Թավշյա հակաստվածություն

Հպարտությունը մեղք է, յոթ աստվածաշնչյան մեղքերից մեկը, ըստ տարբեր մեկնությունների՝ առաջինը։

Քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինն  ընդունած պետությունում հպարտությունը, այսինքն՝ աստվածաշնչյան մեղքը, արդեն երկուսուկես տարի հասցվել է պետական քաղաքականության մակարդակի։ Համենայնդեպս, երկրի ղեկավարը երկուսուկես տարի շարունակ իր բոլոր հրապարակային ուղերձները սկսել և ավարտել է «ՀՀ հպարտ քաղաքացիների» առաջ խոնարհվելով։ Քաղաքացիներին դա դուր է եկել, քանի որ քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինն ընդունած ազգի ներկայացուցիչների մեծամասնությունը՝ քրիստոնեությունից հեռու լինելով այնքան, որքան քրիստոնեական մեղքը որպես առաքինություն ներկայացնող ղեկավարը, չի հասկացել, որ ամեն մի նման ուղերձով իրեն՝ ավելի մեղսավոր, փրկությունն էլ՝ ավելի անհնարին են դարձնում։

Քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինն ընդունած երկրի ղեկավարը սեփական քաղաքացիներին ուղերձ առ ուղերձ մեղքի մեջ է թաթախել՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու բարձր սպասավորների լռության, իմա՝ մեղսակցության ներքո։ Իրենց լռությամբ Ամենայն Հայոց կաթողիկոսն ու ամենայն հայոց եկեղեցականությունն օրհնել են մեղքը, հավատավոր կամ անհավատ հոտին մեղքի մեջ թաթախելու հակաքրիստոնեական վարքագիծը։ Այն հոտի, որի ո՛չ շարքային ներկայացուցիչը, ո՛չ ընտրախավի անդամը, և ո՛չ էլ կրոնական հանրույթի սպասավորն անգամ չի հանդիմանել եկեղեցու դեմ արշավները լռությամբ խրախուսող ղեկավարին այն ժամանակ, երբ վերջինս հպարտացնելով քաղաքացիներին՝ բոլորին ընկղմել է մահացու մեղքի մեջ։

Եկեղեցին շարունակում է լռել, հավատավոր կամ անհավատ հոտը՝ ըմբոշխնել հպարտության՝ վերևից պարտադրվող ականջահաճո մեղքը՝ իր հոտային անտարբերությամբ ճանապարհ հարթելով նորանոր մեղքերի իրագործման համար։

Արդեն կատարված ու այսօր տեղի ունեցող հայրենազրկման կործանարար իրադարձություններն այս լույսի ներքո դիտարկելիս՝ պատասխան է ստանում մթնոլորտում թևածող, բայց չբարձրաձայնվող հարցը՝ իսկ գուցե Աստված պատժո՞ւմ է հայ ժողովրդին։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս