«Սյունիքի համայնքներում բնակիչների տարհանում չի իրականացվում, եթե նրանք ինքնաբուխ ցանկանում  են հեռանալ, ոչինչ չեմ կարող ասել». ՏԿԵ նախարարի խոսնակ

168 amն ահազանգեր է ստացել, որ դեռ հարցականի տակ է՝ Սյունիքի մարզի Շուռնուխ, Որոտան, Բազմավան գյուղերը հայկական կողմի՞ն են մնալու, թե՞ ոչ, թեպետ Շուռնուխի գյուղապետն արդեն հավաքել է իրերը, շարքային գյուղացիների շրջանում ևս նման միտում նկատվում է՝ առկա անորոշության պատճառով:

Բացի այս, Խնձորեսկի կողմից 3 կմ արդեն տրվել է Ադրբեջանին:

Ավելին, մամուլում արդեն լուրեր են շրջանառվում, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքում Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները երեկ կեսօրին սպիտակ դրոշով մոտեցել են սահմանը հսկող հայկական ջոկատին և ասել, որ նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ դա իրենց տարածքն է:

168.am-ի զրույցում ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի մամուլի քարտուղար Արմինե Մուրադյանը վստահեցրեց՝ Սյունիքի համայնքներում իրավիճակը կայուն է և կառավարելի:

«Սահմաններն անվտանգ են և վերահսկելի: Բնակիչների տարհանում ևս չի իրականացվում, իսկ եթե բնակիչներն ինքնաբուխ ցանկանում են հեռանալ այդտեղից, ես դրա հետ կապված ոչինչ չեմ կարող ասել»,- շեշտեց նա:

Իսկ թե իրենց բնակավայրերից, այսպես ասած, ինքնաբուխ դուրս եկողներն ինչ թիվ են կազմում, Մուրադյանն ասաց, որ նման տեղեկության չի տիրապետում:

Հակադարձմանը, որ, եթե մարդիկ ինքնաբուխ ցանկանում են հեռանալ, նշանակում է՝ անվտանգության հետ կապված խնդիրներ կան, ՏԿԵ նախարարի խոսնակը պատասխանեց. «Դա արդեն կարող եք համայնքապետից ճշտել: Բայց կրկնում եմ՝ սահմանները վերահսկելի են և անվտանգ»:

 

Տեսանյութեր

Լրահոս