղափարներ, որոնք ինձ համար եղել են նաև իմ ընկալումների մեջ առաջնահերթություններ՝ դա մեր հասարակության, մեր ժողովրդի բարեկեցությունն է, և առահասարակ համամարդկային արժեքների շրջանակներում հնչեցված գաղափարներն են, որոնք ինձ համար այդ պահի դրությամբ և հիմա էլ մնում են առաջնահերթություններ:

Այո՛, այս ուժի միջոցով եմ մտել նաև այս հարթակ և այս ուժի միջոցով եմ նաև իրականացրել իմ քարոզչությունը:  Որքան է իմ քարոզարշավը հավաքած ձայների առումով հավասարակշռությունը պահպանում ուժի և իմ կողմից ներդրված ջանքերի՝ ես դա չեմ կարող ասել, բայց վստահաբար կարող եմ ասել, որ հավաքել եմ այն քանակի ձայներ, որը նաև խոսում է իմ անձնական և իմ շրջապատի ներդրած արդյունքների մասին այս գործում:

Այնպես որ՝ պարոն Խաչատրյանը պետք է  նաև գիտենա, որ մինչև այստեղ գալը, ես՝ որպես հայ, հայաստանցի և  նաև քաղաքի բնակիչ՝ ունեցել եմ իմ ճանաչումը, ունեցել եմ հարգանքը, շրջապատը, նաև հեղինակությունը: Մի՛ մոռացեք, որ ես նաև գիտական հանրություն եմ ներկայացնում, և մինչև այս հարթակ տեղափոխվելը՝ ինձ առնվազն մի քանի համալսարաններում, այդ թվում՝ և Մայր բուհում, ճանաչում են: Ճանաչում են՝ որպես մասնագետ, որպես դասախոս, որպես մանկավարժ:  Այնպես որ, խոսել հեղինակության մասին, վերցնելով ընդամենը մեկ դրվագ մարդու կյանքից, չեմ կարծում, որ հարիր է՝ մանավանդ, որ այստեղ նկատում եմ անձնական նկատառումներ, որը շատ տգեղ է»:

168.am-ի դիտարկմանը, թե այդ գաղափարները խմբակցության ներսում կյանքի կոչելու հարցում կաշկանդված կլինեի՞ք, նա արձագանքեց.  «Եթե կաշկանդվածություն լիներ, բնականաբար, այս քայլը չէր լինի:  Ես ընդհանրապես իմ կյանքում  և առհասարակ գործունեության մեջ որևէ բանից կաշկանդված չեմ, ինձ համար կա մի առաջնահերթություն՝ դա ազգային պետական շահն է, և հետո նոր՝ իմ անձը:

Այս պահի դրությամբ ես իմ հայտարարության մեջ ևս մեկ անգամ վերահաստատել եմ, որ ինձ համար համազգային համերաշխությունը, համախմբվածությունը, երկխոսությունը այն առաջնահերթություններն են, որոնց միջոցով  մենք կարող ենք դուրս գալ այս ստեղծված բարդ իրավիճակից»:

Թե ի՞նչ հանգուցալուծում է առաջարկում և արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական ներկայացնի, թե՞ ոչ՝ հարցին ի պատասխան էլ՝ պատգամավորը նշեց, որ հանգուցալուծումը պետք է լինի միմիայն Սահմանադրության շրջանակներում, իսկ հրաժարականի մասին եղավ հակիրճ.  «Ընդհանրապես պատմությունը ցույց է տալիս, որ գրեթե միշտ այն իշխանությունները, որոնք արձանագրում են պարտություն, հայտնվում են նման պարտված կարգավիճակում, սովորաբար հրաժարական են տալիս»:

Անդրադառնալով խմբակցությունից դուրս գալու որոշմանը՝ Գոռ Գևորգյանը նկատեց՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու առաջարկներ, թեզեր  է ներկայացրել, որոնց վերաբերյալ հակասություններ են եղել:

Գոռ Գևորգյանը ոչ պարկեշտ համարեց հարցը՝ արդյո՞ք իր հանդեպ հաշվերհարդար եղել է՝ խմբակցությունից դուրս գալուց հետո։

«Դա ոչ պարկեշտ հարց է՝ քաղաքական գործչին»,- լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը։ Դիտարկմանը, որ մամուլում կան նյութեր, և Վարդան Աթաբեկյանն է հայտնել ճնշումների մասին, պատգամավորն արձագանքեց. «Վարդան Աթաբեկյանն ասել է, որ իր նկատմամբ հաշվեհարդա՞ր է եղել։ Այդպիսի բա՞ն եք դուք կարդացել։ Չի կարելի այդպիսի եզրույթներ կիրառել»։ Գոռ Գևորգյանը նշեց՝ չի եղել և չի կարող լինել որևէ բան, որ կարող է կաշկանդել իրեն և իր գործունեությունը։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս