Աննիկոլ Հայաստան
Քաղաքական ու հանրային հարթակներից մինչև կենցաղային քննարկումներ ու փողոցային խոսույթ՝ հոլովվում է մեկ անուն՝ Նիկոլ Փաշինյան։ Ոմանք նրան պաշտում են անկարելիորեն, որոշները կամաց–կամաց դուրս են գալիս պաշտամունքի թմբիրից, երրորդները նրան համարում են բոլոր աղետների ու չարիքների աղբյուրն ու պատճառը։
Նիկոլ Փաշինյանն իրենով լցրել է Հայաստանը։ Լցրել է այնպես ու այնքան, որ ամեն ինչ պտտվում է նրա անվան ու անձի շուրջ։ Եվ դրա հետևանքն այն է, որ մարդկանց մի խումբը նրան համարում է փրկիչ, մյուսները՝ կործանիչ։ Երկու դեպքում էլ մոտեցումը նույնն է՝ ամեն ինչ կառուցված է անձի ինստիտուտի վրա։ Իրականում դա է Հայաստանի գրեթե բոլոր խնդիրների խորքային պատճառը։
Ժողովրդավարությունն ինստիտուտների կառավարման համակարգ է։ Արդյունավետ ժողովրդավարության դեպքում անձերն են ծառայում համակարգերին ու ինստիտուտներին։ Հայաստանում ճիշտ հակառակն է եղել միշտ, շատ ավելի արտահայտիչ է դարձել այսօր՝ համակարգերն ու ինստիտուտներն են ծառայում անձի, տվյալ դեպքում՝ Նիկոլ Փաշինյանին։ Եվ Հայաստանում իրականում գործում է դասական անձնիշխանություն՝ քողարկված ինստիտուցիոնալ ժողովրդավարությամբ։ Դրա իմաստն այն է, որ անվանապես գործում են ժողովրդավարության բոլոր կառուցակարգերը՝ ազատ մամուլ, հավաքների ազատություն, բազմակուսակցություն և այլն, բայց գործնականում դրանք ունեն զրոյական գործառութային նշանակություն, քանի որ բոլոր որոշումները կայացվում են մեկ անձի կողմից, իսկ բոլոր համակարգերը գործում են մեկ անձի ցանկությունների հանգույն։
Այս տեսանկյունից արդարացված է այն մոտեցումը, որ հատկապես կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո Հայաստանը կարող է ապագա ունենալ միայն ու բացառապես Նիկոլ Փաշինյանի հեռացման պարագայում։ Բայց այդ մոտեցումների կրողները չեն պատասխանում հարցին, թե ինչո՞վ է լցվելու այսօր Նիկոլ Փաշինյանով զբաղեցված քաղաքական ու մնացյալ տարածությունը։ Չեն պատասխանում, դրա համար էլ հրապարակ է նետվում «ո՞վ, եթե ոչ՝ Նիկոլ Փաշինյանը» պարզունակ դիլեման։ Այս հարցադրումն ինքնին ծուղակային է, քանի որ ի պատասխան այդ հարցադրմանը ցանկացած անվան ու ազգանվան հնչեցում խորացնելու է փակուղային վիճակը։ Որովհետև եթե մենք իրապես ապագա ու զարգացում ենք ցանկանում Հայաստանի համար, պետք է մեկառմիշտ հրաժարվենք փրկչի մոլորությունից, բոլոր խնդիրները և բոլոր խնդիրների լուծումը անձով կամ անձերով պայմանավորելու կործանարար մոտեցումից։ Հայաստանն այս վիճակին է հասել նաև ու առավելապես անձերի պատճառով, այն պատճառով, որ մենք ունեցել ենք ոչ թե համակարգերին ծառայող անձեր, այլ հիմնականում անձերին ծառայող համակարգեր։ Հետևաբար՝ մեր խնդիրը պետք է լինի ոչ միայն, իսկ գուցե ոչ այնքան անձերի փոփոխությունը, որքան այնպիսի պայմանների ստեղծումը, որոնց դեպքում իշխանության կգան համակարգերին ծառայող և ոչ թե համակարգերն իրենց ծառայեցնող անձեր։
Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստանին հասցված քաղաքական ու բարոյական հարվածից հետո առաջին քայլն օբյեկտիվորեն «աննիկոլ Հայաստան» բանաձևի իրագործումն է։ Բայց չափազանց կարևոր է, որպեսզի տարածությունը, որը կազատագրվի Նիկոլ Փաշինյանից, լցվի ոչ թե այլ անվամբ կամ թեկուզ անուններով, այլ համակարգերով ու ինստիտուտներով, որոնց ծառայելու կգան այդ նոր անունները։ Այլապես մենք շարունակելու ենք անձերով պայմանավորված կործանարար տեղապտույտը, որի ողբերգական հետևանքները զգում ենք այսօր։
Հարություն Ավետիսյան