«Ես հարց եմ տվել՝ պարո՛ն վարչապետ, մենք միշտ վախեցել ենք, որ պատերազմ կսկսվի, պատերազմը սկսվել է, կարո՞ղ է ճանաչենք Արցախը և Հայաստանին միացնենք». Էդմոն Մարուքյան
ԱԺ-ում այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ մեկնարկեցին խորհրդարանական լսումներ, նպատակը երկրում ստեղծված իրավիճակից ելքեր գտնել էր, որին, ի դեպ, իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները չէին մասնակցում։ Նախ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ներկայացրեց երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու 13 կետից բաղկացած ճանապարհային քարտեզ։
Կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Վաչագան Վահրադյանը Էդմոն Մարուքյանից հետաքրքրվեց, թե ճանապարհային քարտեզում նա ինչո՞ւ է որպես նպատակ՝ դիտարկում հայտնի եռակողմ համաձայնագրում անորոշությունների ճշտումը, ոչ թե համաձայնության գոնե մասնակի դենոնսացիան:
«Որովհետև մենք ի սկզբանե արձանագրել ենք, կարծում եմ, ՀՀ-ում քաղաքական բոլոր ուժերն են արձանագրել, որ ստորագրված եռակողմ հայտարարությունն այլևս իրողություն է, և այն իրականացվում է, բայց իրականացվում է այդ անորոշություններն ի նպաստ ադրբեջանական կողմի: Այս մասով մենք պետք է բանակցություններ վարենք:
Իսկ փաստաթղթի դենոնսացիան հղի է նոր պատերազմով. Դուք պատրա՞ստ եք նոր պատերազմի»,- ասաց ԼՀԿ առաջնորդը:
Նա նշեց, որ Գորիսի, Կապանի և մյուս սահմանամերձ համայնքների ժողովուրդը, որպես մոբիլիզացված ժողովուրդ, կանգնած է դիրքերում. «Կանոնավոր բանակ չկա էդտեղ, ու խոսում ենք մի բանի մասին, որը կարող է մեզ տանել նոր պատերազմի: Ես կարծում եմ, որ չի կարելի այդ ճանապարհով գնալ, այլ կարելի է այդ փաստաթուղթը շատ առումներով գոնե՝ բանակցություններով ի շահ մեզ կիրառել: Սա մեր մոտեցումն է, հիմա կարող է ուրիշ ուժ գա, ինքն ուզենա դենոնսացիա անի, մենք էդտեղ էլ մեր կարծիքն ասել ենք՝ դա խնդիր է»:
«Պատերազմի առաջին օրից սկսած միջազգային բոլոր ատյանները և բոլոր արտգործնախարարությունները Հայաստանի Հանրապետությունից ստացել են թարմացված և ամենօրյա ռեժիմով տեղեկատվություն. նախ՝ Արցախի հիմնախնդրի հետ կապված, երկրորդը՝ պատերազմական հանցագործությունների հետ կապված (այսինքն՝ այդ օրը ինչ է տեղի ունեցել, ինչ զենքեր են կիրառվել, ֆոսֆորային զենքից սկսած՝ մինչև անդամահատումներ և այլն):
Բայց եկեք չլինենք միամիտ. այսինքն՝ մենք կարծում ենք, որ մենք տեղեկատվական նոտա ուղարկեցինք դեսպանատներ, իրենք որոշելու էին, որ՝ վայ, չգիտեինք՝ էսպիսի խնդիր կա, այս հարցը էսպես լուծե՞նք: Ես ձեզ ասեմ՝ 27 տարի կամ ավել Ադրբեջանը միջազգային բոլոր ատյաններում ստեղծել է «սոուս», որ իր տարածքների 20 տոկոսը գրավված է, և որ մի օր, օրը որ գար, որ պետք է իրենք ուժի կիրառմամբ գային այդ 20 տոկոսը վերականգնելու, բոլորը պատրաստ լինեին դրան: Եվ այդպես էլ եղավ: Մեր դիվանագիտությունը դրա դեմ ի՞նչ է հակադրել. եղել է ռեակտիվ՝ մի տեղ բերել են բանաձև՝ մենք վազելով գնացել ենք այդ բանաձևի դեմ պայքարել, որ դա չընդունվի, որ տեսել ենք՝ էլ տարբերակ չկա, պետք է ընդունվի, ասել ենք՝ գոնե կլինի՞ այս բառը ջնջենք, մի ուրիշ բառ գրենք. էս ա եղել:
Եվ երբ Ադրբեջանն իր պատերազմը սկսեց, միջազգային հանրությունը… ՀՀ-ում կային, չէ՞, նման ձայներ հնչող՝ աշխարհը մեզ մենակ թողեց… էդպես չի՛, ժողովո՛ւրդ, գործ է արվել այդքան տարի, որ աշխարհը պատարաստ լինի, որ, եթե դուք չեք ստիպում այս կողմին դուրս գալ տարածքներից, մենք կգնանք՝ ուժի զոռով իրենց կհանենք: Եվ երբ պահը եկավ, որ էլ բանակցություն չկար, տապալված էր, իրենք դա սկսեցին իրագործել»,- ասաց Էդմոն Մարուքյանը, ապա անդրադարձավ Արցախի ճանաչման մասին բարձրացված հարցին.
«Ինչ վերաբերում է Արցախի ճանաչմանը. սեպտեմբերի 27-ին, երբ վարչապետը, Կառավարությունը հայտարարել է ռազմական դրություն, ամբողջական մոբիլիզացիա մինչև 55 տարեկան, և վարչապետը եկել էր խորհդարան, ես հարց եմ տվել՝ պարո՛ն վարչապետ, մենք միշտ վախեցել ենք, որ պատերազմ կսկսվի, պատերազմը սկսվել է, կարո՞ղ է ճանաչենք Արցախը և Հայաստանին միացնենք:
Ինքը ասեց՝ առաջին կետի հետ կապված՝ այո՛, հիմա, հաշվենք, սկսում ենք այդ քննարկումը, երկրորդ կետից եկեք այս պահին դեռ չխոսենք:
Այդ ընթացքում նաև որոշ քաղաքական ուժեր են մեզ դիմել («Քաղաքացու որոշում»-ն է մեզ դիմել), որ խորհրդարանում լսում կազմակերպենք Արցախի ճանաչման հետ կապված, բոլորիդ հրավիրենք և խոսենք:
Ես կապ եմ հաստատել ԱԺ նախագահի հետ, քննարկել ենք: Ինքն ասեց, որ այս պահին, կարծում եմ, կարող է դա խանգարի. պատերազմ է հիմա, եկեք իրար հետ որոշենք, առանձին բաներ չանեք: Ասեցինք՝ լավ:
Ինչ վերաբերում է հիմա ճանաչմանը, դա էլ է հիմա քննարկման առարկա, նաև պետք է հասկանալ, թե դա ի՞նչ կտա»,- եզրափակեց ԼՀԿ առաջնորդը: