«Եթե պատերազմում ընդգրկված լիներ 25-30 հազար զինվոր, մենք իսկապես արդեն Բաքվի մատույցներում կլինեինք». Արմինե Ադիբեկյան

Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանի մոտ այնպիսի տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին դատարկ թուղթ է ստորագրել և հիմա շաբաթը մեկ հավաքվում են և ինչ-որ նոր բան են մեջը գրում, հայկական կողմն էլ դա ստիպված կատարում է:

«Արդեն անցել է երեք շաբաթ և այս ընթացքում հայկական կողմը միայն սպասարկում է ադրբեջանական կողմի շահերը, հետաքրքրությունները: Այսինքն՝ մենք դեռ անում ենք այն, ինչ պահանջում են, և կարևոր չէ՝ դա բխո՞ւմ է մեր շահերից, թե՞ ոչ: Մենք դեռ սպասարկում ենք Ադրբեջանի քմահաճույքները: Ես սարսափում եմ այն մտքից, թե ինչ ավարտի դա կբերի: Ես ոչինչ չեմ կարող ասել գործի ավարտի մասին, որովհետև ընթացքն արդեն ինձ դուր չի գալիս»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Գերիների և անհետ կորածների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանն օրերս գրել էր. «Հակառակ կողմը տեսնում է, որ այս հարցի ձգձգումը հնարավորություն է տալիս, որ Հայաստանի ներսում հակադրությունը խորանա, նույնիսկ ներսում բախումներ սկսվեն, որի մինի դրսևորումներն արդեն եղել են: Մեր զինվորների հարազատներ, սիրելինե՛ր, այս պայմաններում նրանք կարագացնե՞ն գերիների, անհետ կորածների հարցի լուծումը: Ոչ, իհարկե: Ընդհակառակը՝ կերկարաձգեն, ինչքան հնարավոր է, ձեռները շփելով ու սպասելով, թե մեր ներսում սա ինչպիսի նոր աղետների կբերի»:

Նիկոլ Փաշինյանի այս գրառման վերաբերյալ Արմինե Ադիբեկյանը հետևյալն ասաց. «Երբ Նիկոլ Փաշինյանը խոսում է մինի դրսևորումների մասին, եկեք ֆիքսենք, որ մաքսի հայատյաց և պառակտող դրսևորումները հենց Նիկոլ Փաշինյանն է կատարել, որովհետև մարդը 2.5 տարի ոչ ցանել է, ոչ հնձել է, ոչ կառուցել է, ոչ ստեղծել է, միայն պառակտել և քանդել է հայկական հասարակությունը և պետականությունը: Այնպես որ, երբ նա ուրիշի մինիներից է խոսում, սկզբից թող իր մաքսիների վրա ուշադրություն դարձնի:

Երկրորդ՝ Նիկոլ Փաշինյանն ինչո՞ւ չի ասում՝ նա դիմե՞լ է ադրբեջանական կողմին, պահանջե՞լ է ադրբեջանական կողմից գերիների և զոհվածների հարցը ակտուալիզացնել, և ադրբեջանական կողմը մերժել է՝ ասելով՝ ոչ, մենք սպասում ենք, մինչև դուք ձեր պետականությունը քանդեք: Նիկոլ Փաշինյան, դու պետք է այդ հարցը բարձրացնեիր, առաջ քաշեիր, այլ ոչ թե նստես-սպասես՝ մինչև ռուսը քո խնդիրները կլուծի, իսկ վատ Ալիևն էլ գերիներին չի վերադարձնում, որովհետև ինչ-որ չար ուժերը մինի դրսևորումներ են ցուցաբերում»:

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ այս փաստաթղթի ստորագրմամբ փրկել է  25 հազար, 30 հազար կամ 35 հազար (տարբեր թվեր է նշում) զինվորի կյանք, որոնք կարող էին հայտնվել շրջափակման մեջ, այդքան զինվորը ինչպե՞ս կարող էր հայտնվել շրջափակման մեջ, նա պատասխանեց.

«Առաջին հերթին, եթե պատերազմի մեջ ընդգրկված լիներ 25-30 հազար զինվոր, մենք իսկապես արդեն Բաքվի մատույցներում կլինեինք: Այսինքն՝ այդքան զինվոր չի ներգրավվել, ներգրավվել են փոքր պարտիզանական ջոկատներ, որոնք կազմված են եղել 40+ տարիքի տղամարդկանցից, որոշ չափով՝ մինչև 30 տարեկան հայրենասեր տղամարդկանցից, որոնք իրենց պարտքն էին համարում մասնակցել պատերազմին: Բայց անգամ եթե մենք ենթադրենք, որ եղել է 25-30 հազար զինվոր, որոնց կյանքը Նիկոլ Փաշինյանը հերոսաբար փրկել է, եկեք փաստենք, որ նա դրանով վտանգել է 3 մլն հայի կյանք: Ես չգիտեմ՝ դա համարժեք փոխանակո՞ւմ էր՝ 150 հազար բնակչությանը սարքել անտուն և անհայրենիք, և վտանգել ՀՀ ամբողջ սահմանամերձ շրջանները՝ սկսած Սյունիքից, ավարտած Տավուշով: Նա վտանգեց 3 մլն մարդու կյանք՝ «փրկելով» վիրտուալ 25 հազարի: Եթե Նիկոլ Փաշինյանի մաթեմատիկան ներում է նման հաշվարկներ, ապա ես համարում եմ, որ դա դավաճանություն էր»:

Նա անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի հայտարարած կոմունիկացիոն ապաշրջափակման հնարավորություններին, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հայտարարություններին և ընդգծեց.

«Եթե Փաշինյանին կոտրել են նրա վրա, որ՝ մենք բացելու ենք շուկաները, եթե հողերը ծախեք, ապա կարող ենք փաստել, որ, փաստորեն, հողերը ծախեցին 30 արծաթի դիմաց: Բայց մյուս կողմից ինձ համար շատ հետաքրքիր է՝ իսկ Հայաստանն ի՞նչ է արտադրում, որ կարողանա հետաքրքրել ադրբեջանական կամ թուրքական շուկային: Մենք ունենք 80 միլիոնանոց իրանական շուկան, որը չօգտագործվեց: Այն, ինչ մենք ենք արտադրում և արտահանում, ճիշտ նույնը ունեն նաև նրանք, իսկ եթե մենք ունեինք շատ ավելի հետաքրքիր բան, ապա ինչո՞ւ ենք դա արտահանում Թուրքիա կամ Ադրբեջան, եթե կարող էինք Եվրոպա արտահանել: Ես, իհարկե, հասկանում եմ, որ կարող է Menu.am-ի գրասենյակները Բաքվում, Ստամբուլում կամ Անկարայում շատ ավելի եկամտաբեր լինեն, բայց դա Հայաստանի Հանրապետության հետ որևէ կապ չունի, դա մեր տնտեսությունը որևէ կերպ չի զարգացնի, բայց հակառակը՝ դա կարող է սպանել մեր տնտեսությունը, որովհետև բերելու են լցնեն էժան ապրանքներ և սպանեն մեր արտադրությունը, իսկ պետությունը առանց արտադրության գոյություն ունենալ չի կարող»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս