Բաժիններ՝

Իր հետ տարավ մի ամբողջ կյանքի երազանքներ, ինձ դարձրեց  հոգեպես մահացած. Զոհված ավագ լեյտենանտի այրի

35-ամյա ավագ լեյտենանտ, հետախույզ, բազմաթիվ պարգևների արժանացած Արտուշ Թարոյանը, ով, ինչպես պատմում են ծանոթները՝ կարողացել է հաղթահարել մի շարք դժվարություններ, անգամ 1-ամյա որդու կորստից հետո մեջքն ուղղել է, նորից պայքարել, կյանք տվել մի նոր մանկան, այս անգամ, սակայն, ցավոք, պարտվել է ֆիզիկապես, ընկել մարտի դաշտում, բայց հաղթել հոգով՝ կյանքն անմնացորդ նվիրելով հայրենիքին:

Նրա կինը՝ Վիկտորյա Թադևոսյանը, չի համակերպվում ամուսնու մահվան բոթի հետ ու ամուսնուն կրկին տեսնելու հույսը երբեք չի կորցնում:

«Արցախ գնացել են հոկտեմբերի 9-ին, ինքը հետախույզ էր, եղել է Ջաբրայիլում: Իրենց ՀՀ դիրքերից իջեցրել, նոր տարել են Արցախ: Սեպտեմբերի 28-ին տղայիս մահվան տարելիցն էր, եկավ Վայք, ու սեպտեմբերի 27-ին, երբ տղաներին տարան, ինքն այդ մի օրը հազիվ լուսացրեց, ամբողջ օրը ուշքն ու միտքը  տղաներն էին, ասում էր՝ այս հյուրերը ե՞րբ են գնալու, որ ես գնամ, հասնեմ իմ ընկերներին: Վերջին անգամ իր հետ խոսել եմ հոկտեմբերի 11-ին, ոչ մի բան չի ասել, միայն հարցրել է, թե երեխաներն ինչպես են: 30-40 վայրկյան եմ խոսել, կարևորը՝ լսել եմ իր ձայնը, իմացել եմ, որ լավ է…: Իրենք ռազմաճակատ մեկնել են 5 հոգով, ու այդ լավագույն տղաներից միայն մեկն է վերադարձել՝ վիրավորում ստացած: Պատերազմից վերադարձած տղաներից ոչ ոք չի կարողանում խոսել, պատմել..․ իրենց համար ահավոր է ուղղակի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց տիկին Վիկտորյան:

«Ինքը կյանքը շատ էր սիրում՝ ամեն ինչ, ամեն վայր… կյանքն իր մեջ էր: Նվիրված էր ընտանիքին, հայրենիքին, սիրում էր ամեն ինչ, հետաքրքրվում ամեն ինչով:

Հիշում եմ, երբ արդեն ընկերներով հավաքվել էին, որ գնային, ուրախ-ուրախ մեքենայում պայուսակներն էին տեղադրում, հարցրի՝  ինչո՞ւ եք այդքան ուրախ, չէ՞ որ պատերազմ եք գնում, պատասխանեցին, թե՝ այսպես ուրախ պետք է գնանք, որ այսպես ուրախ էլ հետ գանք…: Շատերի հետ եմ խոսում, որ իր մասին պատմեն: Զորամասի քահանան ասաց՝ դու միայն իր աչքերի փայլն ու իր ոգին տեսնեիր… աչքերից կրակ էր դուրս գալիս: Նոյեմբերի 27-ին իր ծննդյան օրն էր, երանի այս 2020 թվականը ջնջվեր մեր կյանքից․․․ Իր հետ տարավ մի ամբողջ կյանքի երազանքներ, ինձ դարձրեց  հոգեպես մահացած…: Արտուշը թողեց ինձ մի ամբողջ հարստություն՝ մեր 4 երեխաներին. 2 աղջիկ ունեմ, 2 տղա: Իմ առաջնային  նպատակն այն է, որ երեխաներս դաստիարակվեն այնպես, ինչպես ինքն էր ուզում, ստանան այն, ինչ ինքն էր ձգտում: Ցանկանում էր, որ ամեն ինչ ունենան, ամեն ինչի հասնեն: Ուզում եմ երեխաներիս դաստիարակել իր ուզածով, իր ոգով»,- հավելեց Վիկտորյա Թադևոսյանը:

Տիկնոջ փոխանցմամբ՝ Արտուշ Թարոյանի ու ընկերների մարմինները դեռ չեն բերել, երեկ՝ նոյեմբերի 27-ին, զորամասից գնացել են իրենց տուն, հեռախոսն են փոխանցել, ինչպես նաև օգնություն՝ սննդի, վառելիքի տեսքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս