«Համապարփակ ու ճշգրիտ տեղեկատվության համար խնդրում եմ սպասեք պաշտոնական հայտարարության». Արցախի ԱԳՆ ներկայացուցիչը՝ Բերձորի և այլ բնակավայրերի ճակատագրի մասին

Նոյեմբերի 10-ի եռակողմ պայմանագրի համաձայն, Արցախի մի շարք բնակավայրեր, որոնք պատերազմի ողջ ընթացքում հայկական ուժերի վերահսկողության տակ էին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնեց թշնամուն և մինչև դեկտեմբերի 1-ը պայմանագրով նախատեսված բոլոր կետերը նա պետք է իրականություն դարձնի։ Սակայն այս ընթացքում եղան նաև դեպքեր, երբ պայմանագրից դուրս մի շարք բնակավայրեր նույնպես հանձնվեց թշնամուն, որոշների ճակատագիր էլ դեռ անհայտ է՝ բնակիչները չգիտեն՝ հեռանա՚՞ն իրենց բնակավայրերից, թե՞ ոչ, պատկան մարմիններից որևէ մեկը նրանց հստակ պատասխան չի տալիս։

Օրինակ, մինչև օրս Բերձորի բնակիչները չգիտեն՝ լքե՞ն այն, թե՞ ոչ, ի դեպ, այստեղով է անցնում Արցախը Հայաստանին կապող միջանցքը։ Արդեն մի քանի օր է՝ տարբեր հայտարարություններ են հնչում, որ Բերձորն անցնելու է թշնամուն, իսկ որոշ ժամանակ անց հնչում են այլ հայտարարություններ, թե այն մնալու է հայկական, օրեր առաջ էլ բնակիչներին կոչ էին արել աստիճանաբար հավաքել իրենց իրերը և մինչև նոյեմբերի 30-ը լքել տները։ Ավելին՝ նույնիսկ եղել էին բնակիչներ, որոնք հավաքել էին իրենց իրերը և տները հրդեհել՝ թշնամուն չթողնելու համար։

Այսպիսով՝ մինչև օրս հստակ ու պաշտոնական տեղեկատվություն չկա, թե, ի վերջո, ինչ է լինելու Բերձորի ու նրա բնակիչների ճակատագիրը։

168.am Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանից հետաքրքրվեց, թե իրենց համար հստա՞կ են սահմանային բնագծերը, թե ո՛ր հատվածն է մնում հայկական զորքերի հսկողության տակ, որ մասը՝ թշնամու, մասնավորապես՝ Բերձորի ճակատագիրը հայտնի՞ է։

«Համապարփակ ու ճշգրիտ տեղեկատվության համար խնդրում եմ սպասեք պաշտոնական հայտարարության, երբ այն լինի։ Ճիշտը դա է, որպեսզի համապարփակ ու ճշգրիտ լինի ինֆորմացիան։ Քաշաթաղի շրջանն ունի վարչակազմի ղեկավարություն և կա Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման նախարարություն, խնդրում եմ սպասեք պաշտոնական հայտարարության, իմ համոզմամբ, օպերատիվ կապը պետք է որ լինի, կա այդ կապը շատ կառույցների միջև»,- եզրափակեց Արտակ Ներսիսյանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին հրապարակվել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը, որով դադարեցվում է Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։ Պատերազմի ավարտի ու կրակի դադարեցման մասին համաձայնագրում նշված է` պատերազմող երկու կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ կանգնած են, Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը, մինչև դեկտեմբերի մեկը՝ Բերձորի շրջանը, թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք, որն ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ Արցախում տեղակայվելու են ռուս խաղաղապահներ։ Այնուհետև ՌԴ-ի միջնորդությամբ Քարվաճառի հանձնումը երկարաձգվեց 10 օրով՝ մինչև նոյեմբերի 25-ը։ Նոյեմբերի 25-ին՝ Քարվաճառն ազատագրող Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը, այնտեղից դուրս բերվեցին հայկական զորքերը։

Եռակողմ համաձայնագրի արդյունքում նաև՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար։ Նաև՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ:

Տեսանյութեր

Լրահոս