Բաժիններ՝

Իտալիայի 101-ամյա բնակչուհին երեք անգամ վարակվել է կորոնավիրուսով

Իտալիայի Լոմբարդիա հյուսիսային մարզի Արդենո փոքրիկ քաղաքի բնակչուհի Մարիա Օրսինգերը, որի 101-ամյակը լրացել է հուլիսին, արդեն երեք անգամ վարակվել է կորոնավիրուսով, բայց, չնայած դրան, իրեն լավ է զգում: Առաջին անգամ ծեր կնոջ մոտ հիվանդությունը հայտնաբերվել է փետրվարին, երբ COVID-19-ի համաճարակն Իտալիայում նոր էր սկսվել, եւ դրա հիմնական օջախները գտնվում էին հենց Լոմբարդիայում:

«Մայրիկին տեղափոխեցին հիվանդանոց, բայց արդեն այն ժամանակ բժիշկներն ինձ ասացին, որ բոլոր տարեց հիվանդներից ոչ ոք այսչափ թեթեւ չի տարել այդ հիվանդությունը: Նրա մոտ փաստորեն չի եղել ջերմություն, եւ նա ինքնուրույն էր չնշում: Սակայն երկու ամիս առաջ նրան կորոնավիրուսի նոր թեստ արեցին, որը կրկին դրական արդյունք ցույց տվեց»,- La Provincia di Sondrio թերթին պատմել է երկարակյաց բնակչուհու դուստրերից մեկը՝ Կառլան: Սեպտեմբերին, երբ Ապենիններում եկավ կորոնավիրուսի երկրորդ ալիքը, Օրսինգերը կրկին հայտնվեց հիվանդանոցային մահճակալին: Հարազատների տեղեկություններով, այս անգամ նա ոչ բարձր ջերմություն ունեցավ, բայց ընդհանուր առմամբ հիվանդությունն անցավ բավականին թեթեւ ձեւով: Նա հիվանդանոցում մնաց 18 օր:

Նրան այստեղ «Մարիա տատիկ» Էին կոչում: Բուժաշխատողների խոսքով, այդ փոքրիկ եւ փխրուն կինը, որը հիրավի երկաթյա բնավորություն ունի, երբեք ոչ մի բանից առանձնապես չի գանգատվել: Բացասական թեստից հետո տատիկին դուրս են գրում հիվանդանոցից եւ նա վերադառնում է տարեցների համար նախատեսված տուն, որտեղ ապրում է արդեն վեց տարի: «Անցած շաբաթ մեզ զանգահարեցին եւ ասացին, որ կորոնավիրուսի ընդհանուր ստուգման ընթացքում մայրիկի թեստը վերստին դրական արդյունք է գրանցել: Այս անգամ նա միակ ախտահարվածն էր: Բայց նա ընդհանրապես ոչ մի ախտանշան չունի, իրեն լավ է զգում, նույնիսկ չի կորցրել ախորժակը: Գործող կանոնների համաձայն, մենք դեռ չենք կարող նրան տեսակցել, բայց, իհարկե, սպասում ենք հանդիպման»,-պատմել է դուստրը:

Մարիա Օրսինգերը ծնվել է 1919 թվականի հուլիսի 21-ին, գյուղացու ընտանիքում՝ իսպանական գրիպի համավարակի ամենաբուռն շրջանում: Սակայն նա «իսպանականով» չի հիվանդանցել, բայց կնոջը բաժին են ընկել բազմաթիվ այլ փորձություններ, հատկապես Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: Պատերազմի ժամանակ նա ամուսնացել է եւ վեց զավակ ունեցել, ինչպես նաեւ որդեգրել է ամուսնու առաջին ամուսնությունից երկու երեխաների: Իր ողջ կյանքի ընթացքում «Մարիա տատիկն» աչքի է ընկել գերազանց առողջությամբ: Երեխաների խոսքով, նա իր լավագույն դեղամիջոցը համարել է աշխատանքը: Միակ բանը, որ նրան տհաճություններ է պատճառում, խլությունն է: Իտալացի բժիշկները COVID-19-ի համավարակի ժամանակ քանիցս արձանագրել են կորոնիավիրուսով կրկնակի վարակման դեպքեր: Դրա հետ մեկտեղ փորձագետները չեն բացառում, որ առանձին թեստեր կարող են ոչ ստույգ արդյունք տալ եւ հակառակը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս