ԱՄՆ-ի պես գերհզոր երկրի նախագահ ընտրվում է 75 տարեկան Ջ.Բայդենը, իսկ այդ տարիքի ակադեմիկոսը կամ պրոֆեսորը ըստ առաջարկվող նախագծի դուրս է մղվում բուհի գիտա-մանկավարժական գործունեությունից. Գագիկ Հակոբյան
ԵՊԲՀ-ի վիրաբուժական ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի վարիչ, Ռուսաստանի Դաշնության Բժշկա-Տեխնիկական Գիտությունների Ակադեմիայի ակադեմիկոս, Ակադեմիայի Հայասատանի մասնաճյուղի գիտական ղեկավար, Միջազգային Ստոմատոլոգիական Ակադեմիայի անդամ, Դիմածոնտայաին Վիրաբույժների Եվրոպական Ասոցիացիայի անդամ, ՀՍԱ-ի վիրաբուժական ստոմատոլոգիայի սեկցիայի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Գագիկ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հարգարժան գործընկերներ, սիրելի ուսանողներ, գիտական հասարակության ներկայացուցիչներ, մտավորականներ: Պետական կառավարման բոլոր ոլորտներում համատարած ձախողումներ արձանագրած ներկա վարչակազմը «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և հարակից օրենքների նախագծերին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին որոշման նախագիծը կառավարության որոշմամբ հապճեպ կարգով ուղարկել է ԱԺ։
Ներկա քաղաքական տնտեսական ճգնաժամի պայմաններում առանց վերջնական քննարկումների, այս օրենքը հրատապ ընդունելու անհրաժեշտություն չունի և ունի բազմաթիվ խնդրահարույց և վիճելի դրույթներ:
Այս նախագծով նախատեսվում է ռեկտորներին և գիտական հաստատությունների տնօրեններին ոչ թե ընտրել, այլ նշանակել 5 տարի ժամկետով անմիջապես ԿԳՄՍ նախարարի կողմից, որը հակասում է ՀՀ սահմանադրությամբ ամրագրված բուհական ինքնավարությանը։
Այս դեպքում ռեկտորները կդառնան իշխող վարչակազմի հնազանդ կամակատներ, որը կսահամանափակի բուհի ինքնակառավարման իրավունքը, հակասելով ՀՀ Սահմանադրության 38 հոդվածի (Կրթության իրավունք) 3-րդ կետին, որը սահմանում է․ «Բարձրագույն ուսումնական հաստատություններն օրենքով սահմանված շրջանակներում ունեն, ներառյալ ակադեմիական և հետազոտությունների ազատություն»:
Նախագիծը խնդրահարույց է բուհական ինքնավարության տեսանկյունից, քանի որ Կառավարման խորհուրդների անդամների ուղիղ կեսը նշանակվելու է ԿԳՄՍ նախարարի կողմից։
Հատկապես մտահոգիչ է օրենքի նախագծի այն դրույթը, որով բուհի պրոֆեսորա-դասախոսական կազմի համար տարիքային սահմանափակումներ են նախատեսվում: Օրենքի այս դրույթի կիրառման դեպքում ոչ միայն կխաթարվի բուհերի գիտա-մանկավարժական գործունեությունը, այլև կբերի բուհերի գիտական հետազոտական աշխատանքների կազմալուծմանը, ասպիրանտների և ատենախոսական աշխատանքների հետագա սահամանափակմանը, քանի որ հինականում այդ աշխատանքները ղեկավարում են տարիքով փորձառու պրոֆեսորները:
Զարմանալի է, որ ԱՄՆ-ի պես գերհզոր երկրի նախագահ ընտրվում է 75 տարեկան Ջ.Բայդենը, որը պատասխանատու է ոչ միայն իր երկրի համար, այլև ամբողջ աշխարհում օրակարգ է թելադրում, իսկ այդ տարիքի ակադեմիկոսը կամ պրոֆեսորը ըստ առաջարկվող նախագծի դուրս է մղվում բուհի գիտա-մանկավարժական գործունեությունից, որը մեծ վնաս կհասցնի բուհի հետագա զարգացմանը:
Միաժամանակ հարկ եմ համարում ընդգծել այն հանգամանքը, որ տարիքային սահմանափակումների մասին օրենքի դրույթները որոշակիորեն հակասություն ունեն Հայաստանի Սահմանադրության 29 հոդվածի հետ, որով արգելված է ցանկացած տեսակի խտրականության դրսևորումը, այդ թվում՝ տարիքի: Աշխատանքի հետ կապված սահմանային տարիք սահմանելը նաև մարդու իրավունքների ոտնահարում է:
Այս խնդրահարույց օրենքի նախագծի մեկ այլ դրութ, որը վերաբերվում է բժշկական կլինիկական կրթության վարչական և կառավարչական պաշտոնների համատեղման (կլինիկայի ղեկավար և տվյալ մասնագիտության ամբիոնի վարիչ) բացառմանը, կբերի կլինիկական կրթության, մատուցվող բժշկական օգնության և սպասարկման որակի վատթարացմանը:
Օրենքի որոշ դրույթներ մասնավորապես կապված ռոտացիոն համակարգի հետ նաև վտանգում է բուհի ուսանողների շահերը: Օրենքի նախագծով էապես սահմանափակում է ուսանողի մասնակցությունը բուհական կառավարմանը։
Հայաստանի Հանրապետության բուհերի կառավարման համակարգում ուսանողությունը ունի 25 տոկոս ներկայացուցչություն։ Ըստ Բարձրագույն կրթության և գիտության մասին նոր օրենքի նախագծի համալսարանների կառավարման բարձրագույն մարմնում՝ Հոգաբարձուների խորհրդում, ուսանողների համամասնությունը 25 տոկոսից իջեցվում է 1 ձայն՝ խորհրդի 12 անդամի պարագայում (ներկայումս` 32 անդամ, որից 8-ը՝ ուսանող): Այդ փաստը բուհերի կարևորագույն խնդիրների լուծման հարցերում որոշիչ դեր ու նշանակություն ունի։ Ուսանողները լինելով բուհի կառավարման մարմիններում որոշիչ և կարևոր նշանակություն ունեն։ Նախագծում բացակայում են ուսանողների կրթության պետական աջակցությունը (օրինակ՝ փոխատեղման) սահմանող դրույթները:
Օրենքի հակասահմանադրական դրույթների ընդունման դեպքում բուհերը կզրկվեն ինքնակառավարման իրավունքից։ Օրենքի կիրառումը կբերի նաև բուհերի միջազգային վարկանիշի և հեղինակության նվազմանը:
Օրենքի նախագիծը քննարկումների ընթացքում բացասական է գնահատվել և՛ ակադեմիական հանրության, և՛ ուսանողների կողմից, իսկ վերջին օրերին դրա խնդրահարույց կողմերին է անդրադարձել նաեւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը: Ուստի, կոչ ենք անում ՀՀ կառավարությանը հետ կանչել խնդրահարույց նախագիծը և սկսել ոլորտի զարգացման հայեցակարգերի շուրջ հետագա քննարկումներ՝ ներգրավելով բուհերի ներկայացուցիչների, կրթության կազմակերպիչների և իրավաբանների, ուսանողական խորհրդի ներկայացուցիչների, հասարական կազմակերպությունների ներկայացուցիչների:
Հորդորում եմ երկրի բուհական, ուսանողական, դասախոսական և գիտական հանրությանը բոլոր հնարավոր միջոցներով անհապաղ պայքարի բուհական համակարգը քայքայող այս օրենքի դեմ։
ԵՊԲՀ-ի վիրաբուժական ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի վարիչ, Ռուսաստանի Դաշնության Բժշկա-Տեխնիկական Գիտությունների Ակադեմիայի ակադեմիկոս, Ակադեմիայի Հայասատանի մասնաճյուղի գիտական ղեկավար, Միջազգային Ստոմատոլոգիական Ակադեմիայի անդամ, Դիմածոնտայաին Վիրաբույժների Եվրոպական Ասոցիացիայի անդամ, ՀՍԱ-ի վիրաբուժական ստոմատոլոգիայի սեկցիայի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Գագիկ Հակոբյան»: