Շահումյանի Ականաբերդ գյուղում շարունակում են աշնանացանը, Չարեքտարում վերականգման ծրագրերն են օրակարգում
Արցախի Շահումյանի շրջանի Չարեքտար և Ականաբերդ համայնքերի ղեկավարները «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատել են որ այս գյուղերն ամբողջությամբ մնում են Արցախի սահմաններում:
Մասնավորապես՝ Չարեքտարի համայնքի ղեկավար Կամո Ցականյանը տեղեկացրել է, որ ՀՀ Հրազդան Ծաղկաձոր և Չարենցավան քաղաքներում հանգրվանած գրեթե բոլոր չարեքտարցիները հետաքրքրվել և դիմել են կրկին գյուղ վերադառնալու համար:
«Պատերազմի ավարտից հետո տեղեկություն ստացանք, որ գյուղը Շահումյանի մյուս բնակավայրերի հետ անցնելու է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության ներքո: Տղամարդկանց մեծ մասը առաջնագծում են եղել: Չարեքտարցիների հեռանալուց հետո գյուղը մեծամասամբ թալանվել է, իսկ տները հրդեհվել են: Մոտ 55 առանձնատնից միայն 10 տոկոսն է պահպանվել: Երեկ եմ եղել գյուղում: Ներկայումս Ստեփանակերտում եմ, որպեսզի իրավասու կառույցների հետ քննարկենք գյուղի վերականգնման ծրագրերը»,-մանրամասնել է Չարեքտարի գյուղապետը՝ հավելելով որ վաղվանից առավել հստակ տեղեկություններ կունենան գյուղի վերականգնման վերաբերյալ:
Ականաբերդ համայնքի ղեկավար Համլետ Սայիլյանը նույնպես հաստատեց, որ բնակավայրը մնացել է Արցախի սահմաններում: Նա տեղեկացրեց, որ գյուղի բոլոր՝ 550 առանձատներն ու բնակիչների ունեցվածքն ամբողջությամբ անվնաս են մնացել:
«Ներկայումս իրավասու կառույցների հետ քննարկում ենք գյուղի զարգացման ծրագրերը: Նպատակ ունենք վերանորոգել նաև այն 7-8 առանձատները, որոնց սեփականատերերը վաղուց չեն բնակվում: Ցանկանում ենք հնարավորինս մեր գյուղում տեղավորել նաև հարևան համայնքերի բնակիչներին: Կառավարության կողմից ստացել ենք շինանյութ և պահեստավորել: Միայն աշխատուժի խնդիր կա վերանորոգման աշխատանքերը սկսելու համար: Գյուղում ներկա պահին մոտ 200 բնակիչ կա, որոնք զբաղված են աշնանացանով»,-ասաց գյուղապետը՝ մանրամասնելով, որ կառավարության կողմից աշնանացանի համար անհատույց կարգով աջակցություն է տրամադրվում հողօգտագործողներին՝ ցորենի գարու սերմացու և դիզվառելիք:
Համայնքի ղեկավարը ականաբերդցիներին կոչ է անում վերադառնալ և շենացնել իրենց գյուղը: Նրա խոսքով Ականաբերդում ներկա պահին կանոնավոր են գործում էլեկտրամատակարարումն ու հեռախոսակապը: Աշխատանքեր են տարվում նաև համացանցային կապի վերականգնման ուղղությամբ:
«Գյուղից մի ասեղ անգամ չի պակասել: Տղամարդիկ մնացել են և հսկել: Վերադառնալու դեպքում մեր բնակիչները ոչ մի խնդիր չեն ունենա՝ ոչ ջեռուցման ոչ անվտանգության: Իմ աչքով եմ տեսել ու վստահեցնում՝մեր զորքը կանգնած է սահմանին»,-հավաստիացնում է համայնքապետը՝ կրկին հորդորելով ու կոչ անելով համագյուղացիներին վերադառնալ և տեր կանգնել իրենց օջախներին և ունեցվածքին: