Աղետն այն է, որ ձեզ ձեռք են առնում, բայց դա ձեզ դուր է գալիս
«Ո՞վ է հող հանձնել… Տարածքները կորսվել են կռվի դաշտում…Պատերազմ է եղել»,- երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում՝ Պետրոս Ղազարյանի տաղավարում ասաց Ազգայի ժողովի (ԱԺ) փոխնախագահ Լենա Նազարյանը:
Ողբերգությունն այն չէ, որ ԱԺ փոխխոսնակը նման բան է ասել, այլ այն, որ այսօր առավոտից առնվազն ՀՀ մայրաքաղաքի փողոցները հեղեղված չեն մարդկանց հոծ բազմությամբ, ովքեր տիկին փոխխոսնակին գոնե հետևյալ հարցը կուղղեին՝ «Իսկ պատերազմո՞ւմ են կորսվել Ակնան, Քաշաթաղը, Քարվաճառն ու Բերձորը»:
Բայց Երևանի փողոցները հանդարտ են, ասես ոչինչ չի եղել: Հատուկենտ բողոքի ակցիաներ են ու հացադուլավոր մի խումբ անձինք, ովքեր իրենց առողջությունն են վտանգում՝ վստահաբար շատ լավ հասկանալով, որ իրենց պահանջի հասցեատերը որևէ կերպ չի արձագանքելու այդ պահանջին:
Հարցազրույցում հնչած մյուս մտքերին չենք անդրադառնում, սակայն նշենք, որ այն պետք է լսեն Լենա Նազարյանին ԱԺ փոխխոսնակի մանդատ տված հանրությունը, պարտադիր և ամենօրյա ռեժիմով, առնվազն մի քանի օր: Միգուցե այդ ժամանակ կգիտակցեն աղետի այն ծավալները, որ իրենց քվեով բերել են Հայոց պետականության գլխին:
Առավոտյան պաշտոնական տեղեկատվություն հրապարակվեց այն մասին, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ իր գրասենյակի աշխատողները հոկտեմբեր ամսին պարգևավճար են ստացել:
««Ղեկավարվելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասով և «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 23-րդ մասով՝
Հոկտեմբեր ամսվա ընթացքում կատարած բարեխիղճ աշխատանքի համար դրամական պարգևատրմամբ խրախուսել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի աշխատողներին՝ Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերի «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածի միջոցների հաշվին՝ համաձայն հավելվածի»,- ասված է Ավինյանի որոշման մեջ»,- նշված էր ԶԼՄ-ների տարածած կառավարության որոշման մեջ:
Սրան հաջորդած հասարակական աղմուկից հետո Ավինյանի խոսնակ Վահան Հունանյանը պարզաբանում է տարածում, որում ասում է, որ գրասենյակի 19 աշխատակիցներից պարգևատրվել են 2-ը, ովքեր հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին փոխվարչապետի հետ գտնվել են Արցախում և հրազենային վիրավորում են ստացել Շուշիում:
Հիմա մեկ անգամ էլ ուշադիր նայեք կառավարության հրապարակած տեքստը. այն որևէ կապ ունի՞ հնչած պարզաբանման հետ:
Ու սրանից հետո սրան վստահաբար ողջ թիմով սպասող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության խոսնակ Վահագն Ալեքսանյանը իր ֆեյսբուքյան էջում հեգնախառն գրառում է կատարում, որում նշում է պարգևավճարների վերաբերյալ լուրը տարածած լրատվամիջոցների անունները՝ ըստ էության իր լսարանի համար թիրախավորելով նրանց, բայց փակ է պահում մեկնաբանությունների հատվածը, որ մարդիկ չկարողանան պատասխանել իր գրառմանը: Ի՜նչ խոսք, շատ կրեատիվ են:
«Հարգելի NEWS.am, hraparak.am, 168 Hours, PARA TV
և այլ լրատվականների աշխատակիցներ, վստահ եմ, որ պարգևավճարների մասին հոդվածները գրելուց հետո տեսել եք նաև փոխվարչապետի խոսնակի այս գրառումը։ Վստահ եմ, որ հարգելով վիրավորում ստացած տղաների սխրանքը՝ կտպեք նաև սա՝ այդպիսով ազատելով նրանց էն ատելության չափաբաժնից, որ ստացան նրանք ձեր մեկնաբանություններում»,- գրված է ՔՊ-ականների խոսնակի գրառման մեջ, որին որպես հավելում՝ կցված է Ավինյանի խոսնակ Վահան Հունանյանի «պարզաբանումը»:
ՔՊ խոսնակին ուզում ենք տեղեկացնել, Վահան Հունանյանի ֆեյսբուքյան էջը «Աստվածաշունչ» չէ, որ գրելուց 5 րոպե հետո բոլոր լրատվամիջոցները տեսած լինեին ու հրապարակեին:
Գոյություն ունի պաշտոնական հրապարակում, հաղոորդագրություն, պարզաբանում, որը պետք է տեղադրված լինի համապատասխան կայքում ու ուղարկված լինի լրատվամիջոցներին, ինչը չեք արել: Եվ եթե արձագանք եք ակնկալում, բաց պահեք Ձեր գրառման մեկնաբանությունների հատվածը. Հաստատ շատ հետաքրքիր բաներ կիմանաք ձեր ու ձեր փնթի աշխատաոճի մասին:
Բայց նույնիսկ սա ոչինչ չի ասի ամեն ինչ վարդագույն ակնոցներով տեսնող զանգվածին, ում հաստատ կբավարարի Վահան Հունանյանի «պարզաբանումը»:
Այս հատվածի՝ մտածելու համար պատասխանատու ուղեղի կենտրոնը անմիջականորեն կապված է ստամոքսի հետ, և երբ սրընթաց գահավիժող տնտեսության դառը հետևանքները նրանք իրենց մաշկի վրա կզգան՝ չզսպվող թանկացումների, աշխատատեղերի կրճատումների, թոշակների-աշխատավարձերի ուշացումների տեսքով, միգուցե ինչ-որ նյարդ կշարժվի նրանց մոտ:
Սարսափելի է, երբ որակյալ, արժանապատիվ երթևեկության համար նախատեսված տրանսպորտային համակարգ ունենալու համար տրանսպորտի գինը 50 դրամ կամ էլեկտրաէներգիայի գինը 6 դրամ թանկացնելու համար Երևանի փողոցները զօր ու գիշեր հեղեղած, փակած, ցույցեր անող, իշխանություններին «թաղող» «ժողովուրդը» այսօր համակերպվում է հայրենիքի կորստի հետ: Բայց սա է այն իրականությունը, որում մենք այսօր ապրում ենք, և դրա համար էլ Նիկոլ Փաշինյանն այսօր իրեն թույլ է տալիս ասել, որ իր հրաժարականի հանրային պահանջ չկա:
Մենք հայտնվել ենք մի իրականության մեջ, երբ ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարն ու ողջ ղեկավար կազմը խայտառակ կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից հետո հրաժարական են տալիս, երբ դրանից հետո նշանակված Արտաքին գործերի նախարարը, բացի պլանային մեկ-երկու զանգից ու հանդիպումից, այս իրավիճակում որևէ քայլ չի ձեռնարկել, այսօր ասում է, որ ռազմադաշտում ունեցել ենք ձախողում, բայց դիվանագիտության մեջ՝ ոչ:
Եվ վերջում… Այսօր լրացավ ուղիղ երկու տարի այն օրից, երբ «Երկրապահ կամավորականների միության» (ԵԿՄ) նախագահ Սասուն Միքայելյանն ասաց, որ իրենց կատարած հեղափոխության հաղթանակն ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտում տարած հաղթանակը:
Այսօր Սասուն Միքայելյանի հովանավորյալը՝ Մեսրոպ Մեսրոպյանը, դարձավ Կոտայքի մարզպետ: Այն Մեսրոպ Մեսրոպյանը, ում ֆեյսբուքյան էջի կարգախոսն է «Հավատքս ՀԱՅ-ն է, պաշտամունքս ՀԱՅԱՍՏԱՆ-ը», և ում ընկերը նրա մասին այսօր ասում է՝ մի օր լևոնական էր, մեկ այլ օր՝ սէֆիլյանական, այսօր արդեն՝ նիկոլական: