«Նիկոլ Փաշինյանը 2.5 տարի ներգրավված է եղել բանակցությունների պրոցեսը կոլապսի հասցնելուն, ինչի արդյունքում պատերազմ սկսվեց». Վահե Գրիգորյան

«Ես, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը և ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը համատեղ դիմում էինք ներկայացրել Վարչական դատարան, որով վիճարկում էինք կառավարության կողմից հայտարարված ռազմական դրություն հայտարարելու որոշման մի շարք կետերի իրավաչափությունը: Առաջին մասով մենք վիճարկում էինք քննադատության արգելքը, մյուս կետով՝ հավաքների ազատության առհասարակ արգելումը: Վարչական դատարանը թույլ է տալիս կասեցնել իրավական ակտի գործողությունը մինչև դատաքննության ավարտը, և Վարչական դատարանը կասեցրեց հավաքների ազատության, ինչպես նաև քննադատական խոսքի արգելքին վերաբերող կետերը»,- 168.am«Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ժամանակ ասաց իրավաբան Վահե Գրիգորյանը՝ անդրադառնալով Վարչական դատարանի նշված որոշմանը:

Ըստ նրա՝ հավաքների ազատությունն ինքնին իրացման իրավունք է, և երբ դու հավաք ես անցկացնում, դու միաժամանակ իրացնում ես Սահմանադրության որևէ այլ հոդվածով նախատեսված իրավունք, ու արգելել իրավունքի իրացում, իրավական աբսուրդի ժանրից է:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ տխրահռչակ եռակողմ հայտարարության մեջ նշված են տարածքների հանձնման ժամկետները, իսկ գերիների վերադարձի ժամկետ՝ ոչ, Վահե Գրիգորյանը նախ խոսեց այն մասին, որ առհասարակ այդ տեքստում չէր կարելի գրել՝ «ՀՀ-ն վերադարձնում է տարածքներ», կամ «մեր Զինված ուժերը դուրս են գալիս» ձևակերպումները:

«Մեր ամբողջ դիվանագիտությունն Արցախյան հակամարտության սկզբից ուղղված էր նրան, որ այդ տարածքներն ազատագրված են, և այնտեղ ՀՀ զինուժն է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը չլինի օկուպանտ: Մինչդեռ այդ հայտարարությամբ Հայաստանի Երրորդ Հանրապետության ամբողջ դիվանագիտական աշխատանքը հօդս ցնդեց, և ՀՀ-ն, ըստ գերագույն գլխավոր դավաճանի ստորագրած հայտարարության, դարձավ օկուպանտ, ինչն էլ հանգեցնելու է ՀՀ-ի հանդեպ վնասի փոխհատուցման պահանջների ներկայացման»,- ասաց իրավաբանը:

Մյուս կողմից, նրա խոսքով՝ պետք էր հստակ ժամկետներ սահմանել գերիների վերադարձի համար, և որքան էլ անընդունելի է այդ հայտարարությունը, անգամ դրա մեջ առաջին տողում պետք է հստակ լիներ գերիների վերադարձի հարցի լուծման ճանապարհը, սակայն, երբ չկա հստակ ժամկետ նշված, այնքան էլ չես պատկերացնում, թե այդ հարցն ինչպես է լուծվելու:

Խոսելով այն մասին, որ երեկ իր գրառումներից մեկում Նիկոլ Փաշինյանն ըստ էության ակնարկել էր այն մասին, որ, եթե ինքը չլինի իշխանության ղեկին, գերիների վերադարձի հարցը չի լուծվի, Վահե Գրիգորյանն ասաց, որ առաջին անգամ չէ, որ Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ վարչապետի աթոռին կառչած այդ անձը, աբսուրդային հայտարարություն է անում:

«Ի՞նչ կապ ունի վարչապետի աթոռին իր լինել-չլինելը գերիների վերադարձի հետ: Եթե նա այդքան մտահոգված էր մեր ազնվագույն տղաների՝ գերի ընկնելու փաստով, ապա առաջինը կարող էր պայմանագրի մեջ, ինչպես արդեն նշեցի, նշել ամենամոտ ժամկետը, որի դեպքում հնարավոր կլիներ նրանց վերադարձնել»,- ասաց Վահե Գրիգորյանը՝ հավելելով, որ որքան երկար այս անպատասխանատու և դավաճանական քայլեր կատարած անձը մնա պաշտոնին, այնքան ուշ կլինի գերիների վերադարձը:

Իրավաբանը հնարավոր չի համարում Նիկոլ Փաշինյանի կողմից բանակցությունների շարունակումն այն դեպքում, երբ ամենօրյա ռեժիմով թշնամի պետության ղեկավարը ծաղրի է ենթարկում նրան:

«Որքան շուտ վարչապետի պաշտոնն օկուպացրած անձը հեռանա, այնքան ավելի շուտ կլուծվեն մի շարք խնդիրներ, այդ թվում՝ գերիների վերադարձը, որովհետև անլուրջ ղեկավարին, ում ոչ ոք լուրջ չի ընդունում, ո՞վ պետք է լսի առհասարակ»,- ասաց Վահե Գրիգորյանը:

Նրա պնդմամբ՝ այս ամենն արդյունք է այն բանի, որ Նիկոլ Փաշինյանի համար Հայաստանի հայերը թալանչիներ էին, բոլորը վատն էին, իրեն խանգարում էին, իսկ Ադրբեջանի նախագահը, ով միշտ հայատյացության գագաթնակետում է եղել, կիրթ և կառուցողական էր:

«Նիկոլ Փաշինյանը 2.5 տարի ներգրավված է եղել բանակցությունների պրոցեսը կոլապսի հասցնելուն, ինչի արդյունքում պատերազմ սկսվեց, որովհետև պատերազմ սկսվում է այն ժամանակ, երբ դադարում են բանակցությունները: Երբ Նիկոլ Փաշինյանն իրեն փորձում է ներկայացնել՝ որպես բանակցությունների գուրու, թող նա հիշի, որ, երբ ասաց՝ Շուշին եղել է բանակցությունների առարկա, նրա իսկ նշանակած արտգործնախարարը հերքեց դա և տվեց իր հրաժարականի դիմումը: Կամ Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ բանակցությունների պրոցեսից, կամ ես ավելի հակված եմ հավատալ, որ նա միտումնավոր  խեղաթյուրում է իրականությունը, և այդ կերպ հերթական անգամ է փորձում փչացնել իր հարաբերությունները ռազմավարական միակ գործընկերոջ հետ, ով պատերազմի ժամանակ մեծ օգնություն է տրամադրել Հայաստանին»,- ասաց Վահե Գրիգորյանը:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն ու միջազգային հետախուզում հայտարարելուն, Վահե Գրիգորյանն ասաց, որ այս գործընթացին գնահատական տալիս պետք է հիշել, որ տարածաշրջանում Սեյրան Օհանյանին հետապնդում են Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը:

«Մենք գործ ունենք պետական դավաճանության հետ: Եթե մինչև հիմա այս հանցակազմով գործ հարուցված չէ, ապա պետք չէ ակնկալիք ունենալ, որ Գլխավոր դատախազությունն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ քրեական հետապնդում կսկսի»,- ասաց Վահե Գրիգորյանը:

Հարցին, թե ինչ պիտի անի ՀՀ քաղաքացին ստեղծված իրավիճակում, Վահե Գրիգորյանը պատասխանեց, որ Հայաստանի և Արցախի ապագայով մտահոգ բոլոր քաղաքացիները պետք է պահանջեն Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության հրաժարականը, որովհետև միայն այդպես հնարավոր կլինի ինչ-որ բան փրկել Արցախից ու Հայաստանը չգցել լիակատար շրջափակման մեջ:

«ՀՀ քաղաքացին ունի մեկ հնարավորություն՝ փրկելու իր պետությունը, ազգին, մշակույթը, կրոնն ու ազգայինը: Դա առաջին հերթին՝ Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության հեռացումն է»,- եզրափակեց Վահե Գրիգորյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս