«Պատերազմի շնորհիվ մեր տղերքը փոխվեցին». վիրավոր Արամեի հիշողությունները
18-ամյա Արամե Գրիգորյանը Պաշտպանության բանակի 2 ամսվա զինծառայող էր, երբ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսեց Արցախի դեմ: Հետախուզական դասակում ծառայող երիտասարդը, իր խոսքով, նոր էր սկսել ծանոթանալ զինվորական կյանքին, երբ իր ու զինակիցների սովորական կիրակնօրյա առավոտը փոխվեց:
«Սովորական ձևով արթնացանք առավոտ շուտ, ամեն մեկս մեր գործով՝ մաքրություն, հիգիենա, արդեն պիտի պատրաստվեինք, որ գնայինք ճաշարան, ու բարձր պայթյունի ձեն լսանք»,- 168.am-ին պատմում էր Արամե Գրիգորյանը:
Ինքն ու ծառայակիցները 1-ին ու 2-րդ պայթյունին չեն արձագանքել, 3-րդ պայթյունից հետո արդեն տագնապով իջել են նկուղ՝ առանց հասկանալու, թե ինչ է կատարվում: Այդ ժամանակ արդեն հրահանգ է տրվել վերցնել զինամթերքն ու դուրս գալ զորամասից:
Հետախուզական դասակում ծառայող Արամեին ու ընկերներին հրահանգվել է պահել 2-րդ գծում կանգնած տղաների թիկունքը: Պատերազմի 3-րդ օրը կարողացել են 40-50 հոգով դուրս գալ ադրբեջանական 500 հոգանոց զորքի դիմաց, կեսին ոչնչացրել են, մի մասին՝ վիրավորել, մյուսներն էլ փախել են:
Հետո մի քանի օր հանգստացել են ու այս անգամ արդեն անցել վիրավորների ու զոհերի տարհանմանը: Մի օր էլ՝ հոկտեմբերի 23-ին, երբ լրանում էր իր ծառայության 3-րդ ամիսն ու երբ հերթական անգամ առաջնագիծ էին գնացել՝ վիրավորներին տարհանելու համար, հնչել է հերթական պայթյունը, ու Արամեն վիրավորվել է բեկորներից:
«Խրամատի մեջ սաղ պառկանք, որ ձենը լսանք, սնարյադը որ ընկավ, ընկավ խրամատից դուրս, մեկ էլ մի քանի վայրկյան չանցավ, ու 2-րդ պայթյունը տվեց, ու պայթյունից ասկոլկա տվեց, խփեց ուժեղ, ոնց որ մեկը բրթեր ոտերիցս»,- պատմում էր Արամեն:
Արամեին նախ տեղափոխել են Մարտունու հոսպիտալ, ապա՝ Ստեփանակերտ, վիրահատել են ու մեկ օր անց բերել Երևան: Հարազատները, որ կարծում էին, թե տղան բունկերում է, ապահով, պայթյուններից ու կրակոցներից հեռու, իրականությունն իմացել են միայն Արամեի վիրավորվելուց հետո: Երևանում Արամեին կրկին վիրահատել են: Մի քանի ժամ տևած վիրահատության ընթացքում մարմնից հանել են բեկորների մի մասը, մնացածը՝ թողել ոտքերի մեջ:
«Շատը էս ոտիս ա վնաս եղել: Կտրվել ա հյուսվածքները, նյարդային թելերը, ջիլը, մկանը, մեծ մկանին ա շատ վնաս եղել… վերականգնվելու համար էլ 3 ամիս պետք ա, ցավերը 3 ամսից կվերջանա»,- ասաց մեր զրուցակիցը:
Ասպետաց «Տիգրան Մեծ» շքանշանին ու համակուրսեցիների շնորհած «լավագույն հերոս» կոչմանն արժանացած երիտասարդի կյանքում ծառայության 90 օրը շատ բան փոխեց: Պատերազմը ստիպել է այլ կերպ ընկալել ու գնահատել կյանքը, մարդուն:
«Պատերազմի շնորհիվ մեր տղերքը փոխվան, ամեն մեկը փոխվեցին… իմ մեջ… ավելի լուրջ եմ, կիսով չափ լուրջ եմ դարձել, արդեն ռեալ դատող եմ դառել»,- ասաց պատերազմ տեսած 18-ամյա երիտասարդը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում