«Խոսակցություններ են շրջանառվում, որ Քաշաթաղի ղեկավարը կլինի ադրբեջանցի, և հայերը կարող են ապրել այնտեղ, չկա վստահելի պաշտոնատար անձ, որ այս տեղեկությունները ճշտի». Էդմոն Մարուքյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ վարչապետի հրաժարականի հարց կարող է լինել, սակայն անվստահություն հայտնելու գործընթաց հնարավոր չէ անել. «Մենք նման նախագիծ չունենք, և հետևաբար՝ իշխանությունը չպետք է սարսափի այդ գաղափարից: Երբ հանեն ռազմական դրությունը, դա էլ կքննարկենք, ավելին ասեմ՝ մենք ԲՀԿ-ի հետ 1/3-րդ ստորագրություն էլ չունենք, որ նման ահ ու սարսափի մեջ են, հետևաբար՝ այդ հարցը հիմա անտեղի է շահարկելը: Այո, ընդդիմության գործիքները միշտ պետք է գործեն և որևէ ռազմական դրություն դրան չպետք է խանգարի, բայց այս պահին մենք նման բան չենք անի»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Ինչ վերաբերում է ռազմական դրությունը պահպանելու վերաբերյալ իշխանական պատգամավորների բացատրություններին, մասնավորապես՝ Անդրանիկ Քոչարյանի, որ կյանքն է ստիպում ռազմական դրությունը պահպանել, Էդմոն Մարուքյանը նկատեց՝ դե, կյանքը նրանց շատ բան կարող թելադրել, քանի որ նրանց վիճակը վատ է, և այսօր քննարկում են կյանքը ռազմական դրության ժամանակ, որն արդեն դառնում է անտանելի:
Էդմոն Մարուքյանը նաև արձագանքեց ՀՀ նորանշանակ արտգործնախարար Արա Այվազյանի հայտարարությանը, որ հայկական կողմը պարտվել է ոչ թե դիվանագիտական, այլ ռազմի դաշտում:
«Ես մեր դիվանագիտության հետ որևէ հույս չեմ կապում, որի ղեկավարն այս անձն է: Եթե այդ մարդը չգիտի, որ պատերազմը սկսվում է այն ժամանակ, երբ դիվանագիտությունը պարտվում է, ես որևէ ակնկալիք ու սպասում չունեմ այդ մարդկանցից, կոնկրետ այդ անձից»,- շեշտեց նա:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի և իշխանական շրջանակների այն հայտարարություններին, որ հանրության այն հատվածը, որը չի միանում ընդդիմության կոչերին, կամ չի ուզում, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա, կամ էլ համաձայն են նոյեմբերի 10-ին ստորագրած եռակողմ համաձայնության հետ, Էդմոն Մարուքյանն ասաց, որ առաջարկում է վստահության հանրաքվե անցկացնել, այլ առաջարկ չունի:
Հարցին՝ չի՞ պատրաստվում միանալ փողոցում պայքարի դուրս եկած քաղաքական ուժերին, Էդմոն Մարուքյանը պատասխանեց, որ իրենք էլ իրենց պայքարի ձևերն ունեն, ամեն ինչ քննարկում են և ամեն ինչ պատրաստվում են անել:
«Երկրում անիշխանություն է, որի մասին ես շուրջ 15 օր խոսում եմ, և դա է պատճառը, որ մեզ նաև պետք են վստահելի իշխանավորներ և պետական ինստիտուտներ: Այն, ինչ տեղի է ունենում, բոլորի պատճառն այն է, որ ՀՀ վարչապետի պաշտոնում շարունակում է մնալ Նիկոլ Փաշինյանը: Օրինակ, Քաշաթաղի բնակիչները տոտալ անորոշության մեջ են, և իրենք դեռ չգիտեն՝ պե՞տք է ապրեն, թե՞ ոչ այնտեղ: Այսպիսի խոսակցություններ են շրջանառվում, որ այնտեղի ղեկավարը կլինի ադրբեջանցի, և հայերը կարող են մնալ ու ապրել, ամեն ինչ այսպիսի խոսակցությունների տիրույթում է, չկա մի վստահելի պաշտոնատար անձ, բացի ընդդիմադիրներից, որ այս տեղեկությունները ճշտի: Ինչպե՞ս է ստացվում, որ Քարվաճառի հանձնման վերջնաժամկետ ունենք, իսկ գերիների հանձնման վերջնաժամկետ չունենք, այդ ինչպե՞ս են ստորագրել: Պետք է հրաժարական տան, նոր իշխանություն ձևավորվի, որը կկարողանա գերիների փոխանակման հարցով զբաղվի, երկիրը, տնտեսությունը կայունացնի, զինված ուժերը հզորացնի»,- ընդգծեց նա: